Աշխատանք՝ համատեղված ուսման հետ. հացթուխն ու հսկիչը
Որպես կանոն՝ Արցախի ուսանողության մեծամասնությունը նախընտրում է կյանքի փուլերն ապրել ըստ հերթականության՝ դպրոց, բակալավրիատ, մագիստրատուրա, աշխատանք եւ, իհարկե, ամուսնություն՝ անպայմանորեն համակցված վերը գրված փուլերի հետ: Սակայն Արցախում կա նաեւ ուսանողների մի շրջանակ, որը շեղվել է չգրված կանոններից եւ բռնել վաղ տարիքից աշխատելու ուղին:
«Ապառաժ»-ը որոշել է «Աշխատող ուսանողներ» շարք սկսել՝ ներկայացնելու համար «մեծ կյանք» մտած ուսանողների:
Հացթուխն ու հսկիչը
Մաթեմատիկական խնդիրների լուծումներում մշտապես ուսուցչուհուն հակառակվող 21 տարեկան Շմավոն Մովսեսյանի օրվա գրաֆիկը գծագրված է ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժնի 2-րդ կուրսի ուսանողին վայել մանրաստուգությամբ.
09:00-13:00 դասի է,
14:00-19:00՝ որպես հսկիչ աշխատանքի է ՀՅ Դաշնակցության գրասենյակում,
21:00-08:00՝ որպես հացթուխ աշխատանքի է Ստեփանակերտի հացի փուռերից մեկում՝ օրումեջ:
Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում ապրող ընտանիքի առարկություններին դեմ գնալով է Շմավոնը բանակն ավարտելուն պես որոշել «մեծանալ»: Հպարտությամբ է ասում, որ երկու աշխատավայրից ստացված գումարով՝ բացի նրանից, որ ամբողջությամբ հոգում է իր ծախսերը, նաեւ օգնության ձեռք է մեկնում իր ընտանիքին:
«Ըստ իս՝ վաղ տարիքից աշխատելը լավ եւ վատ կողմեր ունի: Վատն այն է, որ նեղություն ես տալիս քեզ՝ քիչ ես քնում, քիչ ես ազատ ժամանակ ունենում, իսկ լավն այն է, որ կախված չես ծնողներից, ինքնուրույն կարողանում ես գլխիդ ճարը տեսնել, ինչն էլ շատ հաճելի է 21 տարեկան տղայի համար»,- ասում է Շմավոնը:
Ստացած առաջին աշխատավարձով իր համար շորեր է գնել, մյուս ստացած աշխատավարձերը ավելի շատ ուրիշների վրա է ծախսել՝ անկեղծորեն ասում է երիտասարդը:
«Համալսարանում գիտեն, որ աշխատում եմ, բայց աշխատելու հանգամանքը կարեւոր չէ դասախոսների համար: Նրանց համար կարեւորն այն է, որ ուսանողը պատրաստված ներկայանա դասերին: Ես էլ ուսումս ու երազանքս հետ գցող ուսանողներից չեմ. Դաշնակցության գրասենյակում աշխատելու օրական 5 ժամերից մոտ 2-ը դասերիս եմ հատկացնում: Հացի փուռի, գրասենյակի աշխատանքը ժամանակավոր բնույթ է կրում. գալու է այն օրը, երբ Վաղուհասը Մովսեսյան ազգանունով նոր մաթեմատիկայի ուսուցիչ կունենա»,- ասում է Շմավոնը:
Լուսինե Թևոսյան