Արտաքին քաղաքական ամբողջ դաշտը վերանայելու անհրաժեշտություն կա
Գլխավոր » Լրահոս » Արտաքին քաղաքական ամբողջ դաշտը վերանայելու անհրաժեշտություն կա

Արտաքին քաղաքական ամբողջ դաշտը վերանայելու անհրաժեշտություն կա

Հունիսի 30-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստին նախագահի և կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանն անդրադարձել է ԱՀ և ՀՀ քաղաքական հարաբերությունների հարցին:

Խոսելով ՀՀ արտաքին գործերի նախարարի և ՀՀ նախագահի հետ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի հանդիպման մասին՝ Դավիթ Իշխանյանը նշել է, որ Արցախի Հանրապետության և ՀՀ քաղաքական հարաբերությունների դաշտը ինստիտուցիոնալ մակարդակով կարգավորված չի:

«Ի վերջո ուզում եմ հասկանալ մեր արտաքին քաղաքականության բնագավառում և քաղաքական հարաբերությունների կոնտեքստում մենք կարողանալո՞ւ ենք մեր իրավակարգավորումները ձևավորել և համապատասխան մակարդակի վրա դնել»,- հարցրել է Դ. Իշխանյանը:

Ի պատասխան Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետնախարարի և ցանկացած այլ պաշտոնյայի հանդիպումը հայաստանյան գործընկերներ հետ նախագահի հետ համաձայնեցվում է:

«Արտաքին գործերի նախարարությունների հետ կապված Ձեր մտահոգությունները մենք կիսում ենք, կա երկու կառույցների միջև բաց: Բայց դա միայն այդ երկու կառույցների միջև չէ, մենք ունենք այդ խնդիրը: Ես ՀՀ վարչապետին էլ եմ ներկայացրել որոշ կառույցների ոչ բավարար համագործակցությունը և պայմանավորվել ենք, որ այդ հարցը պետք է շտկենք: Իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, դա միայն նախագահինը չէ, դա մեր երկրի նոր ձևավորված իրավիճակն է: Ունեցել ենք նախընտրական այլ արտաքին քաղաքական տեսլական, որը, ցավոք, պատերազմի հետևանքով փոխվել է և այսօր բոլոր արտաքին բնագավառին վերաբերող հարցերը ես փորձում եմ քննարկել ձեզ հետ, քննարկել Անվտանգության խորհրդում, այլ ձևաչափերով: Մենք ունենք որոշակի շտկելու, կանոնակարգելու անհրաժեշտություն՝ ընդհուպ մինչև հայտարարությունները և այլն: Ինչո՞ւ պետք է Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումը Գորիսում կազմակերպվի, եթե մենք այդ խնդիրները նախկինում չենք ունեցել: Ինչո՞ւ ենք Ֆրանսիայի և ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն հրաժարվել ինձ հետ հանդիպելուց: Սա հնարավոր չէ բաց քննարկել, բայց քաղաքական ուժերի մասնակցությամբ անհրաժեշտ քայլերը ինչ-որ տեղ համաձայնեցված ենք կատարում, և պետք է այդպես շարունակենք: Ունենք արտաքին քաղաքական մեր ամբողջ դաշտը վերանայելու անհրաժեշտություն»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Արձագանքելով՝ Դ. Իշխանյանը նշել է, որ խորությամբ գիտակցում է հարցի էությունը և պատահական չէ հրապարակային հարթակից այդ հարցերին անդրադառնում. «Մենք պետք է պահանջի կարգով Հայաստանյան մեր գործընկերների առջև այս խնդիրը դնենք: Հարցի խորությունն ամբողջապես գիտակցելով՝ նաև պետք է այս հարցին սկզբունքային մոտեցում ցուցաբերել և որոշակիորեն բարելավել ու շտկել մեր հարաբերությունները: Վերջապես ապրիլի 14-ի մեր հայտարարությունը բխում է 1988թ. փետրվարի 20-ի կայացված որոշումից, սա շատ կարևոր է, որպեսզի երկուստեք մենք կարողանանք մեր դերերի մեջ մնալ»:

Հարցուպատասխանի վերջում Արտակ Բեգլարյանը անդրադարձավ Դավիթ Իշխանյանի հարցմանը՝ նշելով, որ ՀՀ վերջին այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի և ՀՀ նախագահի հետ: Հանդիպումները համադրված են եղել և՛ ԱՀ նախագահի, և՛ ԱՀ ԱԳՆ-ի հետ: Ըստ Բեգլարյանի՝ հիմնականում խոսվել է հումանիտար հարցերի շուրջ, որն իր աշխատանքային ոլորտն է, ինչպես նաև իր կողմից հնչեցվել է Արցախի կողմից բազմիցս շեշտված ինքնորոշման իրավունքի մասին: «Բոլոր հանդիպումներում մեր ինքնորոշման իրավունքի անսահմանափակ ու անվերապահ իրացման մասին խոսել եմ, շեշտադրել եմ, որ այդ դիրքորոշումները պետք է տեղ գտնեն նաև ՀՀ հրապարակային դիրքորոշումներում»,- մասնավորապես նշել է Արտակ Բեգլարյանը:

Նա նաև ավելացրել է, որ ՀՀ նախագահի հետ որպես «Հայաստան» համահայական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ խոսել է որոշ հարցերի կարգավորման մասին՝ հույս հայտնելով, որ շուտով դրանք կկարգավորվեն:

1