Ադրբեջանը շարունակում է արհամարհել միջազգային որոշումները․ Արցախում պղծում են գերեզմանները
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանը շարունակում է արհամարհել միջազգային որոշումները․ Արցախում պղծում են գերեզմանները

Ադրբեջանը շարունակում է արհամարհել միջազգային որոշումները․ Արցախում պղծում են գերեզմանները

Ադրբեջանի հանդեպ ատելության վերացման, համակեցության, խաղաղության դարաշրջանի ՀՀ իշխանությունների խոսույթներին ի <ապացույց>՝ <բարեկամ> Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել, կեղծ դատավարություններ անել, ինչպես նաեւ ավերում գյուղեր, Ստեփանակերտ քաղաքի մի շարք թաղամասեր, պղծում հայկական հուշարձաններն ու գերեզմաններն Արցախում։

Համացանցում տարածված տեսանյութում ակնհայտ երեւում է Ադրբեջանի նպատակներն ու մտադրությունները։ Ընդգծված ատելությամբ ոչնչացվում են Արցախի Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղի Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկների նկարները, որոնք այդպես էլ չհասցրեցին տեղադրել հուշարձանում։

Նախօրեին էլ <MONUMENT WATCH>-ը հոդված էր հրապարակել՝ <Ադրբեջանը պղծել է Ստեփանակերտի հուշահամալիրի շիրմաքարերը> խորագրով։

Ըստ հոդվածի՝ ադրբեջանական կողմն էական վնասներ է հասցրել Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում գտնվող մի շարք  շիրմաքարերի: Մասնավորապես՝ ջարդել են շիրմաքարերի մոտ տեղադրված քարե ծաղկամանները, պոկել են  սալահատակի քարերը: Դատելով տեսանյութից՝ վնասվել են  նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակիցների որոշ շիրմաքարեր Այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ տապանաքարերը, դրանց վրա առկա գրությունները, զինվորների պատկերները անվնաս են: Թեև ադրբեջանական իշխանությունները դեռ չեն դիպչում հուշահամալիրին, սակայն ակնհայտ է, որ այն պարբերաբար կերպով դառնում է վանդալիզմի թիրախ և  գտնվում է ոչնչացման սպառնալիքի տակ (այս թեմայով տես նաև Ստեփանակերտի հուշահամալիրը վտանգի տակ):

<MONUMENT WATCH>-ը արձագանքելով նշել է․ <Հայկական հուշարձանների, այդ թվում գերեզմանոցների պղծումն արգելված է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ։ Համաձայն վերջինիս, Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառելով, բայցև չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։

Բացի այդ, Եվրոպական Խորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունել է   ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը,  որն իր 19-րդ կետով  դատապարտում է հայկական բազմադարյա ներկայությունը փաստող  բոլոր պատմամշակութային վայրերի ոչնչացման, վանդալիզմի և պղծման դեպքերը։ Գերեզմանոցների պղծումը նաև պատերազմական հանցագործություն է, համաձայն Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ի մասնավորի նշում է, որ  «Սույն Կանոնադրության նպատակների համար «պատերազմական հանցագործություններ» նշանակում է դիտավորությամբ կատարված հարձակումները կրոնական, կրթական, մշակութային, գիտական կամ բարեգործական նպատակների ծառայող շենքերի, պատմական հուշարձանների, հոսպիտալների և այն վայրերի վրա, ուր կենտրոնացած են հիվանդներ ու վիրավորներ, պայմանով, որ նշված օբյեկտները ռազմական նպատակակետեր չեն. (8 րդ հոդվածի 2-րդ կետի բ) մասի ix դրույթ):

Գերեզմանոցների պղծման  գործողություններով Ադրբեջանը խախտում է 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, որը նշում է, որ կողմերը պարտավորվում են հարգել ինչպես իրենց, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել դրանց ոչնչացմանը կամ վնասվելուն, ձեռնպահ մնալով դրանց դեմ ուղղված թշնամական ցանկացած գործողությունից>։

Ադրբեջանը արհամարհում է միջազգային որոշումները։ Փաստ է նաեւ, որ ամեն օր զինվող երկրի թիվ մեկ ղեկավարի սեղանին խաղաղության օրակարգ չկա։

Հ․Շինդյան

1