Արտաքին քաղաքականությունը՝ անվտանգության գործոն
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Արտաքին քաղաքականությունը՝ անվտանգության գործոն

Արտաքին քաղաքականությունը՝ անվտանգության գործոն

Հայաստանի Հանրապետությունում իշխող ապիկար վարչախումբը շարունակում է կազմաքանդել հայկական պետականության անվտանգային համակարգը:

Անվտանգային համակարգը լայն հասկացողություն է, որն իր մեջ պարունակում է ոչ միայն  Պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերը  և անվտանգության ծառայությունները, այլ նաև արտաքին գործերի նախարարությունն ու դիվանագիտական աշխատանքները: Հանրաճանաչ ասույթ է. «Երբ ձախողվում են դիվանագետները՝ հնչում է թնդանոթների ձայնը»:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի  վերջին 30 տարվա դիվանագիտական գործունեության գլխավոր թիրախը, կարևորագույն առանցքը Արցախի հիմնահարցի կարգավորումն էր:

Հայաստանում իշխանական լծակներն ամեն գնով իրենց ձեռքում պահող վարչախումբը իր արտաքին ապաշնորհ քաղաքականության հետևանքով Արցախը համարում է իր ուսերին բարձված բեռ, որից՝ օր առաջ ազատվելը դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը:

Այդ դավաճանական կեցվածքի արդյունքները աղետալի են եղել Արցախի համար, իսկ Արցախի Հանրապետությունը, եթե հանդուրժի նման բարձիթողի վիճակ, գահավիժումը օրեցօր ավելի թափ կստանա: Այս ծանր օրերին հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի դրոշակակիր դառնալու առաքելությունը մեկ անգամ ևս վերապահված է Արցախի Հանրապետությանը:

Այդ ասպարեզում Արցախի արտաքին քաղաքականությունը պետք է ամրապնդի Արցախի հայկական պետականության առարկայական ներկայությունը թե՛ հայ իրականության մեջ, թե՛ տարածաշրջանում և թե՛ միջազգային բեմահարթակում:

44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Արցախի արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը շարունակում է մնալ Արցախի միջազգային ճանաչումը: Այդ գործում Հայ Հեղափոխական Դաշնակցությունը անվերապահորեն Արցախի կողքին է: Հայ Դատի հանձնախմբերի գործունեության շնորհիվ վերջին ականատես եղանք հայանպաստ դիվանագիտական հաջողությունների թե՛ Ամերիկայում և թե՛ Եվրոպայում:

Որպես օրակարգային թիրախ՝ միջազգային բեմահարթակում Արցախի հայկական պետությունը պետք է ներկայացվի որպես տարածաշրջանային հավասարակշռության պահպանման և հարատև խաղաղության պահպանման շարժիչ գործոն: Իսկ հայկական իրականության մեջ՝ Արցախը պետք է վերականգնի իր ազգային գաղափարախոսական ազդեցությունը համահայկական արժեհամակարգում:

Ազգային գաղափարախոսությունը մեր օրերում միս ու արյուն է դարձել Արցախով: Իսկ ազգային գաղափարախոսությունը հայ ժողովրդի հարատևման և զարգացման երաշխիքն է:

«Ապառաժ»-ի խմբագրական

31 հուլիսի, 2021թ.

1