«Այն երեխաների ձայնն է, որոնց մանկությունը կանգ առավ թնդանոթի ձայնի տակ...»
Գլխավոր » Լրահոս » «Այն երեխաների ձայնն է, որոնց մանկությունը կանգ առավ թնդանոթի ձայնի տակ...»

«Այն երեխաների ձայնն է, որոնց մանկությունը կանգ առավ թնդանոթի ձայնի տակ…»

Այսօր ամբողջովին հայաթափ Արցախը բոլորիս մտքում է, կանչում է իր տիրոջը։ Ծանր իրողությունը տանջում է և ստիպում՝ արցախցին հնարավորինս միասին լինի՝ անկախ ՀՀ որ տարածքում է բնակվում, թեկուզ՝ արտերկրում։ Այս առումով կարևոր է՝ հաճախակի կազմակերպվեն մշակութային, հոգևոր միջոցառումներ։

Հունիսի 2-ին Երևանում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում, կայացավ «Արցախի երեխաները հանուն աշխարհի երեխաների իրավունքների» խորագիրը կրող համերգը։ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը, որը, ցավոք, գրեթե 2 տարի է՝ այլևս չի գործում իր ծննդավայրում, 2023թ․ հունիսի 15-ին շրջափակման դաժան պայմաններում պատվով ու հպարտությամբ նշել է հիմնադրման 85-ամյակը: Այժմ Երևանում գործող «Կոմիտասի անվան մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) այս դպրոցի իրավահաջորդն է և շարունակում է աշխատել իր նախկին ու նաև նոր սաների հետ։ Նույն ՀԿ-ի նախաձեռնությամբ, ուսուցիչների ու սաների մասնակցությամբ էլ կայացավ խորհրդանշական համերգը։

Երեկոն բացեց ու ներկաներին ողջունեց լրագրող ու հաղորդավար Լիաննա Ադամյանը։ Նրա առաջարկով ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան բոլոր պատերազմներում, ՀՀ սահմանները պաշտպանելիս նահատակված քաջորդիների հիշատակը։

Դահլիճում ներկա էին հերոսածին մայրեր, հարազատներ կորցրածներ, երաժիշտներ, մշակութային գործիչներ, ծնողներ, հյուրեր։

Երևանյան հինգերորդ, իսկ ՀՀ-ում 7-րդ (Դիլիջանում մասնակցել են փառատոնների) համերգը սկսվեց «Հորովել» երգով։ Այնուհետև էկրանին ցուցադրվեց դպրոցի մասին պատմող տեսաֆիլմ։

Երևանում առաջին համերգը կայացել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, երկրորդը՝ Կ. Սարաջյանի անվան դպրոցում։ Ստեփանակերտցիներին աջակցել է Էռնեստ Պիչիկյանը, որի հետ տարիներ շարունակ համագործակցել են «Արտ Մյուզիք» մրցույթ-փառատոնի շրջանակում։ Երրորդը Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում էր, չորրորդը՝ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի աջակցությամբ։

Իր ողջույնի խոսքում Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանն ասաց․ «Այսօր հավաքվել ենք նշելու ոչ միայն երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, այլև՝ միասին ուժեղացնելու մի շատ կարևոր ձայն՝ Արցախի երեխաների ձայնը, որը ծնվել է ցավի միջով, բայց խոսում է հույսի լեզվով։ Դա այն երեխաների ձայնն է, որոնց մանկությունը կանգ առավ թնդանոթի ձայնի տակ, ովքեր ստիպված եղան թողնել իրենց տները, խաղալիքները, ընկերներին․․․ բայց չթողեցին երազել․․․»։ Ներկայացրեց 85-ամյա դպրոցի հաջողությունները՝ ցավով հավելելով․ «․․․Բայց այսօր այդ դպրոցի դռները փակ են։ Այն վայրում մութ է, և այդ մթության մեջ ես զգում եմ մեծ պատասխանատվություն, որովհետև հենց այդ դպրոցի վերջին տնօրենն եմ ու պարտավոր եմ հիշել բոլոր նրանց, ովքեր կերտել են այդ տունը․․․»։

Շնորհակալություն հայտնեց Երևանում իրենց օգնող, սատարող բոլոր կառույցներին, անհատներին։ Իրենց վստահելու և բեմը տրամադրելու համար երախտագիտություն հայտնեց ՀԲԸՄ-ին և «ԿարիԹաս Հայաստան» կազմակերպությանը։ Տեղեկացրեց՝ հաջորդ համարը՝ «Վալս»-ը, որ հնչեց դպրոցի սաներից Վլադիմիր Գալստյանի կատարմամբ, նվիրված էր դպրոցի նախկին տնօրեն, կոմպոզիտոր, ակորդեոնահար Էդուարդ Ղազարյանի հիշատակին։

Համերգի ընթացքում եղան տարբեր կատարումներ, երաժշտական տարբեր գործիքներով, հնչեցին երգեր՝ հիմնականում համաշխարհային ճանաչում ստացած դասական գործեր, ինչպես նաև՝ արցախյան բանահյուսությունից։ Համերգը եզրափակվեց  Լիլի Գրիգորյանի «Ապրել խաղաղ» երգով, որը կատարվեց բոլոր սաների, այդ թվում փոքրիկների մասնակցությամբ։ Հնչեց նաև Հայոց բանակի Օրհներգը։

Բոլոր երեխաները կազմակերպիչների կողմից նվերներ ստացան։ Համերգի ընթացքում փոքրիկներն Արցախյան պատկերներ էին նկարել և նվիրեցին հանդիսատեսներին։

Ներկաներին ողջունեցին ու Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի անցած ուղու մասին ներկայացրեցին ԱՀ մշակույթի նախկին նախարար, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Մշակութային ժառանգության փորձագետ, ԵՊՀ դասախոս Արմինե Տիգրանյանը, ծնողներ։

Բոլորի խոսքում կար տուն վերադառնալու հավատ։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

1