Ավետարանոցի դպրոցի 150-ամյակին նվիրված միջոցառում և գրքի շնորհանդես է տեղի ունեցել
Երևանի ԳԱԱ շենքում կայացել է Արցախի Ասկերանի շրջանի Ավետարանոցի Իվան Աթայանի անվան դպրոցի 150-ամյակին նվիրված միջոցառում և համանուն գրքի շնորհանդես:
Միջոցառմանը ներկա էին ավետարանոցցիներ, դպրոցի նախկին շրջանավարտներ, ուսուցիչներ, հյուրեր:
Դպրոցի ֆիզիկայի նախկին ուսուցիչ, ԵՊՀ մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր Կամո Աթայանն իր խոսքում կարևորել է Արցախի կրթական, մշակութային օջախների տարեգրության պահպանումը:
«Հայաթափված Արցախում տեղի է ունենում մշակութային ցեղասպանություն, մենք պետք է կարողանանք տեր կանգնել մեր ժառանգությանը: Իսկ պատմության հիմնարար վտակներից մեկը կրթական, մշակութային օջախներն են, որոնց մասին պետք է անպայման գրի առնել, հատկապես վաղվա տեսանկյունից»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Ավետարանոցի դպրոցի պատմությունը, ավանդույթներն ուսանելի են, հատկապես մարդկային բաղադրիչը, ուսուցչի դերը:
«Դպրոցական տարեգրությանը, պատմությանը պետք է լուրջ վերաբերվել: Ավետարանոցի դպրոցներում աշխատած բոլոր ուսուցիչներն էլ նվիրյալներ են եղել և պարտավոր ենք ոչ միայն նրանց հիշել, այլև շարունակել նրանց գործը»,- ասել է նա:
Կամո Աթայանը նաև նշել է, որ կրթական, հոգևոր, մշակութային միջոցառումերը ոչ միայն կնպաստեն հայ ժողովրդի նսեմացված արժանապատվության վերականգնմանը, այլև մշտապես ժողովրդի հավաքական գիտակցության մեջ վառ կպահեն Արցախի, Հայոց ցեղասպանության, հայապահպան այլ թեմաներ:
Դպրոցի ու Արցախի հնագույն գյուղի մասին հիշողություններով կիսվել են նախկին սաները, ուսուցիչները:
Ավետարանոցի դպրոցի շրջանավարտ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանն իր խոսքում կոչ է արել իրար հետ կապը չկորցնել և պատրաստ լինել վերադարձին, պահել համայնքային ավանդույթները, հատկապես բարբառն ու Արցախյան սովորույթները: