Աշխարհի որ ծայրում էլ ապրեմ՝ զբաղվելու եմ մեղվաբուծությամբ․ արցախցի մեղվաբույծ
Գլխավոր » Լրահոս » Աշխարհի որ ծայրում էլ ապրեմ՝ զբաղվելու եմ մեղվաբուծությամբ․ արցախցի մեղվաբույծ

Աշխարհի որ ծայրում էլ ապրեմ՝ զբաղվելու եմ մեղվաբուծությամբ․ արցախցի մեղվաբույծ

Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում է ապրում Արցախից տեղահանված Վահրամ Շահրամանյանի ընտանիքը։ Արցախցի մեղվաբույծին շատերը գիտեն իր մեղուների նման օրուգիշեր ժրաջան աշխատող, ստեղծող ու արարող․․․

Մեղվապահությունը ժառանգել է իր պապերից։ Ինչպես ասում է՝ նրանց գերդաստանն այդ գործում միշտ գիտակ ու բանիմաց է եղել։ Մեղվապահությունը նրանց համար և՛ եկամտի աղբյուր էր, և՛ սիրած զբաղմունք։

Մինչև Արցախի տեղահանությունը Վահրամն իր մեղվափեթակների քանակը հասցրել էր գրեթե 80-ի։

Տեղահանությունից հետո Շահրամանյանների ընտանիքը փորձում է հաղթահարել ծագած խնդիրները, թեև դժվար է հետևում թողնել մի ողջ կյանք ու զրոյից սկսել․․․

Վահրամը պատմում է, հիշում կարոտով

-Փոքրուց սիրում էի հետևել հորս աշխատանքներին, ամենուր գնում էի նրա հետ, ու դա ինձ հաճույք էր պատճառում։ Հետո սկսեցի մեղվաբուծության մասին գրքեր կարդալ ու խորանալ նրա գաղտնիքների մեջ։ Վերջին տարիներին Արցախում արդեն իմ տղան էր օգնում ինձ ու հմտանում մեղվաբուծության մեջ։

«Ավրորա» մարդասիրական հիմնադրամի աջակցությամբ ձեռք էի բերել երկու նոր ցեղատեսակի մեղուներ, որոնք ցույց են տվել իրենց արդյունավետությունը տեղական պայմաններում։ Մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը՝ մեղվափեթակներն Ասկերանից տեղափոխում էի Քարվաճառի շրջան, որտեղ շատ բարենպաստ էին պայմանները, իսկ պատերազմից հետո տանում էի Խաչենի ձորակի «Ցեխ ձոր» կոչվող տեղամասը։

Նախորդ տարիների համեմատ՝ 2023-ին բերքատվությունն այնքան էլ բարձր չէր։ Պահանջարկը շատ մեծ էր, իսկ մեղրը՝ քիչ։ Քանի որ Արցախը շրջափակման մեջ էր, քաղցրավենիքի,  առանձնապես շաքարավազի պակասի պատճառով, մարդիկ աշխատում էին քաղցրի պակասը լրացնել մեղրի միջոցով։ Ինձ համար շատ ցավալի է, որ չեմ կարողացել լիովին բավարարել մարդկանց պահանջները։ Աշխատել եմ այնպես անել, որ շատ ընտանիքների բաժին հասնի և մեղրը բնակչությանը տրամադրել եմ մատչելի գներով։

Մեղվաբույծը կարևորում և առանձնացնում է մեղրի առողջարար հատկանիշները։ Նա միշտ աշխատել է սպառողին տրամադրել մաքուր և առանց հավելումների արտադրանք։ Մեղուներին համարում է բնության կողմից մարդկությանը տրված բժիշկներ, որոնց սիրել ու գնահատել է պետք

-Ձեռնունայն հեռացել ենք Արցախից ու մի քանի բնակավայրերում ապրելուց հետո տեղափոխվել Փոքր Վեդի։ Տունը, որտեղ այժմ ապրում ենք, սեփական է և ունի հողատարածք։ Քանի որ աշխատանք չէի կարողանում գտնել, սկսեցի մշակել հողը։ Մրգառատ ծառեր ևս կան, որոնք մշակելուց հետո լավ բերք ստացանք։ Ընդհանրապես այստեղ բերքն ու բարիքը առատ է։ Որոշակի քանակությամբ հավեր, հնդկահավեր ևս ձեռք բերեցի ու փորձեցի աշխատանքի մեջ շեղել մտքերս։ Երկու հատ մեղվափեթակ գնեցի, 2 հատ էլ հարևանը տվեց անհատույց։ Նորից սկսեցի զբաղվել իմ սիրած գործով։ Այժմ արդեն ունեմ 9 փեթակ, մտադիր եմ ավելացնել, սակայն դեռևս հնարավորություն չունեմ։ Փեթակները շատ թանկ արժեն, ու եթե ինչ որ մեկը օգնի ինձ այդ հարցում, ապա իմ միջոցներով ես մեղուներ ձեռք կբերեմ ու կզարգացնեմ մեղվաբուծությունս։ Ներկա պահին փեթակները տան այգում են, սակայն շուտով պետք է տանեմ մոտակա սարը։ Ցավոք, ոչ մի ծրագրից չեմ կարողանում օգտվել։ Մի քանի անգամ դիմել եմ գյուղապետարան, պատասխանել են, որ մեղվաբուծության համար ծրագրեր չկան։ Մեր հայրենակիցներից շատ զանգեր եմ ստանում․ մարդիկ սպասում են, թե երբ նորից կկարողանամ մեղրով ապահովել իրենց։

Վահրամի խոսքով՝ Փոքր Վեդի գյուղը մեղվաբուծության համար բարենպաստ չէ, և նա մտածում է ապագայում տեղափոխվել Կոտայքի մարզ, որտեղ ավելի լավ պայմաններ են մեղուների համար

— Մեղուն իր գործունեության ողջ ընթացքում ծառայում է մարդու առողջությանը։ Մեղուն կարող է մարդկությանը տալ ակնամոմ, մայրակաթ, ծաղկախյուս, ծաղկափոշի, մեղր, անգամ նրա բզզոցը մարդու նյարդերը հանգստացնող ունակություն ունի։ Մեղրը չափազանց օգտակար է մարդու առողջության համար։ Աշխարհի որ ծայրում էլ ապրեմ՝ ես անպայման զբաղվելու եմ մեղվաբուծությամբ․ դա իմ կյանքի մի մասն է։ Երբեմն մտածում եմ՝ եթե չզբաղվեմ այդ գործով, ապա դավաճանած կլինեմ իմ ապուպապերին, ինչու չէ՝ նաև մեղուներին․․․

48-ամյա տղամարդը վերջերս է կարողացել աշխատանք գտնել

-Ցավոք սրտի, արցախցին հայտնվել է շատ դժվար կացության մեջ։ Օրեցօր ավելի է ծանրանում կյանքը։ Բնակաջակցության ծրագրի փոփոխությունից հետո շատ-շատերն են հայտնվելու դրսերում։ Անընդհատ կրկնում են՝ գնացեք մարզեր։ Հայաստան տեղահանվելու առաջին իսկ օրից իմ ընտանիքը մարզում է ապրում։ Նախ՝ Տավուշի մարզում էինք հաստատվել, հետո տեղափոխվեցինք Արարատի մարզ։ Մարզերում զբաղվածության խնդիրն ակնհայտ է, ու ես աշխատանք եմ գտել Երևան քաղաքում, այն էլ՝ վերջերս։ Ամեն օր գրեթե 90 կմ ճանապարհ եմ անցնում՝ աշխատանքի գնալու և տուն վերադառնալու համար։ Շատ դժվար է, սակայն այլընտրանք չունեմ։ Արցախցիներն աշխատող ու ստեղծող մարդիկ են․ մենք ոչ մի աշխատանքից չենք վախենում։ Տարիներ շարունակ փրկարար ծառայության հրշեջ մասում էի ծառայում։ Թոշակի անցնելուց հետո մեղվաբուծության հետ մեկտեղ, սկսեցի զբաղվել նաև հողի մշակմամբ։ Այժմ, երբ անհիմն մեղադրանքներ ենք լսում, իհարկե, վիրավորվում ենք՝ աշխատելով զսպել մեզ ու փորձելով բացատրել մեր արդար պահանջներն ու իրավունքները։ Մեզ հուզող հարցերից ամենագլխավորը՝ հետվերադարձն է, որին սպասում ենք սրտատրոփ։ Սակայն մինչև այդ օրը գա, պետք է աշխատենք և, իհարկե, կառավարությունը չպետք է դադարեցնի տեղահանված արցախցիներին տրամադրող աջակցությունները։ 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1