Աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությունը՝ ուսուցիչների հիմնական առաքելություն
Գլխավոր » Երիտասարդական » Աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությունը՝ ուսուցիչների հիմնական առաքելություն

Աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությունը՝ ուսուցիչների հիմնական առաքելություն

Բոլոր ժամանակներում անգնահատելի է եղել ուսուցիչների դերը հայ ժողովրդի կյանքում: Խաղաղ ժամանակ գիտության, իսկ պատերազմի ժամանակ հայրենիքի զինվորներ են դառնում ուսուցիչները: 44-օրյա պատերազմի ժամանակ էլ այդ նույն ուսուցիչները, զենք վերցնելով, կանգնեցին իրենց աշակերտների կողքին և սեփական օրինակով դարձան այն արիության դասերն իրականություն դարձնողները, որը խաղաղության օրերին սովորեցնում էին սերունդներին:  Այդ նույն ուսուցիչների նվիրական աշխատանքի արդյունքն էր այն  սերունդը, որ տարիներ շարունակ անձնվիրաբար պաշտպանում էր մեր հայրենիքը, իսկ պատերազմի օրերին սեփական կյանքը չէր խնայում մի բուռ հող անգամ թշնամուն չզիջելու համար:

2020թ. պատերազմից և կրած պարտությունից հետո կրկին ուսուցիչների ուսերին է մնացել սերունդներին կրթելու, դաստիարակելու, նրանց մոտ հույսը և կրկին հաղթելու հավատը վերականգնելու վեհ առաքելությունը: Նրանք են մեր լեզվի, հայրենիքի, հավատքի հարատևությունն ապահովում, նրանք են սերունդների մեջ սերմանում հայրենապաշտության վեհ գաղափարները: Նրանց անխոնջ աշխատանքի շնորհիվ են հաղթահարվում փորձությունները և նրանց դաստիարակության շնորհիվ են տարիներ ի վեր հայ ազգի սերունդներն ամենածանր վիճակից անգամ փյունիկի պես հառնել ու շարունակել իրենց երթը:

Հոկտեմբերի 5-ին նշվել է ուսուցիչների մասնագիտական օրը, որի առիթով «Ապառաժ»-ը զրուցել է 40 տարվա մանկավարժ, Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան հ.2 հիմնական դպրոցի տնօրեն, տիկին Լաուրա Մարտիրոսյանի հետ՝ ուսուցչի առաքելության և պատերազմից հետո ստեղծված խնդիրների մասին:

Լաուրա Մարտիրոսյանը պատմության ուսուցչուհի է: Իր երկարամյա վաստակի 22 տարիները նա նվիրել է Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան հ.2 հիմնական դպրոցին:

Խոսելով մեր օրերում ուսուցչի առաքելության մասին՝ տիկին Մարտիրոսյանը նշեց, որ որպես ուսուցիչ՝ իր առաքելությունը համարում է աշակետների ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացումը, չնայած որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը միշտ էլ շատ բարձր մակարդակի վրա է եղել դպրոցում:

«Տարիներ շարունակ իմ գերխնդիրը հենց դա է եղել: Այդպես եմ ապրել, այդպես եմ կերտել մանկավարժի իմ կենսագրությունը, այդպես եմ առաջ տարել իմ գործը ուսումնադաստիարակչական աշխատանքների մեջ: Ես միշտ ձգտել եմ սերունդներին դաստիարակել նժդեհյան գաղափարախոսությամբ: Բարձրագոչ չհամարեք, մեր կատարած գործերի, տարիների խորաշերտ աշխատանքի արդյունքում հայրենասիրական դաստիարակությունը ոչ թե իրավիճակային բնույթ է կրել, այլ՝ համակարգված և բազմաբնույթ, հետաքրքիր, սերունդների ոգին բարձրացնող, հայի հպարտությունը բարձրացնող»,-ասել է Լ. Մարտիրոսյանը:

2020թ.  44-օրյա չարաբաստիկ պատերազմից հետո տիկին Մարտիրոսյանը շարունակ մտորումների մեջ է՝ փնտրելով պարտության պատճառը:

«Ինչո՞ւ այսպես ստացվեց:  Եթե ասեմ, որ մեր դաստիարակած սերունդը հայրենասեր չէր, հայրենասեր էր: Թշնամին ուժեղ էր, այո, Թուրքիայի օգնությամբ ուժեղ էր, բայց ամեն դեպքում ես ուզում եմ մի փաստ ընդգծել, որը ոչ թե կարծրատիպ է, այլ իմ համոզմունքն է. սերունդների դաստիարակության հարցում մենք մեր առաքելությունը ճիշտ ենք տարել: Հայացք նետելով անցյալին՝ կարծես որևէ բան բաց չենք թողել: Ինչ-որ տեղ առկա բարոյահոգեբանական  ընկճվածության հիմնական պատճառը երևի մեր հասարակության սոցիալական շերտավորվածությունն էր: Ես արծաթապաշտության մեջ եմ տեսնում պարտության պատճառը. ոչ ժողովրդի, ոչ ամբողջ ազգի, այլ մասնավոր, անհատ  մարդկանց: Բացի այդ, իշխանության լծակներ ունեցող մարդիկ պետք է քարավանը ճիշտ ճանապարհով տանեին: Մենք՝ որպես մի հզոր կոլեկտիվ, որպես ստորաբաժանում, մեր գործը լավ ենք կատարել: Ինչո՞ւ այսպես ստացվեց. այդ հարցը երևի ոչ թե մեկ, այլ մի քանի բացասական պատասխան ունի: Մեր նվիրյալ տղաները, այնուամենայնիվ, կանգնած են եղել. պետք  է խոստովանենք սա և նրանց փառքը բարձունքում պահենք»,-նշում է Լ. Մարտիրոսյանը:

Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան հ.2 հիմնական դպրոցը պատերազմից հետո իր դռներն առաջինն է բացել աշակերտների համար:

«Պատերազմից հետո, նոյեմբերի 17-ին մեր դպրոցը քաղաքում և ամբողջ հանրապետությունում միակ դպրոցն էր, որ իր դռները բացեց: Նոյեմբերի 17-ին, երբ վերարկուս հագել և դուրս էի եկել փողոց, պատերազմի գաղջ հոտը դեռևս իշխում էր քաղաքում: Նայում էի շենքերին, որտեղ լվացքներ կային փռված պարանների վրա, և ըստ այդմ հասկանում, թե որ շենքում քանի մարդ  կա: Նոյեմբերի 17-ին քաղաքում հատուկենտ մարդիկ էին երևում: Փողոցներում քիչ մարդիկ կային, ովքեր զարմանում էին՝ այս կինը ո՞ւր է գնում: Այդ կինը՝ դպրոցի տնօրենը, իր մի քանի ուսուցիչների հետ գնում էր բացելու դպրոցի դռները: Պետք է նշեմ, որ մեր պահակները, տնտեսվարը պատերազմի օրերին չեն լքել դպրոցը: Պատերազմի սկզբից մենք էլ չենք լքել դպրոցը, որպեսզի անհրաժեշտության դեպքում քաղաքացիական պաշտպանությունը կարողանանք կազմակերպել:

Նոյեմբերի 17-ին բացեցինք դպրոցի դռները, և մեր դպրոցը դարձավ ոչ միայն մեր աշակերտների, այլ Արցախի բոլոր աշակերտների դպրոցը: Աշակերտներ եկան Արցախի տարբեր գյուղերից: Սա մինչև դեկտեմբերի առաջին օրերը, որից հետո արդեն քաղաքի մնացած դպրոցներն էլ բացվեցին. և՛ երեխաները, և՛ ուսուցիչներն արդեն սկսեցին հաճախել դպրոցներ, բայց մինչ այդ մեր դպրոցը հավաքական դպրոցի դեր էր տանում»,-պատմում է դպրոցի տնօրենը:

Չարաբաստիկ պատերազմը ստիպեց, որպեսզի փոխվեն նաև ուսուցիչների մոտեցումները աշակերտների դաստիարակության հարցում: Տիկին Մարտիրոսյանին թվում էր, թե դժվար պետք է լինի նորից դասարան մտնել, աշակերտների աչքերին նայել: Տարիներ շարունակ սերունդներին հաղթանակի շնչով ու բերկրանքով դաստիարակած ուսուցիչներին դժվար էր պատկերացնել, թե ինչպես պետք է դաստիարակվեն գալիք սերունդները:

«Ես մտածում էի, թե ինչքան դժվար պետք է լինի մեզ համար, ինչ պետք է անենք: Ընկճված էինք, իրավիճակը ոգեկոչող չէր, բայց, այնուամենայնիվ, երբ մտնում ես աշակերտների մոտ, երբ  քեզ են նայում սևաչ սիրուն տղաներ, քո հայ սերունդը, դու տարերքի մեջ ես մտնում: Ես ավելի քան լավ եմ սկսել դասավանդել, անկեղծ եմ ասում, մեր բոլոր ուսուցիչները դա կփաստեն: Մենք մեր աշխատանքը ավելի քան հայրենասիրական ոգով ենք շարունակել: Մտել ենք դասարան աշակերտների ոգին բարձրացնելու նպատակով,  նրանց բացատրել, որ չպետք է ընկճվել, այլ պետք է դասեր քաղել, առաջ նայել. սա էր իմ՝ որպես ուսուցչի գործ դարձած կարգախոսը: Աշակերտները պետք է բարձրանան և առաջ նայեն, իսկ ինչպե՞ս. ճիշտ  քայերով ու գործով՝ լավ սովորելով, լավ աշխատելով և առ հայրենիք սերը չպակասեցնելով: Սերը միայն որպես զգացմունք՝  ոչնչի չի օգնում: Այդ սերը, այդ նվիրումը պետք է գործ դառնա»,-ասում է տիկին Մարտիրոսյանը:

Դաժան պատերազմը չի շրջանցել ոչ ոքի: Այն իր բացասական հետքն է թողել նաև աշակերտների հոգեբանության վրա: Այսօր հ.2 հիմնական դպրոցում սովորում են նաև տեղահանված և զոհված զինծառայողների երեխաներ, որոնց հատուկ վերաբերունք է ցուցաբերվում դպրոցի կողմից՝ նրանց նորից կյանքի գույները վերադարձնելու համար: Տիկին Մարտիրոսյանի խոսքով՝ աշակերտների մոտ այն խոսակցություններն ու կարծիքներն են, ինչ-որ գոյություն ունի հասարակության մեջ:

«Երեխաները պետք է ճիշտ դաստիարակներ ունենան: Տանը ամեն ինչ կխոսեն, հասարակության մեջ ամեն ինչ կխոսեն, բայց ուսուցիչները  պետք է միշտ իրենց գաղափարներով բարձր լինեն, իմանան՝ ինչ են ուսուցանում, և անպայման միշտ վեհ գաղափարներով դաստիարակեն երեխաներին: Իհարկե, մտնելով դասարան, դու տեսնում ես՝ երեխան ինչ է մտածում, անգամ ասում են՝ այս մեկը դավաճան է, այն մեկը դավաճան է: Դու պետք է կարողանաս ճիշտ ուղղորդել դասարանը: Նրանք երեխաներ են՝ իրենց լսածն են ասելու, իրենց տեսածն են պատմելու: Ոսուցիչը պետք է կարողանա  և՛ գաղափարապես, և՛ հոգեպես բարձրացնել ու նրանց մեջ ներդնել այն միտքը, որ պետք է ապրեն հայրենիքում, ապրեցնեն հայրենիքը. ուսուցչի առաքելությունը դա պետք է լինի: Երեխաների մոտ, իհարկե, ընկճվածություն կա: Միայն մեր դպրոցում աշակերտների սոցիալական կազմը դիտարկելիս նկատում ենք՝ ինչքան տեղահանված, տունը կորցրած, զոհված ազատամարտիկների երեխաներ կան: Ցավը խորն է, ծով օվկիանոս, պետք է կարողանանք  այդ ցավի միջից աճեցնել ցասումը, այդ ցավի օվկիանոսում նրանց գլուխը բարձր պահել, որպեսզի այդ օվկիանոսը նրանց չկլանի ու չտանի հոռետեսության ու ընկճախտի գիրկը: Նրանց մեջ պետք է սերմանել, որ նրանք ամենակարող են: Ես միշտ ասում եմ նրանց, որ ուր էլ լինեն՝ պետք է մտածեն, որ ամենալավն ու ամենակարող են, որ զգան՝ ուժ են, կարող են դառնալ ուժ, իրենց ներաշխարհում պոտենցիալ կա, մեծ հնարավորություններ թե՛ գաղափարական, թե՛ ֆիզիկական, ու զարգացնեն իրենց բոլոր կարողություններն ու հմտությունները»,- նշում է Լ. Մարտիրոսյանը:

Արցախյան առաջին պատերազմում Բեկորի գլխավորած առաջին վաշտը հենց այս շենքի պատերից ներս է գիշերել, այստեղ են իրենց պլանները գծել և այս շենքի բակից են տղաները մարտի մեկնել: Դպրոցում սովորելն ու սովորեցնելը, որը կրում է մեծ հայրենասեր, դաշնակցական մարտիկ Աշոտ Ղուլյանի անունը, տարիներ շարունակ ավելի քան պարտավորեցնող է եղել ուսուցչական անձնակազմի և աշակերտների համար:

Տարիներ շարունակ մեր դպրոցում հազարավոր աշակերտների ընդունել ենք բարձրահունչ հայրենասիրական երգերի ներքո, տարիներ շարունակ և մինչև այսօր երեխաները դպրոց հաճախելով մտնում են փառքի սրահ, որտեղ ցուցանակները, ցավոք սրտի, շատացել են, և գլուխ խոնարհում տղաների նկարների առջև, ապա բարձրանում դասարան: Աշոտ Ղուլյանը իմաստուն շատ պատգամներ է թողել իր հետնորդներին: Եթե մեզնից յուրաքանչյուրը՝ ռամիկ աշխատավորից մինչև իշխանություններ, իրենց գործը կատարեն՝ ինչպես որ հարկն է, հենց դա կհամարվի իսկական հայրենասիրություն: Մեր ընկած տղաների շարքերը հրամայում են մեզ ճիշտ ապրել, ճիշտ գործել, բառը դարձնել գործ»,-նշում է Լ. Մարտիրոսյանը:

Վերջերս՝ սեպտեմբերի 6-ին, դպրոցի բակում տեղադրվել է լեգենդար մարտիկի կիսանդրու բացումը: Գաղափարը, որը տարիներ շարունակ կար դպրոցում, իրականություն է դարձել ՀՅԴ-ի նախաձեռնությամբ և ավստրալահայ բարերար Շանթ Կրաջյանի հովանավորությամբ:

«Փառքի սրահում մենք ունենք Բեկորի կիսանդրին, բայց ավելի լավ կլիներ, եթե դպրոցի բակում  ևս տեղադրվեր: Այդ մտահաղացումը կար և՛ դպրոցի, և՛ ՀՅԴ կուսակցության կողմից:  Տարիներ շարունակ խոսում էինք, շատ անգամներ ներկայացուցիչներ են եկել այդ հարցով, սակայն ապարդյուն: Այս անգամ դպրոց այցելեցին  Դավիթ Իշխանյանը, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը և Սերգեյ Ադամյանը: Հասկանալի է, նախաձեռնությունը ՀՅԴ-ին  ու դպրոցինն էր, հովանավորվել է ավստրալահայ երիտասարդ Շանթ Կրաջյանի կողմից և  մեր իշխանությունների՝ կառավարության, քաղաքապետարանի աջակցությամբ տեղադրվել է Բեկորի կիսանդրին»,-պատմում է տնօրենը:

Ինչպես ամեն մի դպրոց, այնպես էլ  Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան հ.2 հիմնական դպրոցն ունի իր խնդիրները, սակայն տնօրինությունն ու աշակերտությունը չեն տրտնջում, այլ փորձում են քայլել իրավիճակի հետ և եղած պայմաններում հնարավորինս բարձր մակարդակով կազմակերպել ուսումնական գործընթացը:

«Մեծ դպրոց ենք՝ շատ խնդիրներով, սակայն այսօրվա իրավիճակից պետք է բխեցնենք մեր գործողությունները և շարունակենք մեր աշխատանքը. պարզապես լավ կատարենք այն և քաղաքական տարաձայնություններից ու ընդհանրապես պատերազմի հետևանքով հասարակության մեջ գոյացած առկա բացասական էներգիայից երեխաներին հնարավորինս զերծ պահենք: Դպրոցը, պատկերացրեք, որ ժամացույցի սլաքի ճշգրտությամբ շարունակում է իր աշխատանքը, ջանում է ամեն ինչ պահել իր տեղում ու զարգացնել: Խնդիրները շատ շատ են, բայց աշխատում ենք եղած պայմաններում, որը չնայած վատ չէ, լավ ուսուցանել, ճիշտ դաստիարակել և ուսումն ու կրթությունը պահել բարձր մակարդակի վրա:

Տիկին Մարտիրոսյանը հպարտությամբ է խոսում  22 տարի շարունակ իր ղեկավարած դպրոցի հաջողությունների մասին:

«Դպրոցը 2007թ. ճանաչվել է տարվա լավագույն դպրոց, 2008թ.՝ արտադպրոցական և արտադասարանական գծով՝ տարվա լավագույն դպրոց: 2015թ. մասնակցել եմ տնօրենների մրցույթին և հաղթել լավագույն ռազմահայրենասիրական դաստիարակություն անվանակարգում:  Հաղթանակներ են գրանցվել բոլոր ոլորտներում՝  սպորտային, ուսումնական: Եթե ինչ-որ մեկը ինձ հարցներ այս տարիների ամենափառավոր գործի մասին, ես կասեի դպրոցում ռազմահայրենասիրական բարձր մակարդակի դաստիարակության մասին: Թույլ տվեք նշել, որ մեր դպրոցի պատերն անգամ շնչել են հայրենասիրությամբ, և աշխատում ենք, որ շնչեն հայրենասիրությամբ: Բազմաթիվ արիության դասեր, միջոցառումներ են կազմակերպվել մեր դպրոցում»,- նշում է Լ. Մարտիրոսյանը:

Հաջողությունների հետ մեկտեղ, դպրոցը նաև անդառնալի կորուստներ է ունեցել: Սերունդները, որոնք տարիներ շարունակ այս դպրոցում ստացել են ռազմահայրենասիրական դաստիարակություն, ոգեշնչվել Բեկորի գաղափարախոսությամբ ու գործերով, սերտել արիության դասերը, 2020թ. սեպտեմբերից սկսած լայնածավալ պատերազմում պետք է գործով ցույց տային, թե ինչքան լավ են սերտել այդ դասերը: Ցավոք, պատերազմ մեկնած սաներից 22-ն այդպես էլ հետ չեն վերադարձել՝ փառավորվելով հայոց անմահների շարքերում:  Տիկին Մարտիրոսյանի խոսքով՝  նա կորցրել է իր լավագույն աշակերտներին՝ մեկը մյուսին գերազանցող տղաներին:

Ցավի ու կորստի հետ մեկտեղ, տիկին Մարտիրոսյանը լավատեսությամբ ու հավատով է լցված ապագայի հանդեպ, որը փորձում է վարակիչ դարձնել, որովհետև ամեն դեպքում ընկճվելու և հուսալքվելու իրավունք չունենք:

«Ես լինեմ, թե դուք, պետք է մեր բոլոր քայլերը բխեցնենք իրողությունից, միֆեր չստեղծենք, կարողանանք իրականությունը ճիշտ գնահատել, իրականության հետ հաշվի նստել և մեր քայլերը բխեցնել իրականությունից: Ամեն դեպքում, պետք է պայքարենք: Որպես քաղաքացի՝ իմ ցանկությունն այն է, որ մենք պետք է հզորանանք, երբեք չընկճվենք. եթե ընկճվենք ամենավատ ուղիով ենք շարժվելու: Ո՛չ, պետք է պայքարենք, բայց նաև այնպես անենք, որ ավելի մեծ հարված չստանանք:

Արցախն ապրի, միշտ մնա հայ, մինչև Արաքս կանգնի հայությունը, հադրութեցին նորից բնակվի Հադրութում, մեր Դիզափայտի բարձունքը լինի մեր ձեռքին: Պետք է ընտրենք այն ճանապարհը, որը կտանի դեպի ամբողջական Արցախ, որտեղ հայությունը հավետ կապրի: Ոչ մի արցախցի չպետք է մտածի իր տունը թողնելու մասին, ինչ էլ լինի: Մենք մեր տնից չպետք է դուրս գանք: Թշնամու ուզածը հենց դա է, ուստի հոգեբանական գրոհներ է իրականացնում: Պետք է տանն ապրենք ու կարողանանք տան պատերն ամրացնել:

Հասարակության մեջ ամեն ինչ խոսում են. բոլորը քաղաքագետներ են դարձել, որը տանել չեմ կարողանում: Ամեն մի բառը, առավել ևս՝ հիմա, քաղաքացին պետք է պատասխանատվությամբ արտաբերի, բայց այնպիսի մի հեղհեղուկ իրավիճակում ենք, որ շատ անգամ հիասթափվում եմ անպատասխանատու հայտարարություններից, քննադատություններից, վիրավորանքներից: Դա մթնոլորտը պղտորող է և ընդհանուր գործին ոչ մի օգուտ չի բերում»,- իր խոսքը եզրափակում է Լաուրա Մարտիրոսյանը:

Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նկարները՝ Ստեփանակերտի 2-րդ հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջից

1