Ասկերանի դպրոցում իր բնակավայրի մասին երազող 65 աշակերտ է սովորում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ասկերանի դպրոցում իր բնակավայրի մասին երազող 65 աշակերտ է սովորում

Ասկերանի դպրոցում իր բնակավայրի մասին երազող 65 աշակերտ է սովորում

Արցախի այլ բնակավայրերից Ասկերանում հաստատված աշակերտները ուսուցիչների և տեղի աշակերտների ուշադրության կենտրոնում են: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան դպրոցի տնօրեն Մարելա Ավանեսյանը:

Դպրոցի 401 աշակերտներից 65-ը Ավետարանոց, Ակնաղբյուր, Շուշի, Քարին Տակ, Տումի համայնքներից են: Տնօրենի խոսքով՝ հատուկ ուշադրություն են դարձնում տվյալ բնակավայրերի աշակերտներին, հոգեբանական, նյութական աջակցություն ցուցաբերում, բայց աշակերտները մտքերով իրենց նախկին դպրոցում են, իրենց ուսուցիչների հետ:

«Աշակերտները կարոտում ենք իրենց դպրոցը, բնակավայրը: Հանձնարարված շարադրություններում բոլորի երազանքը մեկն է՝ վերադառնալ իրենց գյուղը: Մի քանի օր առաջ ծնողներից մեկը զանգել է, դասերից բացակայելու թույլտվություն հարցրել, ասում է՝ գնում ենք մեր գյուղի մոտակայքից հեռադիտակով նայենք գյուղին»,- ասել է Մարելա Ավանեսյանը:

Տեղի աշակերտներն էլ առանձնահատուկ վերաբերմունք ունեն նոր դասընկերների նկատմամբ: «Պատերազմի օրերին ՀՀ-ում ապաստանած մեր երեխաները զգացել են այնտեղի երեխաների, ուսուցիչների լավ վերաբերմունքը: Այս հանգամանքը ևս նպաստել է աշակերտների նման վերաբերմունքին: Նոր աշակերտներն անկաշկանդ մասնակցում են դասերին, շատ ակտիվ են»,- ասել է տնօրենը:

Աշակերտների թվի ավելացումը դպրոցում գույքի խնդիր է առաջացրել, բայց տնօրեն հույս ունի, որ հարցը շուտափույթ լուծում կստանա:

1