Արմենի ընտանիքն անգամ ծաղիկ խոնարհելու հասցե չունի․ այսօր նրա ծննդյան տարեդարձն է
Գլխավոր » Գաղափարական » Արմենի ընտանիքն անգամ ծաղիկ խոնարհելու հասցե չունի․ այսօր նրա ծննդյան տարեդարձն է

Արմենի ընտանիքն անգամ ծաղիկ խոնարհելու հասցե չունի․ այսօր նրա ծննդյան տարեդարձն է

2020 թվականի պատերազմի օրերին ժամկետային զինծառայող Արմեն Հարությունյանը զանգել է հարազատ քրոջն ու խնդրել, որ հեռախոսով միացնի «Հայաստանի համն ու հոտը ուրիշ է, մորս ձեռքի հացի նման անուշ է» երգը։ Քույրը կատարել է եղբոր խնդրանքը, որը, ցավոք, եղել է Արմենի վերջին ցանկությունը։ Հիշում, հուզվում ու վերապրում է այդ պահի զգացողությունները Արմենի մայրը՝ տիկին Լիաննան։

Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, մայրը որդուն խնդրել է, որ ամեն օր գոնե մեկ անգամ զանգի, որպեսզի ձայնը լսեն հարազատները։ Արմենն այդպես էլ արել է։ Արմենը մորը՝ տիկին Լիաննային, միշտ հորդորել է, որ ուժեղ լինի, քանի որ իրենից բացի ևս երկու երեխա ունի։ Տիկին Լիաննայի խոսքով՝ Արմենն այնքան էր սիրում  հայրենի գյուղը՝ Աշանը, որ նույնիսկ հրաժարվել է ԱՄՆ մեկնել  ընտանիքի հետ։ Արմենի առաջնային նպատակը գործարար դառնալն էր, ցանկանում էր հարազատ գյուղը զարգացնել։

Արցախի բռնի տեղահանությունից հետո Արմենի հարազատների մոտ  որպես հուշ որդուց մնացել են միայն լուսանկարներ, Արմենի գերեզմանը մնացել է հայրենի գյուղում։ Այսօր անգամ ծաղիկ խոնարհելու հասցե չունեն․․․

Արմենի հորեղբոր աղջիկը` Անին,  անցյալով չի խոսում եղբոր մասին։ Նրանք այնքան մոտ էին, որ բոլորը կարծում էին, թե հարազատ քույր ու եղբայր են։ Գյուղում անցկացրած հետաքրքիր ու երանելի օրերն է հիշում  Անին, որն անց է կացրել Արմենի հետ Աշանում։ Արմենը շատ  երազանքներ ուներ, որոնց մասին չէր բարձրաձայնում,-  վերհիշում  է  Անին։

Անին ցավով է պատմում, որ այսօր շատերի պես իրենք էլ զրկված են նույնիսկ գերեզման այցելելու հնարավորությունից։

Արմեն Հարությունյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 12-ին, Մարտունու շրջանի Աշան գյուղում։ 2019 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել Ասկերանի զորամասում։ 2020 թվականի պատերազմի  սկսվելու օրը Արմենը եղել է Ակնայի դիրքերում։ Նրա անմնացորդ հայրենասիրության մասին փաստում են նաև իր ընկերներն ու  համագյուղացիները։

Արմենի աշխարհագրության ուսուցչուհին՝ Դիանա Ղայամյանը, ինչպես նաև հարևանուհին մեծ ոգևորությամբ ու ցավով է խոսում Արմենի մասին։ Երկար պատմելուց հետո, փորձում է չհուզվել, հակառակը՝ փորձում է նոր սերնդին ներկայացնել բոլոր Արմենների սխրանքները։ Ուսուցչուհու խոսքով՝ Արմենը հատուկ հետաքրքրված էր բնագիտական առարկաներով։ Տիկին Ղայամյանը չորրորդ դասարանից էր դասավանդել Արմենին։ Պատմում է, որ Արմենը մասնակցել է տարբեր   մրցույթների։ Միշտ հաղթող էր նրա թիմը։

2020 թվականի պատերազմից հետո Մարտունու շրջանի Աշանի դպրոցի  ֆիզիկայի կաբինետն անվանակոչել են Արմեն Հարությունյանի  անունով։ Դպրոցի բակում հուշակոթող կա նաև, որտեղ տեղադրված են  Արցախյան առաջին գոյապայքարից մինչև 2020 թվականի պատերազմում նահատակված հերոս աշանցիների լուսանկարները։

2020 թվականի hոկտեմբերի տասնմեկին՝ Արմենը զինակից ընկերների  հետ, Ակնայից Հադրութ տեղափոխվելու ժամանակ, «Թութակներ» կոչվող տեղանքում վիրավոր ընկերներին օգնելուց հետո՝ անմահանում է անօդաչուների  հարվածից։ Հուղարկավորված է հայրենի Աշանում։

Արմեն Հարությունյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի և «Մարտական ծառայություն» մեդալների, ինչպես նաև մի շարք պատվոգրերի։

Վեհանուշ  Հովսեփյան

1