Այդ օրը մեր ղեկավարները վերջապես միավորվեցին ժողովրդի հետ․ Սլավիկ Առուշանյան

Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ ու տոնական միջոցառում է տեղի ունեցել Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում:
Միջոցառմանը ելույթ է ունեցել Արցախյան շարժման ակտիվիստ Սլավիկ Առուշանյանը, որը ներկայացնում ենք ստորև․
«Հոբելյանական ժողովի հարգելի՛ մասնակիցներ,
օգտվելով Սովետական միության կոմունիստական կուսակցության վերակառուցման և հրապարակայնության քաղաքականությունից՝ անկեղծորեն հավատացինք, որ դա ԼՂԻՄ-ի քողարկված թղթի տակ եղեռնից փրկվելու վերջին հույսն է, մանավանդ որ Ադրբեջանը, 1960-ական թվականների վերջին ավարտելով նախիջևանի Ինքնավար Հանրապետության հայաթափումը, օգտվելով ակնհայտ ու գաղտնի ողջ զինանոցից՝ ձեռնամուխ եղավ ԼՂԻմ-ի՝ մեր պատմական հայրենիքի հայաթափմանը։
Փրկության համար մեր բոլոր նախաձեռնությունները դեմ էին առնում ԽՄԿԿ ԿենտԿոմի-ի ծերակույտի վերածված Քաղբյուրոյի պահպանողական կեցվածքին և խուսափողական պատասխաններին։
Ակնհայտ դարձավ, որ կոմունիստական կուսակցությունը, հետևելով Լենինի ցուցումներին, մեր հարցը չլուծելու համար հանձնաժողովներներ էր ստեղծում, և գործը տեղից չէր շարժվում։
1988թ․ վերջին առաջ քաշվեց նոր նախաձեռնություն, որը նույն թվականի փետրվարի 1-ին Նորագյուղի գաղտնի ժողովում ընդունվեց և Իգոր Մուրադյանի ու Վաչե Սարուխանյանի օգնությամբ տարածվեց մարզի հայկական բնակավայրերում։
Նորագյուղում ընդունված որոշման օրինակելի նախագիծն աննախադեպ է 1921թ.-ից հետո, որովհետև առաջին անգամ ձեռնամուխ եղանք ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորման հանրային քննարկմանն ու մայր հայրենիքին վերամիավորման հռչակմանը։
2-րդ կետով խնդրվում էր արագացնել մեր հարցի քննարկումն ու դրա լուծումը, որը փաստորեն իրավական ճանաչման նշանակությունն էր։
3-րդ կետով հավաստիացվում էր, որ հարցի լուծումը բխում է մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման շահերից և կնպաստի ժողովուրդների բարեկամությանը։
Մարզի բնակչությունը մեծ ոգևորությամբ ընդունեց հանրային քննարկումների գաղափարը և այնպիսի ակտիվություն առաջ բերեց, որ գերազանցեց մեր սպասելիքները։ Ադրբեջանական իշխանությունները հասկացան, որ դա ստորագրահավաք չէ և ավելի լուրջ հետևանքներ կարող է ունենալ, ուստի պահանջեց մարզային իշխանություններից վերջ տալ ժողովներ անցկացնելուն։
ՄարզԿոմ-ի առաջին քարտուղարը մի քանի խորհրդակցություններ անցկացրեց՝ պահանջելով վերջ դնել հանրային քննարկումներին։
Ադրբեջանի Կենտկոմը, տեսնելով, որ իրադրությունը դուրս է եկել կոմունիստական կուսակցության վերահսկողությունից, փետրվարի 11-ի երեկոյան Կենտկոմ-ի քարտուղար Կանավալովի ղեկավարությամբ հանրապետական ղեկավարների մի մեծ խումբ է ուղարկում, որպեսզի վերջ տան օրեցօր աճող հանրային քննարկումներին և կազմակերպիչներին որակեն էքստրեմիստներ ու անպատասխանատու մարդիկ։
Փետրվարի 12-ին մարզի շրջաններում և 13-ին Ստեփանակերտում անցկացված համաժողովրդական աննախադեպ բազմամարդ հանրահավաքները ի չիք դարձրին նրանց ջանքերը։ Ստեղծվեցին նպաստավոր պայմաններ ժողովրդական պատգամավորների շրջանային և մարզային խորհուրդների արտահերթ նստաշրջան հրավիրելու համար։
Քանի որ պատգամավորները արձակուրդում էին, շրջանային խորհուրդները և մարզային պատգամավորներից արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին դիմումներ ներկայացրին, և բազմաթիվ արհեստական ու բնական խոչընդոտներ հաղթահարելուց հետո հրավիրվեց 1988թ․ փոտրվարի 20-ի արտահերթ նստաշրջանը։
Որոշման առաջին տողում նշվում էր․ «Ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին»։ Որոշումն իրոք մեծ նվաճում էր․ առաջին անգամ ընդառաջեցին ժողովուրդների ցանկություններին և կոնկրետ քայլեր ձեռնարկեցին ԼՂԻՄ փրկության համար։
Դեռևս 15 տարի դրանից առաջ նրանք բուռն ու երկարատև ծափահարություններով էին ընդունում վերադասի որոշումները, սակայն այդ օրը մեր ղեկավարները վերջապես միավորվեցին մեր ժոողովրդի հետ։
Արտահերթ նստաշրջան անցկացնելը և Երևան ուղարկված մեր պատվիրակություն չընդունելը ոտքի հանեց հայ ժողովրդին, որի ճնշմամբ էլ նույն օրը Կարեն Դեմիրճյանը ընդունեց մեր պատվիրակությանը։
Արցախյան հարցի պաշտպանության առթիվ Երևանում փետրվարի 20-ին անցկացված առաջին հաջողված հանրահավաքը, որը նաև արտահերթ նստաշրջանի արդյունքն էր, սկիզբ դրեց համազգային զարթոնքի և արդյունքում ստեղծվեց հայկական 3-րդ հանրապետությունը։
ԽՄԿԿ կենտկոմի Քաղբյուրոն զարմանալիորեն ցուցաբերեց արտակարգ օպերատիվություն։ Փետրվարի 21-ը, փաստորեն, բեկանեց ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշումը, սակայն դա չկանգնեցրեց մեր ժողովրդին։
Ադրբեջանի Կենտկոմ-ից եկան, որպեսզի Կենտկոմի որոշումը հավանության արժանացնեն մեր ժողովրդի կողմից, սակայն մեր ժողովուրդը ծառս եղավ և պատմության մեջ առաջին անգամ Քաղբյուրոյի որոշմանը դեմ գնաց։
Դե իսկ թուրքերը պատրաստվում էին հարցը զենքի միջոցով լուծելուն։ Առաջին ագամ զենք կրող մարդ հանդիպել եմ փետրվարի 18-ին՝ Ստեփանակերտի հանրահավաքից Ասկերան մեկնելու ժամանակ, Իվանյանի մոտակայքում։ Կրակի շուրջը մոտ 10-12 հոգի կային, որից 7-ը՝ զենքը ձեռքներին։
Տեսնելով, որ մենք չենք ենթարկվում Քաղբյուրոյի որոշմանը, Աղդամից կազմակերպված հազարավոր թուրքեր հարձակվեցին և փորձում էին դաս տալ մեզ։ Ադրբեջանցիները հանդիպեցին դիմադրության, որը հավասարակշռությունից հանեց ադրբեջանցիներին և որոշ ժամանակ անց նրանք Ասկերանում նախատեսված ցեղասպանությունն իրականացրին Սումգայիթում։
Մեր ժողովուրդը չընկճվեց և ընդհակառակը, ավելի ոգևորվեց և մարտի 1-ին Ստեփանակերտում հանրահավաքի ընթացքում ստեղծվեց «Կռունկ» կազմակերպությունը, որ դարձավ մեր շարժումը համակարգող առաջին կազմակերպությունը։
Ցավալի է, որ այսօր մեր հոբելյանը նշում ենք բոլորիս հայտնի պայմաններում, բայց ինչքան էլ նրանք շրջափակումն ուժեղացնեն, սահմանային բնակավայրերում խաղաղ աշխատանք կատարող գյուղացիներին ահաբեկեն, սպանեն՝ թույլ չտալով մշակել հայրենի հողը, նրանք մեզ ավելի ու ավելի են վստահեցնում, որ նրանց հետ ապրելն անհնար է, և մենք ճանապարհ չունենք նրանց հետ անցնելու»։