Այն մարդիկ, ովքեր ուզում են լսել մեզ՝ կլսեն, ովքեր ուզում են տեսնել Արցախը՝ կտեսնեն. Արցախի նախագահ
«Այս օրը մեր հիշողության մեջ կմնա որպես օր, երբ 10 ամիս շրջափակման հետևանքով, այնուհետև 4 ամիս լիակատար պաշարումից հետո ադրբեջանական կողմը դիմել է ռազմական ագրեսիայի, որի հետևանքով ունեցել ենք զոհեր, տուժածներ: Այսօր մեր հարգանքի տուրքն ենք մատուցել մեր նահատակներին, մեր զոհերին, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը, իրենց ընտանիքները»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Եռաբլուր պանթենում:
Սամվել Շահրամանյանը նշեց, որ անցյալ տարի այս օրը սկիզբ առած Արցախում ռազմական գործողությունների արդյունքում բնակչությունը ստիպված է եղել լքել իր հայրենիքը. «Մենք մշտապես մեր հիշողություններում ունենալու ենք այն նվիրյալների անունները, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը և հնարավորություն են ստեղծել, որպեսզի 100 հազարից ավելի բնակչություն հնարավորություն ունենա դուրս գալ շրջափակումից և խուսափել Ցեղասպանությունից»:
Արցախի նախագահը նշեց, որ մեծ ցավով է լսում այդ թվում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «Արցախցիները հյուր են ՀՀ-ում», «Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը ՀՀ հաղթանակն է» և այլն. «Ես մեծ կասկածներ ունեմ, որ ՀՀ կառավարության բոլոր անդամներն են այդպես մտածում և ՀՀ ժողովուրդն է այդպես մտածում: Ես ոչինչ չունեմ ասելու այդ մարդկանց: Իմ կարծիքով՝ իրենք պետք է պատասխան տան ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ձևավորել են իշխանությունները և այդ հարցը պետք է ուղղել հենց իրենց»:
Նա հորդորեց չտրվել տեղեկատվական տեռորին․ «Մինչև ՀՀ-ում չկարգավորվի տեղեկատվական դաշտի գործունեությունը, լրագրողական գործունեությունը, սոցցանցերում տարածվող տեղեկությունների համար պատասխանատվությունը…. Ես ուզում եմ դիմել ԱԺ-ին, Դատախազության, ուժային կառույցներին՝ ձեռնամուխ լինել այնպիսի օրենսդրական փոփոխություններին, որը հնարավորություն կտա պաշտպանված լինել ՀՀ բոլոր քաղաքացիներին և ՀՀ-ում ապրող բոլոր անձնանց»,-ասաց նա ընդգծելով, որ միայն իշխանության յուրացման խմբի վերաբերյալ տարածված տեղեկատվության մեջ չէ արցախցիների անունը շրջանառվում, նրանց վերաբերյալ տեղեկություններ են տարածում նաև ֆինանսական, ծանր հանցագործությունների վերաբերյալ:
Նա հորդորեց ՀՀ ուժային կառույցներին բացահայտել այդ տեղեկատվությունների իսկությունը և հավաստի լինելու դեպքում տալ իրավական գնահատական:
Հարցին՝ արդյո՞ք ճիշտ է Արցախի լուծարումից հետո շարունակել մնալ Արցախի նախագահի պաշտոնում, նա պատասխանեց. «Ձեր հարցին բազմիցս հնարավորություն եմ ունեցել պատասխանել, նորից չեմ ուզում անդրադառնալ դրան: Այն մարդիկ, ովքեր ուզում են լսել մեզ՝ կլսեն, ովքեր ուզում են տեսնել Արցախը՝ կտեսնեն: Այն մարդիկ, ովքեր չեն ուզում, ուզում եք՝ այս հարցին 10-20 անգամ պատասխանեմ, մեկ է՝ այդ նույն հարցերը դուք շարունակելու եք պնդել և տալ: Իրավական առումով ձեր հարցը հիմնավորված չէ»: