Ավարտվել է Մարտունու ՀՅԴ պատանեկան ճամբարը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Ավարտվել է Մարտունու ՀՅԴ պատանեկան ճամբարը

Ավարտվել է Մարտունու ՀՅԴ պատանեկան ճամբարը

Փակման արարողությունը նվիրված էր Լիզբոն 5-ի գործողության 40-ամյակին։

Միջոցառման ընթացքում պատանիները իրենց ծնողներին և հյուրերին ներկայացրին երկու շաբաթների ընթացքում իրենց սովորածը։ Հնչել են Լիզբոն 5-ի տղաների խոսքերից, նրանց նվիրված բանաստեղծություններից ու երգերից, իսկ ծրագրի 2-րդ մասը նվիրված էր Հայաստանին ու Արցախին։ Պատանիները ներկայացրել են Արցախի ու Հայաստանի մասին երգեր, բանաստեղծություններ, պարել ազգային պարեր։

Միջոցառումը պատանիները ավարտել են իրենց մայր հողում խաղաղ ապրելու մանկական երազանքի մասին՝ բարձրաձայնելով ու Արցախը ամուր պահելու նրանց հավատը վերահաստատելով։

Միջոցառման ավարտին ելույթ են ունեցել ՀՅԴ Մարտունու Կոմիտեության անդամ, հայրենադարձ Շանթ Չարշաֆճյանը և ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության Կենտրոնական Վարչության անդամ Վահագն Խաչատրյանը, որից հետո հայտարարվել են ճամբարի հաղթող թիմն ու ամենաակտիվ մասնակիցները, որոնց հանձնվել են պատվոգրեր ու նվերներ։

Շանթ Չարշաֆճյանը նշեց, որ ՀՅԴ կուսակցության մեջ սովորություն չկա իրար շնորհակալություն հայտնելու, ուստի կազմակերպիչներին ասաց․

«Ձեր վարձքը կատար, հաճախակի՛ եկեք Մարտունի և նմանատիպ ծրագրեր կյանքի կոչեք։ Կուզեի շնորհակալություն հայտնել ծնողներին։ 2,5 տարի է, ինչ ապրում եմ Մարտունիում, հասցրել եմ ծանոթանալ բոլորին և տեսել եմ, թե ինչպիսի լավ դաստիարակություն ունեն ձեր երեխաները։ Այս 2 շաբաթների ընթացքում էլ ավելի համոզվեցի դրանում, տեսա, թե ինչպիսի տաղանդավոր երեխաներ կան երբ երգում, պարում ու ասմունքում էին»,-նշել է Շ․ Չարշաֆճյանը։

ՀՅԴ ԱԵՄ-ի ԿՎ անդամ Վահագն Խաչատրյանն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնեց Մարտունու քաղաքապետարանին, ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ և Ոստիկանության Մարտունու շրջբաժիններին՝ ճամբարի կազմակերպմանն օժանդակելու համար։

«Շնորհակալություն ենք հայտնում հատկապես ծնողներին, որ այս անորոշ օրերին իրենց զավակներին վստահեցին մեզ։ Այս երկու շաբաթների ընթացքում պատանիների հետ միասին մենք կարողացանք սովորել ազգային երգեր ու պարեր, ունենալ դասախոսություններ, արշավներ և այլն։ Հուսով ենք՝ մեր այս փոքրիկ քայլով կարողացանք որոշակի չափով ուրախություն բերել պատանիների առօրյայում։ Այս դժվարին պայմաններում սա այն նվազագույնն էր, որ կարողացանք անել նրանց համար»,- ասել է Վ․ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այս երկու շաբաթների ընթացքում այնքան են մտերմացել վարիչները ճամբարի մասնակիցների հետ, որ այսօր շատ դժվար է նրանցից բաժանվել։

Ճամբարի կազմակերպիչները հրաժեշտ են տվել ճամբարականներին՝ նորից վերադառնալու խոստումով։

1