«Արեան կանչով». ինչպէս ամերիկացի լրագրողը հասաւ Մուսալեռ եւ գտաւ տատի գիւղը

Ամերիկացի լրագրող Ջոն Քրիստին որդու հետ մեկնել է Մուսալեռ` գտնելու այն գիւղը, որտեղ ծնուել է իր հայ տատը։ Տատն ընդամէնը 9 տարեկան էր, երբ թուրքերը յարձակուեցին գիւղի վրայ։
Թուրքերի յարձակման մասին ՋոնՔրիստիին տատը պատմել է մանկութեան տարիներին, երբ իրենք մեծ ընտանիքով ապրում էին Նոր Անգլիայի Դուվր արդիւնաբերական քաղաքի մի փոքրիկ բնակարանում։ Տատի` Նանայ Գիւլենի Յովսէփեան Բանանեանի յուշերը նա հասցրել է ձայնագրել 90ականներին, երբ հասուն տարիքում էր, իսկ տատն արդէն 80ն անց էր։
Տատի եւ իր հարազատ Մուսալեռ կատարած ճանապարհորդութեան մասին Քրիստին գրել է Ա.Մ.Ն.ի հայկական «The Armenian Weekly» պարբերականում։ Ներկայացնում ենք նրա պատմութիւնը։
1909 թուականն էր, Նանան ընդամէնը 9 տարեկան էր։ Նա դաշտում կով էր արածեցնում եւ յանկարծ տեսաւ թուրք տղայի, որն իր մօտ էր վազում աղաղակելով. «Այնտեղ գեաւուրների են սպանում»։ Տատն անմիջապէս հասկացաւ, թէ ինչ է դա նշանակում, եւ տուն վազեց թթի ծառերով պատուած ձորակի միջով։ Նա միայն հասցրեց տեսնել, թէ ինչպէս է իր հայրը` Եղիան, զէնքը հաւաքում եւ վազում միւս հայերի մօտ, որոնք պաշտպանում էին գիւղը։ Յաջորդ օրը հօր մարմինը գտան առուակում։
Մէկ տարի առաջ, ես եւ որդիս` Նիկոլասը, Թուրքիա մեկնեցինք։ Մեր էքսկուրսավար` Էննի Հաքեջեանի հետ կարողացանք գտնել ե՛ւ Բիթիաս գիւղը, ե՛ւ այն վայրը, որտեղ գտնւում էր թթենիների պուրակը, ե՛ւ մետաքսագործական արհեստանոցները, որտեղ Յովսէփեանների ընտանիքը թաքնւում էր թուրքերից։ Մենք ուզում էինք գտնել նաեւ այն տունը, որտեղ ապրել են Նանան ու իր ընտանիքը։
Կէս ժամ անց կանգ առանք մի ցանկապատի մօտ, որտեղ երկու կով էր արածում։ Ցանկապատից այն կողմ մարգագետինն էր, հետեւում` ձիթենու պուրակը։ Թթի ծառերի փոխարէն այստեղ այժմ ձիթենիներ են աճում։
Մենք տեսանք մարգագետինն ու լեռը, մի քանի լուսանկար արեցինք,
եւ եթէ նոյնիսկ հէնց նոյն վայրում չէինք, ապա նրան մօտ մի տեղ էինք։ Նայում էինք դաշտին, ծառերին եւ Մուսալեռան լանջերին, որոնք պա-
տուած էին ծխով։ «Այստեղ, երեւում է, քիչ բան է փո-
խուել», ասացինք միմեանց։ Որեւէ այլ բառ ասել չկարողացանք։ Յաջորդ առաւօտ մենք հանդիպեցինք Փանոսին։ Նա այն եզակի հայերից է, որը շարունակում է ապրել Մուսալեռում։ Տեղի թէյարաններից մէկում նրան ասացի, որ գտել ենք մեր գիւղը։
Նա լսեց մեզ (Էննիի թարգմանութեամբ), այնուհետեւ դրեց բաժակը, նայեց դէմքիս եւ դիմեց ինձ։ «Յովսէփեանին ես նման», ասաց նա։ Երբ վերադարձայ Ա.Մ.Ն. կինս եւ բարեկամներս հարցնում էին. «Ի՞նչ զգացիր, երբ գտար, այն ինչ փնտրում էիր»։ Ասացի, որ յուզւում էի, եւ որ տխուր էի։ Սակայն այսօր, որոշ ժամանակ անց, միայն այդ զգացողութիւնը չէ, որ ինձ պատում է։ Երբ յիշում եմ՝ ինչպէս էի նայում կանաչ հովտին եւ դրանից հեռու`Միջերկրական ծովի ափին, չարանում եմ։
Յովսէփեանները Բիթիասում ապրում էին ծանր աշխատանքով, սակայն դա նրանց օջախն էր, որի շուրջ պտղատու ծառեր էին աճում։ Նրանք անասնապահութեամբ էին զբաղւում, հաց թխում։ Ես չարացած եմ նրա համար, որ տատիս` Նանային, վտարէցին իր իսկ տնից միայն այն պատճառով, որ այլ կրօնի էր դաւանում, այլ ազգութիւն ունէր։ Ճիշդ նոյնկերպ մարդկանց շարունակում են սպանել նաեւ այսօր, թէեւ աւելի
քան հարիւր տարի է անցել։
Նայելով Նանայի հարազատ գիւղին՝ ես պատկերացրի նրան այնտեղ, 9ամեայ աղջնակի տեսքով, որը հանդ է դուրս եկել կովերին տուն քշելու եւ մտքով անգամ չի անցել, որ շուտով ընդմիշտ կը կորցնի իր ուրախութիւնն էլ, տունն էլ։
Տատս ապրեց 87 տարի, ունեցաւ 6 երեխայ, 7 թոռ եւ 10 ծոռ։
Armeniasputnik.am