Աշխատանք՝ համատեղված ուսման հետ
Որպես կանոն՝ Արցախի ուսանողության մեծամասնությունը նախընտրում է կյանքի փուլերն ապրել ըստ հերթականության՝ դպրոց, բակալավրիատ, մագիստրատուրա, աշխատանք եւ, իհարկե, ամուսնություն՝ անպայմանորեն համակցված վերը գրված փուլերի հետ: Սակայն Արցախում կա նաեւ ուսանողների մի շրջանակ, որը շեղվել է չգրված կանոններից եւ բռնել վաղ տարիքից աշխատելու ուղին:
«Ապառաժ»-ը որոշել է «Աշխատող ուսանողներ» շարք սկսել՝ ներկայացնելու համար «մեծ կյանք» մտած ուսանողների:
Ընդունարանի պատասխանատուն
Չգրյալ կանոններով շարժվելու՝ ծննդով Հացի գյուղից Տիրուհի Գասպարյանի ցանկությունը փոփոխվեց համագյուղացի աղջիկներից մեկի զանգով՝ ՀՅ Դաշնակցության գրասենյակում որպես ընդունարանի պատասխանատու աշխատելու առաջարկով:
Գրասենյակիաշխատանքային միջավայրն ու կոլեկտիվը հենց առաջին րոպեներից գրավել եւ մտափոխել է ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի զբոսաշրջություն բաժնի առաջին կուրսի 18-ամյա ուսանողուհուն, իսկ պատրաստակամության ու պատասխանատվության մարդկային բարձր որակները երաշխիք էին ուսման առաջադիմությունը պահելու:
«Կան մարդիկ, ովքեր ասում են, որ տվյալ աշխատանքը դժվար է՝ չեն կարողանում անել կամ չեն հասցնում, բայց ես կարծում եմ, որ ցանկության եւ տվյալ աշխատանքի հանդեպ հարգանքի դեպքում աշխատանքը չի կարող անհնար լինել: Եթե ունես ցանկություն, ապա ուսումն ու աշխատանքը հնարավոր է համատեղել, ուղղակի անհրաժեշտ է կազմել գրաֆիկ, առաջնորդվել այդ գրաֆիկով եւ սիրել այն, ինչ անում ես: Եթե սեր ներդնենք, ապա ամեն ինչ կստացվի,- ասում է Տիրուհին եւ նշում, որ աշխատանքը չի խանգարել իր ուսմանը,- ես նույն առաջադեմ ուսանողուհին եմ: Աշխատանքը չի խանգարել, այլ՝ հակառակը»:
Ծնողների կողմից խոչընդոտներ սահմանելուն անսովոր Տիրուհին նշում է, որ հենց երիտասարդ տարիքից պետք է աշխատել, քանի որ այդպես ավելի ես կայունանում, ձեւավորվում որպես ուսանող ու քաղաքացի:
«Աշխատանքի միջոցով ձեռք բերված մտածողությունը ազատ, անկախ եւ ինքնուրույն է դարձնում մարդուն՝ ձեւավորելով անհատին: Հենց այս խոսքերն եմ ես միշտ ասում իմ աշխատանքի ընդունվելու որոշմանը բացասական արձագանքներ տվող կուրսեցիներիս: Աշխատանքից ամաչելու կարծրատիպն այլեւս նորաձեւ չէ: Աշխատանքը հպարտության զգացում երաշխավորող միջոց է»,- ասում է Տիրուհի Գասպարյանը:
Լուսինե Թևոսյան