Աշխարհաքաղաքական իրադարձությունները կարող են փուլ առ փուլ Սենատից գործադիր դաշտ տեղափոխել բանաձևի կետերը

Ֆրանսիայի Սենատը մեղադրական բանաձև է ընդունել Ադրբեջանի հասցԵին․դա կարո՞ղ է հանգեցնել կոնկրետ գործողությունների։Նոյյան Տապանի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։ Ճիշտ է, որ պարտադիր բնույթ չունի բանաձեւը։
Բոլոր կետերը ձևակերպվել են «առաջարկում է», «կոչ է անում» կամ «վերահաստատում է» բառակապակցություններով։ Այդուհանդերձ, ներկա պահին բանաձևն ունի քաղաքական կարևոր նշանակություն։ Ցեղասպանության ճանաչումի քաղաքական պահերի ճշտումի տրամաբանությունը այս դեպքում ևս առկա է։ Ընդհանուր առմամբ, եթէ տվյալ պետության խորհրդարանը Անկարայի հետ լարվածության պահին ցեղասպանության ճանաչման քայլին էր դիմում, ապա նման բանաձևերի առարկայացման հավանականությունը թվում է, որ պիտի գնա զուգընթաց Մոսկվայի հետ հարաբերությունների ելևեջների հետ։ Եթէ իհարկե ընդունում ենք, որ շարժիչ գործոնը ռուսական տիրույթներ թափանցելն ու հակակշիռ ներկայություն լինելն է։
Անժխտելի է Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների դերը նման նախագծեր պատրաստելու, տարածելու եւ յուրաքանչյուր խորհրդարանականի հետ ցեղային զտումի անմիջական վտանգի առկայությունն արծարծելու առումով։ Այդ թղթածրարները միշտ պատրաստ պիտի լինեն քաղաքական պահի հասունացման համար։
Գործադիրը ի՛նքը կճշտի, թէ երբ պիտի ընդառաջի իր Սենատի կոչին կամ առաջարկին։ Իսկ այդ պահը մեծապես կախված է աշխարհաքաղաքական տարողությամբ ընթացող իրադարձություններից, որոնք կարող են միտումների սլաքների ուղղությունը կտրուկ փոխել հակառակ ուղղությամբ Հարավային Կովկասում։ Այդ դեպքում, կաշխատեն պատժամիջոցները, կկրճատվեն կամ կկասեցվեն օժանդակությունները, Արցախում կբացվեն հումանիտար գրասենյակներ, և դեպի սահմանագիծ կգործուղվեն բազմապիսի առաքելություններ։