Ավարտվել են Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարողականների քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում

Ավարտվել են Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարողականների քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում
Մայիսի 30-ին հրավիրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Քննարկվել են պետական կառավարման մարմինների, մի շարք գերատեսչությունների բյուջեի կատարողականները:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի 2022 թվականի բյուջեն ներկայացրել է աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:
Նախանշված 788,6 մլն դրամից փաստացի ծախսվել է 753,2 մլն ՀՀ դրամ,տնտեսվել է 35,4 մլն ՀՀ դրամ, կատարողականը կազմել է 95,5 տոկոս:
Ազգային ժողովի աշխատակազմի բյուջեի կատարողականը ներկայացրել է աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանը:
Նախանշված ավելի քան 782 մլն ՀՀ դրամից փաստացի ծախսվել է 773 մլն ՀՀ դրամ, տնտեսվել է 9,7 մլն ՀՀ դրամ, կատարողականը կազմել է 98,8 տոկոս:
Պետական նախարարի աշխատակազմի ծախսերը ներկայացրել է աշխատակազմի ղեկավար Դավիթ Արզումանյանը:
Նախատեսված ավելի քան 224 մլն ՀՀ դրամից ծախսվել է 183 մլն-ը, կատարողականը՝81,6 տոկոս:
Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը ներկայացրել է կառավարության գործերի կառավարչության բյուջեն:
Նախանշված 353 մլն ՀՀ դրամից ծախսվել է 283 մլն ՀՀ դրամ, կատարողականը կազմել է 80,1 տոկոս:Պատվիրակությունների ընդունման ծրագրով ծախսվել է 557 մլն ՀՀ դրամ:
Արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյանը ներկայացրել է իր ղեկավարած համակարգի բյուջեն:
Նախարարության պահպանման ծախսերը նախատեսված էր ավելի քան 467 մլն, կատարողականը 97,1 տոկոս էր: Տնտեսվել է 15 մլն ՀՀ դրամ:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Սաղյանը ներկայացրել է դատական համակարգի բյուջեն:
Նախատեսված էր 740 մլն դրամ, կատարողականը կազմել է 87,7 տոկոս: Բյուջեի 86,7 տոկոսը ուղղվել է աշխատավարձի ֆոնդին:
Գլխավոր դատախազության բյուջեն ներկայացրել է գլխավոր դատախազին փոխարինող Կարեն Գաբրիելյանը:
Դատախազության բյուջեն պլանավորված էր 593 մլն ՀՀ դրամ, փաստացի ծախսվելէ 538 մլն դրամ, տնտեսվել է 55 մլն դրամ:
Քննչական կոմիտեի բյուջեն ներկայացրել է կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը:
Նախատեսված 470 մլն ՀՀ դրամից փաստացի ծախսվել է 469 մլն ՀՀ դրամ,
կատարողականը կազմել է 99,8 տոկոս:
Պատգամավորները հաշվետվություն ներկայացնողներին հարցադրումներ են ուղղել:
Համատեղ նիստը շարունակվել է օրվա երկրորդ կեսին:
Հաշվեքննիչ պալատի բյուջեն ներկայացրել է պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը:
2022թ. պետական բյուջեով հաշվեքննիչ պալատի համար նախատեսված 194 մլն 83.9 հազ ՀՀ դրամից ֆինանսավորումը և դրամարկղային ծախսը կազմել է 166 մլն 934.4 հազ ՀՀ դրամ կամ նախատեսվածի 86% տոկոսը: Տնտեսված գումարը կազմել է 27 մլն 49.5 հազ դրամ: Փաստացի ծախսը կազմել է 167 մլն142.8 հազ դրամ կամ նախատեսվածի 86.1% տոկոսը, տնտեսվել է 26 մլն 941.1 հազ. դրամ:
Պետական վերահսկողական ծառայության բյուջեն 2022թ կազմել է 226 մլն 149 հազ 700 ՀՀ դրամ, որից ծախսվել է 66 մլն 824 հազ ՀՀ դրամ:
Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի բյուջեի կատարողականը ներկայացրել է կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանը:
Նախահաշվով նախատեսված 177 մլն 160 հազ ՀՀ դրամի դիմաց դրամարկղային ծախսը կազմել է 157 մլն 956 հազ ՀՀ դրամ: Տնտեսումը 19 մլն 203 հազ ՀՀ դրամ է:
Տեսուչների կողմից իրականացված ստուգումների արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 1 մլն 734 հազ, իսկ լիցենզիայի համար՝ 719 հազ ՀՀ դրամ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բյուջեի կատարողականը ներկայացրել է ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Հաշվետու տարում ՄԻՊ աշխատակազմի համար նախատեսված 78 մլն 267 հազ ՀՀ դրամից փաստացի ծախսվել է 65 մլն 665 հազ ՀՀ դրամ, կամ ՝ 83, 9 տոկոսը, տնտեսումը կազմել է 12 մլն 602 հազ ՀՀ դրամ:
Քաղաքացիական ծառայության համար նախատեսված 124 մլն 305 հազ ֆինանսական ռեսուրսներից 2022 թ.ծախսվել է 116 մլն 271 հազ ՀՀ դրամ կամ 93,5 տոկոսը: Պահպանման ծախսի տնտեսումը կազմել է 8 մլն 34 հազ դրամ:
Կարճաժամկետ ռեզերվի ֆինանսավորման համար նախատեսված 150 մլն ՀՀ դրամից փաստացի ծախսվել է 108 մլն 9 հազ ՀՀ դրամ, տնտեսումը կազմել է 41 մլն ՀՀ դրամ: Վերապատրաստման համար նախատեսված 16 մլն ՀՀ դրամից ծախսվել է 6 մլն ՀՀ դրամը, տնտեսումը՝ 10 մլն դրամ:
Համաձայն ԿԸՀ նախագահ Սիրան Ավետիսյանի ներկայացրած հաշվետվության՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պետական բյուջեից ֆինանսական միջոցներ են հատկացվել 2 ծրագրի իրականացման համար: «Գործադիր իշխանության, պետական կառավարաման, հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրի համար նախատեսված 88 մլն 347 հազ ՀՀ դրամից փաստացի ծախսվել է 74 մլն 111 հազ ՀՀ դրամը, տնտեսումը կազմել է 14 մլն 236 հազ ՀՀ դրամ կամ ՝83,9 տոկոսը:
«Պետական բյուջեի պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերը կազմել են 5 մլն 51 հազ ՀՀ դրամ՝ նախատեսված 5 մլն 554 հազ ՀՀ դրամի դիմաց կամ՝ 90,9 տոկոսը: Տնտեսումը 503 հազ ՀՀ դրամ է:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին