Ավարտվել է ՀՅԴ պատանեկան 2-րդ ճամբարն Արցախում:
Գլխավոր » Գաղափարական » Ավարտվել է ՀՅԴ պատանեկան 2-րդ ճամբարն Արցախում:

Ավարտվել է ՀՅԴ պատանեկան 2-րդ ճամբարն Արցախում:

Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում կազմակերպված ՀՅԴ պատանեկան 2-րդ ճամբարն Արցախում ավարտվել է տոնական միջոցառմամբ, որին ներկա են գտնվել ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալյոնա Գրիգորյանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները, ԱՀ ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի պետ Արմեն Պետրոսյանը և պատանիների ծնողները:

Ճամբարի մասնակից պատանիները հյուրերին են ներկայացրել 2 շաբաթների ընթացքում իրենց սովորած երգերն ու պարերը:

Տոնական միջոցառմանը ելույթ ունեցավ ճամբարի պատասխանատու Հուրի Մինոյանը:

Նա շնորհակալություն հայտնեց ծնողներին՝ երեխաններին իրենց վստահելու համար:

«Վերջին 2 շաբաթը շատ էմոցիոնալ էր բոլորիս համար, և վստահ եմ, որ բոլոր խմբապետերը շատ մտերիմ կապեր են հաստատել պատանիների հետ: Ինչպես պատանիներին ենք փորձել փոխանցել մեր գիտելիքները, այնպես էլ մենք ենք պատանիներից շատ բան սովորել և տպավորված հետ ենք վերադառնալու»,-ասել է Հ. Մինոյանը:

Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի ևս պատանիները կմասնակցեն կազմակերպվելիք ճամբարին:

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալյոնա Գրիգորյանը ողջունեց ներկաներին ու պատանիներին և շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի կազմակերպվի այս ճամբարը, որի ընթացքում պատանիները իրենց հանգիստը կարողացան օգտակար ու արդյունավետ վայելել:

Նա շնորհակալություն հայտնեց նաև բոլոր այն կառույցներին, որոնք համագործակցեցին ճամբարների կազմակերպման հարցում՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը, Ստեփանակերտի քաղաքապետարանին:

«Վստահ եմ, որ այս համագործակցությունը շարունակական է լինելու, քանի որ մեր ճամբարները նոր են սկսվում: հաջորդ ամիս ևս կազմակերպվելու են ճամբարներ Ստեփանակերտում և Ասկերանում»,-նշել է Ա. Գրիգորյանը:

ԱՀ ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի պետ Արմեն Պետրոսյանն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՅԴ Արցախի կառույցին՝ համագործակցության համար և նշեց, որ ծնողների կողմի արձագանքները շատ դրական են, և անհամբեր սպասում են կազմակերպվելիք հաջորդ ճամբարներին:

1