Աշխատանք՝ համատեղված ուսման հետ. խմբակավար Աննան
Որպես կանոն՝ Արցախի ուսանողության մեծամասնությունը նախընտրում է կյանքի փուլերն ապրել ըստ հերթականության՝ դպրոց, բակալավրիատ, մագիստրատուրա, աշխատանք եւ, իհարկե, ամուսնություն՝ անպայմանորեն համակցված վերը գրված փուլերի հետ: Սակայն Արցախում կա նաեւ ուսանողների մի շրջանակ, որը շեղվել է չգրված կանոններից եւ բռնել վաղ տարիքից աշխատելու ուղին:
«Ապառաժ»-ը որոշել է «Աշխատող ուսանողներ» շարք սկսել՝ ներկայացնելու համար «մեծ կյանք» մտած ուսանողների:
«Արմաթ» լաբորատորիայի խմբակավար Աննան
ԱրՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին կուրսի ուսանողուհի 18-ամյա Աննա Հարությունյանը ոչնչով չի տարբերվում իր կուրսեցիներից: Բոլորի պես հաճախում է դասերի, միջինից բարձր եւ գերազանց գնահատականներ է ստանում, թույլտվություն է հայցում լսարանից դուրս գալուց եւ կատարում հազար ու մի տնային առաջադրանքներ: Բայց դա շաբաթվա հինգ օրերին՝ երկուշաբթիից ուրբաթ:
Իսկ ինչ վերաբերում է շաբաթվան ու կիրակիին, ապա Աննան այդ օրերին լրիվ հակառակ դերում է՝ դասախոսում է, գնահատականներ տալիս եւ տնային առաջադրանքներ ստուգում: Այդ օրերին Աննան Ստեփանակերտի հազարավոր ուսանողուհիներից մեկը չէ. նա Մարտունու շրջանի Նորշենի դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբակավարն է:
«Ծննդով Մարտունու շրջանի Հացի գյուղից եմ, որի 9-ամյա դպրոցն ավարտելուց հետո դպրոցական ուսումս շարունակեցի Նորշենի հիմնական դպրոցում: Նորշենում սովորելու երկրորդ տարում «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որը եւ շրջադարձային դարձավ մասնագիտությունս ընտրելու հարցում»,-պատմում է մանկուց դիզայներական կրթություն ստանալու մասին երազող Աննան:
Իսկ «Արմաթ» լաբորատորիան ու «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում երկու տարով Նորշեն գործուղված ուսուցիչ, լաբորատորիայի խմբակավար Արա Հարությունյանը Աննայի կյանքի չմտածված ուղին հարթողը դարձան:
«Նորարարական տեխնոլոգիաների աշխարհը հմայեց ինձ. այն մի տեսակ իմն էր եւ հոգեհարազատ էր ինձ»,- ասում է Աննան:
Ոլորտի հանդեպ աշակերտուհու սերը չի վրիպել նաեւ խմբակավար Արայի աչքից: Նրա ուղղորդմամբ Աննան մի քանի ամիս հաճախել է մաթեմատիկայի եւ ֆիզիկայի անհատական պարապմունքների համալսարանական քննություններին պատրաստվելու համար: Դրան զուգահեռ՝ Նորշենում դասավանդելու պայմանագրի ավարտմանն ընդառաջ ընկեր Արան իր գործը շարունակելու աշխատանքային առաջարկով է դիմել երեխաների հետ հեշտ լեզու գտնող Աննային:
«Ընկեր Արայի՝ կարո՞ղ ես իմ գնալուց հետո ինձ փոխարինել հարցին՝ արդյոք կարո՞ղ եմ պատասխան հարցն ուղղեցի. ասաց՝ այո, համոզված եմ դրանում»,- խմբակավարի աշխատանքին անցնելու այս «հարցազրույցին» հաջորդել է համապատասխան քննության հաջող հանձնումը:
Այդպիսով, 2019 թվականի սեպտեմբերի 1-ից հացեցի Աննա Հարությունյանը շաբաթվա 5 օրերին համալսարանում է, շաբաթ եւ կիրակի՝ շաբաթական 12 ժամ, Նորշենում՝ աշխատանքի: Ուսմանն ու աշխատանքին զուգահեռ Աննան հաճախում է նաեւ «Սիներջի» ընկերության ծրագրավորման դասընթացներին՝ հետագայում աշխատանքի ընդունվելու նպատակադրումով:
«Փոքրուց նպատակ էի դրել, որ համատեղելու եմ աշխատանքն ու ուսումը: Նպատակս իրողություն է. ես անկախ 18-ամյա աղջիկ եմ, ծնողներիս փոքրիկ հպարտությունը, որի աշխատանքը մասնագիտությունում հմտանալու լավագույն առիթն է: Առիթ, որը մանկական երազանքը եւս ի կատար ածելու հնարավորություն է՝ ուսումս ՏՏ ոլորտի դիզայնի ծրագրավորման բաժնում շարունակելու հնարավորությունը»,- ասում է Աննա Հարությունյանը, ԱրՊՀ ուսանողուհին ու Նորշենի ինժեներական լաբորատորիայի 32 հոգանոց խմբի խմբակավարը:
/շարունակելի/
Լուսինե Թևոսյան