Արշավ դեպի Հակոբավանք ու Ծաղկաշատ
Գլխավոր » Երիտասարդական » Արշավ դեպի Հակոբավանք ու Ծաղկաշատ

Արշավ դեպի Հակոբավանք ու Ծաղկաշատ

Սեպտեմբերի 10-ին Ստեփանակերտի քաղաքապետարանը հայրենաճանաչության ծրագրի շրջանակներում նախաձեռնել է արշավ դեպի Հակոբավանք կամ Մեծառանից վանք, որը գտնվում է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի հարակից բարձունքում: Տարբեր երիտասարդական կազմակերպություններից և քաղաքապետարանի ներկայացուցիչներից կազմված 60 հոգանոց խումբը հագեցած օր ունեցավ: Ծրագրին մասնակցում էին նաև ՀՅԴ Արցախի երիտասարդական միության մի խումբ անդամներ:

Առաջին կանգառը «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում էր, որտեղ մասնակիցները հրավիրված զբոսավարի միջոցով տեղեկացան Արցախը խորհրդանշող տուֆակերտ կոթողի պատմությանն ու նշանակությանը:

Հետո այցելեցին Հակոբավանք, որտեղ նրանց ողջունեց և օրհնեց վանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ով նաև ներկայացրեց V-VII դարերում կառուցված տաճարի պատմությունը:

Արշավախումբը հաջորդիվ Ծաղկաշատ գյուղում «վարպետաց դասերի» շրջանակում ծանոթացավ թոնրում հաց թխելու գաղտնիքներին, համտեսեց արցախյան ավանդական ուտեստներից կուրկուտ:

Օրվա երկրորդ կեսին խումբը եղավ Նիկոլ Դումանի տուն-թանգարանում:

Հաճելի և ճանաչողական ժամանցի վերջին ակորդներն էլ տեղում կազմակերպված տարբեր խաղերն էին արշավականների մասնակցությամբ ու «Մենք ենք մեր սարերը» ազգագրական երգուպարի համույթի հայրենասիրական կատարումները:

Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Սուրեն Թամրազյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ քաղաքապետարանի այս նախաձեռնությունը պարբերական բնույթ է կրում, և փորձում են երիտասարդներին ծանոթացնել պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողներին՝ նախապատվությունը տալով այնպիսի վայրերին, որտեղ շատ չեն այցելում:

1