Այն, ինչ փորձում է Ադրբեջանը ստանալ քարոզչական տիրույթում, մեր բոլորի խայտառակությունն է. ակցիա
Գլխավոր » Լրահոս » Այն, ինչ փորձում է Ադրբեջանը ստանալ քարոզչական տիրույթում, մեր բոլորի խայտառակությունն է. ակցիա

Այն, ինչ փորձում է Ադրբեջանը ստանալ քարոզչական տիրույթում, մեր բոլորի խայտառակությունն է. ակցիա

Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակություններ։

Երեկ ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչները, կուսակցականները բողոքի ակցիա  իրականացրեցին «Դվին» համալիրի մոտ, որտեղ գտնվում են պատվիրակության անդամները։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին ուշադրություն դարձնել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցին։

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը կոչ արեց օտարերկրյա պաշտոնյաներին բացել աչքերը, խոսել ալիևյան տեռորիստական ռեժիմի մասին, խոսել հայ ռազմագերիների վերադարձի մասին։

«21-րդ դարում ոտնահարավում են մարդու իրավունքները, խրախուսվում են տեռորիստական գործողություններ։ Կոչ ենք անում վերջ տալ երկակի ստանդարտներին, վերականգնել մարդու իրավունքները։ Եվրամիության բոլոր ներկայացուցիչները, պատկան մարմինները պետք է խոսեն այսօր անազատության մեջ գտնվող հայ ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ապօրինի, անմարդկային ձևով Բաքվում պահելու խնդիրների մասին։

Ալիևի տեռորիստական քայլերը պետք է սանկցիաների, քննադատությունների ենթարկվեն»,- ասաց Հ. Դանիելյանը։

Ակցիայի մասնակիցները պահում են Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների լուսանկարներն ու գոռում են՝ «Ազատություն»։

Լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց. «Հայաստանի կառավարությունը ոչինչ չի անում մեր գերիների վերադարձի համար, նաև Հայաստանի Ազգային ժողովը  մերժեց ընդդիմության նախաձեռնությունը COP 29-ին ընդառաջ հայտարարություն տարածել մեր տղաների վերադարձի մասին։ Իրենց հայի կյանքը չի հետաքրքրում։

Հայ մարդիկ գերի են պահվում Ադրբեջանում։ Դրա մասին չխոսելը, լուռ մնալն ու բոլոր միջոցները չօգտագործելը նրանց վերադարձնելու համար, իմ կարծիքով, սրիկայություն է։

Այն, ինչ փորձում է Ադրբեջանը ստանալ քարոզչական տիրույթում, մեր բոլորի խայտառակությունն է։

Պետք է անհատական սանկցիաներ կիրառվեն Ալիևի կլանի նկատմամբ։ Բոլորս հասկանում ենք, որ Ադրբեջանը հասկանում է բացառապես այդ լեզուն»։

Ըստ նրա, իրենք օգտագործում են այս առիթը, որ մի շարք երկրների խորհրադարանների ղեկավարներ գտնվում են Հայաստանում, ուզում են նրանց ուշադրությունը հրավիրել   հայ գերիների ազատ արձակման գործընթացի վրա, քանի որ առանց միջազգային հանրության ճնշման դա շատ դժվար կլինի անել, նաև ուշադրություն հրավիրել Հայաստանում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացներին։

1