Այց Եռաբլուր` Արցախյան շարժման 37-ամյակի առիթով

Այսօր՝ փետրվարի 20-ին, արցախյան շարժման մեկնարկի 37-ամյակի օրը Եռաբլուր են այցելել Արցախի քաղաքական ներկայացուցիչները, Բագրատ Սրբազանը, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:
«Սա թելադրանք է դրսից՝ իր տերերից։ Բնականաբար, Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, իրեն փոխելու հարց կա»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» ուղերձին։
Բագրատ Սրբազանն ասաց. «Սահմանադրությունը որոշակի իմաստով միշտ էլ կարող է փոփոխությունների ենթարկվել, բայց այս պարագայում, այս ժամանակահատվածում իրեն փոխելու հարցն է, որովհետև այստեղ գոյաբանական կռիվ է, Սահմանադրության, օրենքների կռիվ չէ։ Սահմանադրությունը որևէ ժամանակ կարող ենք քննարկել, ուսումնասիրել, համապատասխանեցնել, բայց իրենք, հենց ինքն է ձախողել ամեն ինչ, հիմա փորձում է ամեն ինչը հարմարացնել իր ձախողմանը։
Ինքն է պատճառը, ակունքը ձախողման, ստի, կեղծիք, Սահմանադրության քայքայման, Սահմանադրության մեջ արձանագրված դրույթների չեղարկման, այդ չեղարկման մաս է կազմում Արցախի այսօրվա կորուստը, չգոյությունը և այդպես շարունակ»։
«Պետք է շարունակենք պայքարը մեր ինքնության, Արցախ վերադարձի համար»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Այս իրավիճակից դուրս գալու համար պետք է նկատի ունենանք երեք հանգամանք; Առաջինը՝ հակամարտությունը Ադրբեջանի հետ չի ավարտվել, հակառակը՝ խորացել է։ Ադրբեջանը հայաթափեց Արցախը և այսօր էլ հանցագործ պետության ղեկավարությունը Բաքվում դատում է ինքնորոշված, օրինական ընտրված ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը, մեր մարտական ընկերներին։ Սա կեղծ բեմականացում է և ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները այդ ուղղությամբ ոչինչ չեն անում։ Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի ցեղասպան Ադրբեջանը իր պատիժը ստանա։ Երկրոդ հանգամանքը՝ Արցախի Հանրապետության բոլոր ինստիտուտները պետք է գործեն։ Երրորդը՝ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի համանախագահությամբ»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ Արցախը վերադարձնելու հնարավորություն միայն «Նոյեմբերի 9»-ի փաստաթուղթն է տալիս։
ՀՅԴ անդամ, ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռևս անցյալ տարի ամռանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Հայաստանի ժողովուրդը պետք է գնա և սահմանադրությամբ այդ փոփոխությունը անի։ Հիմա էլ պահանջեցին և Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ոչ, պետք է հանրաքվեով սահմանադրությունը փոխենք։ Այնպես որ դա Նիկոլ Փաշինյանի որոշումը չի, դա պատադրված է Ադրբեջանի կողմից:
Նշենք, որ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ազգային խորհուրդը որոշում կայացրեց, որը ենթադրում էր մարզի վերամիավորում Հայաստանի հետ: Դրանով սկիզբ դրվեց արցախյան շարժմանը, որը բերեց մեզ հաղթանակներ եւ Արցախի ազատագրում: