Այլեւս ոչ մի քայլ` արցախցին ամբողջությամբ խմել է հայրենիքից դուրս գալու դառնությունը, վերջին կաթիլը 44-օրյա պատերազն էր. Արցախի հերոսը Արցախի ապագայի եւ առկա իրավիճակի մասին

«1991-1992թթ.-ին Ստեփանակերտ քաղաքում ընդամենը երեք խողովակից էր ջուր գալիս, այդ նույն ժամանակահատվածւմ արցախցին ե՛ւ կռվում էր, ե՛ւ ռմբակոծության տակ էր, ե՛ւ քսան սանտիմետր սառույցի վրա կանգնած ջրի հերթ էր կանգնում` տուն ջուր հասցնելու համար: Այնպես որ գազ անջատելով, դիրքերից ահաբեկելով՝ արցախցուն չեն խեղճացնի: Մեզ միայն կարող են խեղճացնել մեր մայր Հայաստանից եկած թիկունքային հարվածները: Արցախցուն նյութական, ֆիզիկական ցավերը չեն խոցում, մեզ խոցում են հոգեկան ցավերը, մեզ խոցում է մայր Հայաստանի կողմից առկա անտարբերությունը, այ դա է մեզ ցավեցնում, ինչ-որ տեղ խեղճացնում»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Արցախում առկա իրողություններին եւ արցախցու կամքի ուժին՝ ասաց Արցախի ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Ժաննա Գալստյանը՝ ընդգծելով.
-Թե չէ արցախցին սրանից վատ օրեր է ապրել ու գոյատեւել, արցախցին միշտ պայքարելով է ապրել: Ու հիմա, առավել քան երբեւէ մեք ամուր կառչած ենք մեր հողից, հիմա, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ այլեւս ոչ մի արցախցի ոտքը Արցախից դուրս չի հանի, ինչքան է սպառնան, ահաբեկեն: Որովհետեւ արցախցին, բառի ուղիղ իմաստով, ամբողջությամբ խմել է հայրենիքից դուրս գալու դառնությունը, վերջին կաթիլը 44-օրյա պատերազն էր: Մենք ամեն ինչ անելու ենք, որ մնանք մեր հողում: Ես Ձեզ ավելին ասեմ, որ հիմա կրակում են, մեզ սպառնում են` Ձեզ ինչ է թվում մենք չենք կարո՞ղ նույն կերպ պատասխանել, իհարկե կարող ենք: Պարզապես մենք հարգում ենք ռուսական զորքի առկայությունը, չենք ուզում իրենց համար անհարմար իրավիճակ ստեղծել, որ խաղաղապահների լեզուն, այսպես ասած, կարճացնենք: Դժվար է, բայց պայքարում ենք, կարեւորը պայքարելու ոգին կա ցանկացած արցախցու հոգում:
-Տիկի՛ն Գալստյան. ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հարցազրույց է տվել «Իրավունքին»-ին, որի ընթացքում անդրադարձ է եղել արցախցիների խնդիրներին։ Ինչպես միշտ իշխանության ներկայացուցիչը իր հարցազրույցում «երկիրը քանդելու մեջ» մեղադրել է նախկիններին, այ իսկ Արցախի ու արցախցիների նկատմամբ ունեցած ատելությունը չի էլ փորձել թաքցնել։ Ի՞նչ կասեք այս մասին:
-Կներեք, բայց Գագիկ Մելքոնյանն առհասարակ ո՞վ է, որ ես նրա ասածները մեկնաբանեմ: Գագիկ Մելքոնյան կոչվածը առհասարակ ինչպիսի գեներալ եղել է միշտ, այդպիսի պատգամավոր, քաղաքացի ու հայ է նաեւ այսօր: Թեեւ նա ինձ համար ո՛չ հայ է, ո՛չ գեներալ է, ո՛չ էլ առավել եւս պատգամավոր:
-Տիկի՛ն Գալստյան, ի վերջո ինչպե՞ս եք տեսնում Արցախի ճակատագիրը, որտե՞ղ է մնալու Արցախը սահմազատման, սահմանագծման հետևանքով:
-Արցախը մնալու է 1991 թվականին հռչակված անկախության մեջ ու կարողանալու է այդ անկախության մեջ այնքան լավ պահի հայությունը, որ նեղ օրը ընկած հայության մյուս հատվածներին ձեռք մեկնի: Ո՛չ դրսի, ո՛չ ներսի թուրքին չի հաջողվելու սպանել հայի զտարյուն տեսակը, ես Ձեզ վստահեցնում եմ՝ հայության սաղմի վերածնուննդը սկսվելու է Արցախից:
-Հավատո՞ւմ եք:
-Վստահ եմ, ոչ թե հավատում եմ: Բայց մենք մեր սխալների, մեր բացթողումների համար դեռ նեղ օրեր ունենալու ենք: Բայց արցախցին չի կոտրվում, որովհետեւ ցանկացած պարտություն, ցանկացած դեգրադացիա նոր ուժ ու արժանապատվություն է ծնում, ուշ, բայց ես հավատում եմ, որ մենք էլի կարողանալու ենք գլուխներս բարձր քայլել: Դա արդեն առաքելություն է, որը պետք է եւ պարտավոր է իրականացնի արցախցին Արցախում:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
iravunk.com