Արժանապատիվ հայի պարտքը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Արժանապատիվ հայի պարտքը

Արժանապատիվ հայի պարտքը

Հայաստանում իշխանությունների փոփոխության հարցը մտել է վճռորոշ փուլ:

Ձախողումների, ստորաքարշության, ստի խորհրդանիշ դարձած վարչախումբը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ապրում է իր վերջին օրերը: Հոգեւարքի այս պահին անգամ հոխորտանքն ու պոռոտախոսությունը չի դադարել եւ կարծես օրեցօր թափ է ստանում, որն ավելի շատ նման է տենդի մեջ հնչող զառանցանքի: Սպասելի է, որ Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունների նախօրեին՝ քարոզարշավի ընթացքում եւս աներեսաբար կհնչեն բարբաջանքներ «նախկիններին» փնովելու եւ Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման «աննախադեպ» նվաճումների մասին: Թշնամու առաջ ծնկի եկածը, մի ամբողջ պետական համակարգ փոշիացնողը, անվտանգության ու հայրենիքի սահմանները պաշտպանելու անընդունակը, մսխումների մեջ թաղված հանցագործը ոչ միայն ամոթից գետինը չի մտնում, այլեւ հոխորտում է «աննախադեպության» ցուցանիշներ ապացուցելու կեղծ փաստերով:

Հայաստանում 2018թ. իշխանափոխությունից հետո հանցագործ ռեժիմի կառավարման օրվանից առարկայորեն ամենաշատը տուժել է Արցախն ու արցախցին: Հազարավոր նահատակներ, հազարավոր վիրավորներ, հարյուրավոր գերիներ, հայրենիքի մեծ մասի կորուստ, տասնյակ հազարավոր բռնագաղթվածներ, ահա այն, ինչ Արցախն իր մաշկի վրա զգաց այս ընթացքում: Սուտը, վիրավորանքը, ապագայի նկատմամբ մշուշոտ հեռանկարը, անվստահությունն ու անհեթեթ պարծենկոտությունը այն երեւույթներն են, որոնք այսօր տիրական են Արցախի մթնոլորտում:

Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո Արցախյան հիմնախնդրի նկատմամբ կեցվածքն ու քաղաքական դիրքորոշումը միշտ էլ որոշիչ նշանակություն են ունեցել Հայաստանի իշխանությունների ձեւավորման հարցում:

Արցախի գլխին իջած այս արհավիրքից եւ այս բոլորը իր մաշկի վրա զգալուց հետո ոչ մի արցախցի չի կարող անտարբեր մնալ եւ իր ժխտական կեցվածքը չցուցաբերել Հայաստանում իշխանության եկած դավադիրների նկատմամբ: Դեռ ավելին, ովքեր փորձեն քծնել եւ արդարացնել ապիկար իշխանություններին, նրանց ճակատին եւս կդաջվի դավաճանի խարանը:

Արցախի բնական դաշնակից Հայ Յեղափոխական Դաշնակցության, Սյունիքում ձեւավորված «Վերածնվող Հայաստան» կուսակցության եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախմբմամբ ձեւավորված «Հայաստան» դաշինքը հայտ է ներկայացրել առաջիկա ընտրություններին ստանձնել պատասխանատվություն եւ հայրենիքի փրկությունն իրականացնել առողջ, պատասխանատու եւ հաղթանակի հեռանկարով օժտված գաղափարական ուժերի միասնությամբ:

Այսօր յուրաքանչյուր արժանապատիվ հայի պարտքն է՝ իր լուման ներդնել հայրենի պետության վերականգնման, ազգային հաղթական գաղափարախոսությամբ զինվելու եւ հայրենիքի զարգացման ուղղությամբ ոչ մի ջանք չխնայելու գործում:

Հայրենիքի փրկությունն իրականանալի կդառնա միայն դավադիր վարչախմբի հեռացմամբ:

«Ապառաժ»-ի խմբագրական

17 մայիս, 2021թ.

1