Արցախյան տարեգրություն. ԼՂՀ ձեւավորումը
Գլխավոր » Գաղափարական » Արցախյան տարեգրություն. ԼՂՀ ձեւավորումը

Արցախյան տարեգրություն. ԼՂՀ ձեւավորումը

Չնայած ԽՍՀՄ-ի գոյության 70-տարիների ընթացքում գործադրված բռնություններին ու հալածանքներին՝ արցախահայությունը երբեք չի դադարեցրել Մայր Հայաստանին միանալու իր համառ պայքարը։ Միութենական հանրապետության կարգավիճակ ունեցող Խորհրդային Հայաստանի և նրանից արհեստականորեն տարանջատված ու  Ադրբեջանին բռնակցված  Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մերձեցման ու վերամիավորման քաղաքական ձգտումները Միացյալ Հայաստանի համար պայքարի յուրօրինակ դրսևորումն էին ԽՍՀՄ բռնատիրական վարչակարգի պայմաններում։

Տասնամյակներ շարունակ Խորհրդային Հայաստանում ու Արցախում դիմումների, խնդրագրերի և ժողովրդական հուզումների տեսք ընդունած այդ համառ պայքարի առանձին դրվագները լռեցվել կամ ճնշվել են խորհրդային ղեկավարության կողմից։ Ու միայն 1985 թվականից հետո ԽՍՀՄ-ում ստեղծված համեմատաբար նպաստավոր քաղաքական պայմանները հնարավորություն  ընձեռեցին նորից կյանքի կոչելու Միացյալ Հայաստանի գաղափարը, այս անգամ արդեն՝ Արևելյան Հայաստանում պետականորեն կազմակերպված հայության երկու խոշոր հատվածների վերամիավորման բացահայտ քաղաքական քայլի տեսքով: Գորբաչովյան, այդպես կոչված, «վերակառուցման» քաղաքականությունը նպաստեց արցախահայության քաղաքական պայքարի ծավալմանը, և ազատագրումն ադրբեջանական բռնատիրությունից դարձավ օրակարգի հարց: Իսկ ավելի ուշ՝ ԽՍՀՄ-ի փլուզման արդյունքում, Շարժման սևեռուն նպատակը՝ «Միացումը», փոխակերպվեց անջատումի միջոցով անկախության նվաճման հիմնախնդրի, որը երկարաձգում, բայց ամենևին էլ չի փակում Միացյալին հասնելու ժամկետներն ու ուղիները։

Տասնամյակներ շարունակ Խորհրդային Հայաստանում ու Արցախում դիմումների, խնդրագրերի և ժողովրդական հուզումների տեսք ընդունած այդ համառ պայքարի առանձին դրվագները լռեցվել կամ ճնշվել են խորհրդային ղեկավարության կողմից։ Ու միայն 1985 թվականից հետո ԽՍՀՄ-ում ստեղծված համեմատաբար նպաստավոր քաղաքական պայմանները հնարավորություն  ընձեռեցին նորից կյանքի կոչելու Միացյալ Հայաստանի գաղափարը, այս անգամ արդեն՝ Արևելյան Հայաստանում պետականորեն կազմակերպված հայության երկու խոշոր հատվածների վերամիավորման բացահայտ քաղաքական քայլի տեսքով: Գորբաչովյան, այդպես կոչված, «վերակառուցման» քաղաքականությունը նպաստեց արցախահայության քաղաքական պայքարի ծավալմանը, և ազատագրումն ադրբեջանական բռնատիրությունից դարձավ օրակարգի հարց: Իսկ ավելի ուշ՝ ԽՍՀՄ-ի փլուզման արդյունքում, Շարժման սևեռուն նպատակը՝ «Միացումը», փոխակերպվեց անջատումի միջոցով անկախության նվաճման հիմնախնդրի, որը երկարաձգում, բայց ամենևին էլ չի փակում Միացյալին հասնելու ժամկետներն ու ուղիները։

1980-ական թվականների կեսերից Արցախում մտավորականության և ուսանողության շրջանում սկսեցին բարձրաձայն քննարկվել ԼՂԻՄ-ում տասնամյակներ շարունակ կուտակված քաղաքական, տնտեսական, մշակութային հիմնահարցերը՝ մատնանշելով հայկական երկրամասը Մայր Հայաստանին վերամիավորելու հրամայական անհրաժեշտությունը:

Քննարկվող հարցերին գործնական ընթացք տալու նպատակով 1986թ.  ապրիլից Ստեփանակերտում սկսեց գործել «Արցախյան միություն» կազմակերպություն[1], որի ստեղծման գործում մեծ դերակատարություն ունեցան Իգոր Մուրադյանը, Հակոբ Խաչատրյանը, Արթուր Մկրտչյանը, Մանվել Սարգսյանը, Էմիլ Աբրահամյանը, Արկադի Կարապետյանը և այլք: Վերոհիշյալ միության մեջ ընդգրկված էին նաև ուսանողները, որոնք ձեռք բերեցին ընդհատակյա պայքարի փորձ՝ հետագայում ստանձնելով Արցախի երիտասարդության կազմակերպման, նրա գաղափարական կողմնորոշման և իր հետևից տանելու առաքելությունը:

1987 թ. երկրորդ կեսին ազգային-ազատագրական պայքարն Արցախում նոր թափ ստացավ: Շարժման մեջ ներգրավվածները սկզբնական շրջանում հարցի լուծումը փնտրում էին Խորհրդային Միության նոր ղեկավարության հետ ակտիվ շփումների մեջ։ Շարժման ղեկավարությունն ամեն առիթով փորձում էր մոսկովյան ատյաններում արցախցիների պայքարը ներկայացնել վերակառուցման և հրապարակայնության գաղափարների լույսի ներքո՝ նրան օրինական տեսք տալու համար:

Դրա առաջին արտահայտությունը դարձավ 1987 թ. օգոստոս — հոկտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելու նպատակով կազմակերպված յուրօրինակ հանրաքվեն, որի ընթացքում հավաքվեց շուրջ 80 հազար ստորագրություն[2]: Նույն ժամանակահատվածում ԽՍՀՄ կուսակցական ու պետական կենտրոնական մարմիններն ընդունել են ԼՂԻՄ հայության ներկայացուցիչների չորս պատվիրակություններ, որոնց հավաստիացրել են, թե մոտ ապագայում Արցախի հիմնահարցն արդարացի լուծում կստանա: Արցախյան պատվիրակության անդամները մոսկովյան առաջին այցի ժամանակ ոչ պաշտոնական հանրաքվեի ընթացքում հավաքած 80 հազար ստորագրությունները ներկայացրել են ԽՍՀՄ ղեկավարությանը:

Ոգևորված կենտրոնական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքից՝ մարզի բոլոր գյուղերում, ձեռնարկություններում, կազմակերպություններում տեղի ունեցան կոլեկտիվների ժողովներ, որոնցում որոշումներ ընդունվեցին ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու վերաբերյալ: Դրանց հիման վրա մարզի շրջանների ժողովրդական պատգամավորների խորհուրդները ևս նմանատիպ որոշումներ կայացրին[3]: Միաժամանակ Ստեփանակերտում և մարզի շրջկենտրոններում սկսեցին բազմամարդ հանրահավաքներ կազմակերպվել:

1988թ. փետրվարի 13-ին Շարժման ակտիվիստները Ստեփանակերտի Մանկավարժական ինստիտուտի դասախոսների և ուսանողների հետ ինքնաբուխ ցույց կազմակերպեցին: Այդ օրվանից Ղարաբաղյան շարժումը համաժողովրդական և աննահանջ պայքարի բնույթ ստացավ:

Ընդառաջ գնալով մարզի հայ բնակչության  ցանկություններին՝ 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանը ԼՂԻՄ-ը  Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու և Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու հարցով Ադրբեջանական  ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջև միջնորդելու մասին որոշում ընդունեց[4]:

Սակայն ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն, 1988թ. փետրվարի 21-ին մերժելով ժողովուրդների ինքնորոշման միջազգային սկզբունքը, փորձ արեց հիմնահարցի քաղաքական լուծումը փոխարինել սոցիալ-տնտեսական բնույթի տարբեր միջոցառումներով, ինչն էլ հարուցեց մարզի բնակչության խիստ դժգոհությունը:

Անտեսելով հայ բնակչության ինքնորոշման իրավունքը և ներկայացված պահանջի իրավաքաղաքական հիմնավորվածությունը՝ Ադրբեջանը Մոսկվայի հովանավորությամբ նորից նախընտրեց հարցի կարգավորման, ավելի ճիշտ՝ մերժման ոչ քաղաքակիրթ մեթոդները՝ կազմակերպելով էթնիկական զտումներ: Դա արդեն քաղաքական ահաբեկչություն էր արցախահայության և ամբողջ հայ ժողովրդի հանդեպ: Խորհրդային զորքերի օգնությամբ հրկիզվեցին ու ավերվեցին հայկական բնակավայրերը, ողջ Ադրբեջանի տարածքում հայ բնակչության հանդեպ սկսվեց զանգվածային մարդաորս.  կարծես կրկնվում էին 1915 թ. իրադարձությունները՝ ամենուրեք տեղահանված հայ բնակչություն և անմեղ զոհեր: Այս իրավիճակը պահպանվեց մինչև 1991 թվականը, երբ նշմարվեց ԽՍՀՄ-ի լուծարման հեռանկարը:

Վերոնշյալ սպառնալիքների ֆոնին՝ 1988 թ. փետրվարյան բուռն իրադարձությունների բովում ծնված ինքնապաշտպանության գաղափարը դարձավ հրամայական անհրաժեշտություն: Ստեփանակերտում և շրջաններում թաղային և համայնքային սկզբունքներով ծնունդ առան ընդհատակյա ինքնապաշտպանական ջոկատներ:

Հատկանշական է, որ հայրենիք վերադարձած  ՀՅ Դաշնակցությունը, լինելով Միացյալ Հայաստանի գաղափարի կրողը, նոր մարտահրավերներին դիմակայելու նպատակով անմիջապես իր վրա վերցրեց ինքնապաշտպանական ջոկատների ստեղծման և զինման գործը: Արցախի ժողովուրդը կրկին իր կողքին զգաց ՀՅԴ ներկայությունը, և փաստորեն  ՀՅԴ-ն և արցախահայությունը ազատագրական պայքարի միաձուլող քուրայում իրար հանդիպեցին և մեկ բռունցք դարձան:

Ընդառաջ գնալով օրվա հրամայականին՝ ՀՅԴ գործիչները տեղի հայրենասիրական ուժերի հետ միասին առաջին գործնական քայլերը ձեռնարկեցին ինքնապաշտպանության ջոկատները  միավորելու ուղղությամբ: 1991 թ. սկզբին Արցախում արդեն գործում էր կենտրոնական շտաբը, որը Արցախի պաշտպանության կազմակերպման գործընթացը սկսեց համակարգել մեկ կենտրոնից:  Շտաբի պետ և ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար դարձավ Արկադի Կարապետյանը (Դաշնակ Ագո): Յուրաքանչյուր շրջան ուներ իր հրամանատարությունը, որ ենթարկվում էր կենտրոնական շտաբին (բացառությամբ մի քանի ջոկատների): Կենտրոնական շտաբին կից ստեղծվել էր 7 հոգուց բաղկացած, այսպես կոչված, «Կորդինացիոն խորհուրդ», որի կազմում ընդգրկված էին Արցախում գործող քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Ինքնապաշտպանական ուժերը մարտական առաջին մկրտությունը ստացան Հյուսիսային Արցախում և Հադրութում:

Միաժամանակ նշենք, որ ինքնապաշտպանության գործը կանոնավոր հունի մեջ դնելուն զուգընթաց ՀՅԴ ղեկավարությունը քայլեր էր ձեռնարկում նաև Արցախում որպես կազմակերպություն հիմնավորվելու համար: 1989թ. Արցախի տարբեր շրջաններում ձևավորվեցին առաջին դաշնակցական խմբերը, որոնց հիմքի վրա էլ կազմավորվեց ՀՅԴ Արցախի «Անտառ», այնուհետև ՝ «Ապառաժ»-ի կոմիտեները:

Այսպիսով, արցախահայության ինքնորոշման համար 1918-1923թթ. պայքարը, տևական ժամանակահատվածում մնալով անթեղված, 1988թ. փետրվարյան հայտնի դեպքերով նոր փուլ մտավ:

Արտաքուստ թվում էր, թե Հայաստանում և Արցախում  ընդհանուր շարժումը ղեկավարվում է մեկ կենտրոնի կողմից, սակայն վերլուծելով պատմական դեպքերը և քաղաքական իրադարձությունների հաջորդականությունը՝ գալիս ենք այն համոզման, որ որքան էլ դա պարադոքս է, նրա ղեկավարման հիմքում կանգնած էին իրար հակոտնյա երկու քաղաքական ուժեր:

Ինչպես ցույց է տալիս պատմությունը, Խորհրդային Հայաստանում ևս համազգային շարժումը սկզբնավորվեց համաժողովրդական զարթոնքի հորձանուտում։ Սկզբում այն ղեկավարվում էր ազգային մտածելակերպ ունեցող մտավորականության և ազգային գաղափարախոսությամբ տոգորված երիտասարդների կողմից: Թեև հանրապետության կուսակցական  ղեկավարությունը ևս ջանքեր էր գործադրում շարժումը գլխավորելու համար, սակայն հաջողության չհասավ։ 

(շարունակելի)

Տարոն Վ. Հակոբյան

Պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ


[1] Տե՜ս Բալայան Վ., Դրվագներ արցախահայության ազատագրական պայքարի և պետականակերտման պատմության (1813-2007թթ.), «Սոնա», Ստեփանակերտ, 2012, էջ 278:

[2] Տե՜ս «ԼՂ Հանրապետություն», 22. 01.1998:

[3] Տե՜ս Բալայան Վ., նույն տեղում, էջ 280:

[4] Տե՜ս Բալայան Վ., Հակոբյան Տ., Պատմական նստաշրջան, ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների 20-րդ  նիստի արձանագրությունը, փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Ստեփանակերտ, ԱրՊՀ, 2008, էջ 12:

1