Լռության գինը

Լռության գինը

Փետրվարի 5-ին հրապարակվեցին Բաքվի կողմից պատանդառված Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարների, հայ գերիների դեմ շինծու մեղադրանքների գործով «դատավճիռները»։

Անշուշտ, նման վճիռները բոլորովին անսպասել չէին, սակայն պետք է արձանագրենք, որ Բաքվի «դատարանների» որոշումները ոչ միայն իրավական որևէ արժեք չունեն, այլև հերթական անգամ հաստատում են, որ գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի և վրեժխնդրության համակարգված քաղաքականության հետ։

 
Բոլորովին պատահական չէ, որ հենց այս օրերին, արդեն 5 տարի ժողովրդի խաղաղությունը խլած Փաշինյանն՝ արժանանում է խաղաղության մրցանակի,  թվացյալ խաղաղության համար։ Ժամանակային այս համընկնումը պարզապես զուգադիպություն չէ․ այլ խորդանշական և ցավալի։


Մի կողմում Արցախի ընտրված ղեկավարներն են, որոնք տարիներ շարունակ պաշտպանել են իրենց ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը և այսօր կանգնած են շինծու մեղադրանքների առաջ՝ ադրբեջանական բանտերում։

Մյուս կողմում՝ Հայաստանի իշխանության ղեկավարը, ով պարգևատրվում է այն քաղաքականության համար, որի հետևանքով Արցախը դատարկվեց, իսկ նրա ղեկավարները դարձան պատանդներ։

«Զայեդ» մրցանակը ներկայացվում է որպես խաղաղարար ջանքերի գնահատում։ Սակայն ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ այդ «խաղաղության» գինը Արցախի կորուստն է, հազարավոր զոհերը, ժողովրդի տեղահանությունը և ազգային արժանապատվության ոտնահարումը։ Առանց արդարության իրավունքների վերականգման՝ խաղաղությունը չի կարող լինել իրական։

Բաքվի շինծու դատավարությունները պետք է դառնան ոչ թե հուսահատության, այլ պայքարի ազդակ։ Որքան էլ փորձեն լռեցնել՝ մինչ մեր հայրենակիցները կանգնած են թշնամու դատարանների առաջ և Արցախի ժողովուրդը զրկված է իր Հայրենիքից, և խաթարված է մեր ազգային կյանքը՝ մենք լռելու իրավունք չունենք։

Պայքարը հայ պատանդների ազատության, Արցախ վերադարձի և ազգային արժանապատվության համար պետք է լինի՝ հաստատակամ և անդադար։

«Ապառաժ» -ի խմբագրական

06 փետրվար, 2026

1