Աշոտ Ղուլյանի հիշատակի օրն է
Օգոստոսի 24-ը Արցախյան ազատամարտի առաջամարտիկ, ՀՅԴ անդամ, Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտ, Ասկոլկա) հիշատակի օրն է։ Հենց այս օրն է 1992թ․ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման ժամանակ զոհվել Աշոտ Ղուլյանը։
Հերոսի նահատակության օրը միջոցառում է կազմակերպվել Աշոտ Ղուլյանի անունը կրող Ստեփանակերտի համար 2 դպրոցում։ Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Աշոտ Ղուլյանի ընտանիքի անդամները, մարտական, կուսակցական ընկերներ, հարազատներ։ Ներկաները նախ ծաղիկներ են դրել դպրոցի բակում տեղադրված հերոսի կիսանդրու մոտ։ Այնուհետև կայացել է միջոցառում, որի ընթացքում կարևորվել է Բեկորի անցած մարտական ուղին, նրա թողած պատգամներն ու ուղերձները։
Դպրոցի սաները ներկայացրել են Բեկորի կյանքն ու գործը՝ հույս հայտնելով, որ մի օր իրենցից մեկը կհնչեցնի հայտնի խոսքերը՝ «Ես նստած եմ Շուշիի բերդի պատին ու սպասում եմ տղաների բարձրանալուն»։
Դպրոցի տնօրեն Վահրամ Հակոբյանն իր խոսքում առանձնացրել է Բեկորի մարտական ու կազմակերպչական ունակությունները․ «Նա լավագույնն էր ղեկավարում մարտական գործողությունները, հմտորեն կազմակերպում էր ենթակաների առօրյան ու կենցաղը թե՛ զորանոցային պայմաններում, որը հանդիսանում էր հենց մեր դպրոցը, թե՛ դաշտային պայմաններում։ Մեզ՝ ողջ մնացածներիս, մնում է սերունդներին դաստիարակել լեգենդար հրամանատար Աշոտ Ղուլյանի և նահատակված մեր մարտական ընկերների կերպարներով՝ միևնույն ժամանակ արժևորելով մարտական ուղի անցած ողջ մնացած ազատամարտիկների կերպարները»։
Բեկորի կիսանդրու հեղինակ, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանն էլ իրեն երջանիկ մարդ է համարում, քան որ ծանոթ էր մեծագույն հայորդի Աշոտ-Բեկորի հետ։ «Նրա կերպարի հետ աշխատելը ինձ համար առանձին երջանկություն էր։ Այսօրվա ծանրագույն քաղաքական իրավիճակում մեզ բոլորիս անհրաժեշտ է անընդհատ վերաժևորել մեր հերոսների սխրանքները՝ բարձրացնելու մեր կոտրված հոգիները և վերահաստատելու՝ ոչ մի քայլ հետ ազատության նշաձողից»,- ասել է արվեստագետը։