Արծվիկ Մինասյանը բացատրեց, թե ինչու չեն միացել ԱԺ հայտարարությանը

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց, թե ինչու իրենց խմբակցությունը չի միացել ԱԺ հայտարարությանը՝ ադրբեջանական հարձակման վերաբերյալ:
Մինասյանն իր ելույթում նախ շեշտեց, որ նախորդ ամբողջ գիշեր իրենց խմբակցությունն աշխատել և հայտարարություն է արել: Ըստ «Հայաստան» խմբակցության՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մշակած հայտարարության նախագիծն ամբողջական չէր:
Խմբակցությունն առաջարկել էր 4 կետ՝ որպես կարևորագույն ուղերձ՝ ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ ՀՀ քաղաքացիներին, սակայն դրանք չէին ներառվել նախագծում:
«Մենք այս հայտարարությանը դեմ չենք, ասում ենք, որ այն ամբողջական չէ: Եվ, հետևաբար, ոչ մի լուծում չի պարունակում իր մեջ: Եթե ուզում ենք, որ լուծում պարունակի, ապա պետք է հստակ, թիրախավորված ասենք»,-կարծիք հայտնեց Մինասյանը:
Այսպիսով` նա ասաց, որ չեն մասնակցելու հարցի քվեարկությանը, քանի որ նախագիծը համարում են կիսատ:
Արձագանքելով իշխանական պատգամավորներին՝ Մինասյանը շեշտեց՝ եթե իրենք շահագրգռված չլինեին պետականության պաշտպանության հարցով, այդ կարևորագույն կետերը չէին ասի:
Նիստին ընդդիմությունից մասնակցում էին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը խորհրդարանն ընդունեց 65 կողմ ձայնով:
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05 ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: