Արծիվ Լալայանը տուն է գնել գյուղում, սակայն աշխատանք չկա. մեղվաբուծության համար դիմել է Կառավարություն՝ ծրագիր չկա
Արծիվ Լալայանը տուն է գնել Կարբի գյուղում, սակայն աշխատանք չկա. մեղվաբուծության համար դիմել է Կառավարություն՝ ծրագիր չկա
Արցախից բռնատեղահանված ընտանիքների մի մասը բնակապահովման հավաստագրերով բնակելի տներ են ձեռք բերում գյուղական համայնքներում՝ հույս ունենալով զբաղվել գյուղատնտեսական գործունեությամբ, որպեսզի կարողանան ապահովել ընտանիքի հոգսերը։
Այդ ընտանիքներից է կրկնակի տեղահանված, արցախցի գեղանկարիչ Արծիվ Լալայանի 7 հոգանոց ընտանիքը։ Լալայանները բնակելի տուն են ձեռք բերել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կարբի գյուղում։
-Արցախից տեղահանվելուց հետո բնակություն էինք հաստատել Արարատի մարզի Անյթապ բնակավայրում։ Ի սկզբանե մտադրություն ունեինք տուն ձեռք բերել որևէ գյուղում, որպեսզի կարողանանք զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով, առավելապես շեշտը դնելով մեղվաբուծության վրա, քանի որ ունեմ բավականին փորձ այդ բնագավառում։ Օգտվելով արցախցիներին տրամադրվող հավաստագրից՝ տուն գնեցինք Կարբի գյուղում, որովհետև այստեղ որոշ չափով բարենպաստ են պայմանները մեղվաբուծության համար։ Նախորդ տարվա հոկտեմբեր ամսին տեղափոխվել ենք նոր տունը։ Տան արժեքը 76000 ամերիկյան դոլար էր։ Մեր ընտանիքին տրամադրվեց ընդամենը 21 մլն ՀՀ դրամ (1 շնչին՝ 3 մլն), որը, բնականաբար, բավարար չէր և գումարին ավելացրինք նաև մեր խնայողություններից։ Տունը, որը երկհարկանի է, գտնվում է անմխիթար վիճակում, ունի վերանորոգման կարիք, որը դեռևս չենք կարող իրականացնել։
Տեղափոխվելուց հետո դիմեցի ՀՀ կառավարություն մեղվաբուծության աջակցության ծրագրից օգվելու համար, սակայն պատասխանեցին, որ ներկա դրությամբ նման ծրագիր չի գործում։ Իմ միջոցներով ձեռք եմ բերել 6 մեղվաընտանիք։ Նպատակ ունեմ հետագայում ընդլայնել մեղվաբուծական գործուենությունս, ստանալ անարատ մեղր և բացի ընտանիքիս կարիքները հոգալուց, ինչու չէ նաև ստանալ եկամուտ։ Ունեմ փորձ, ինչպես նաև սեր մեղվաբուծության հանդեպ։ Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, Մեծ Թաղերում զբաղվում էի մեղվաբուծությամբ․ ունեի 15 մեղվաընտանիք։ Նպատակս էր իմ ընտանիքի, հարազատների համար անարատ մեղր ստանալ։
Այստեղ ևս կշարունակեմ նույն կերպ աշխատել ու ստանալ որակյալ արտադրանք։
Տնամերձ հողամասում սկսել եմ աշխատել, հողը նախապատրաստում եմ բանջարաբոստանային կուլտուրաների աճեցման համար։ Կարբիում բնակչությունը հիմնականում զբաղվում է այգիների մշակմամբ․ այստեղ գրեթե բոլորն ունեն խնձորի այգիներ ու ստանում են առատ բերք։ Ապրել գյուղական բնակավայրում ինձ համար շատ հաճելի է, առանձնապես, երբ կարող ես զբաղվել քո սիրած գործով, բերք ու բարիք ստեղծել,- ասում է Արծիվը։
Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից տեղահանված գեղանկարիչ Արծիվ Լալայանը 5 զավակների հայր է․ կրտսերը ծնվել է 44-օրյա պատերազմից հետո, Ստեփանակերտում։
Արցախյան առաջին և 2020-ի 44 օրյա պատերազմներում զոհվել են Արծիվ Լալայանի եղբայրները՝ Խաչոն և Վահրամը։
Առաջին տեղահանության ժամանակ նկարիչը ոչինչ չի վերցնել իր օջախից, իսկ երկրորդ անգամ հասցրել է Արցախից դուրս հանել իր և կնոջ՝ նկարչուհի Տաթև Ամիրջանյանի հեղինակային նկարները՝ մտածելով, որ գոնե այս անգամ կարող է փրկել նորաստեղծ գործերը, որոնցից ամեն մեկն իր յուրովի պատմությունն ունի։ Հադրութի Մեծ Թաղեր գյուղում են մնացել նրանց տարբեր չափի թղթերի վրա արված հազարավոր նկարներ և մոտ հարյուր կտավ։
Ամուսինները Երևան քաղաքում կազմակերպում են նաև հեղինակային նկարների ցուցահանդես-վաճառքներ՝ հույս ունենալով եկամուտ ստանալ իրենց աշխատանքից։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
