Արտակ Բեգլարյանը հանդիպել է Արցախի և Տավուշի մի խումբ երիտասարդների հետ
Գլխավոր » Երիտասարդական » Արտակ Բեգլարյանը հանդիպել է Արցախի և Տավուշի մի խումբ երիտասարդների հետ

Արտակ Բեգլարյանը հանդիպել է Արցախի և Տավուշի մի խումբ երիտասարդների հետ

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության ծրագրերի շրջանակներում, հանդիպում է ունեցել Արցախի և ՀՀ Տավուշի մարզի մի խումբ երիտասարդների հետ՝ կազմակերպության հիմնադիր և տնօրեն, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանի գլխավորությամբ:

Ա.Բեգլարյանը ներկայացրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, աշխատանքի հիմնական առանձնահատկություններն ու ուղղությունները: Նա շեշտադրել է, որ Պաշտպանի հաստատությունը ձևավորվել և գործում է միջազգային հայտնի սկզբունքներին համապատասխան՝ միևնույն ժամանակ առերեսվելով տարբեր ներքին ու արտաքին մարտահրավերների:

Պաշտպանն ընդգծել է, որ թեև Արցախի Հանրապետությունը լուրջ հաջողություններ է արձանագրել մարդու իրավունքների երաշխավորման գործում, սակայն առ այսօր առկա են մի շարք համակարգային խնդիրներ ու դժվարություններ այդ առումով: Նա նշել է, որ այդ խնդիրների հիմնական մասի կարգավորման համար անհրաժեշտ է Արցախում զարգացնել քաղաքացիական հասարակությունը և նպաստել պետական մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական բարելավմանը:

Ա.Բեգլարյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ հակամարտությամբ և Արցախի միջազգային մեկուսացմամբ պայմանավորված մարդու իրավունքների խախտումներին և սահմանափակություններին՝ ընդգծելով, որ Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականությունը սպառնալիք ու խոչընդոտ է արցախցիների ոչ միայն կյանքի ու անվտանգության, այլև՝ մի շարք այլ իրավունքների ու ազատությունների համար: Պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին՝ Պաշտպանը նշել է, որ ընթացիկ պայմաններում հակամարտության արդարացի կարգավորման և տևական խաղաղության միակ ճանապարհը հայոց պետականության շարունակական զորացումն է անվտանգային, սոցիալ-տնտեսական և կառավարման առումներով:


ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

1