Արցախյան օր՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ
Գլխավոր » Երիտասարդական » Արցախյան օր՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ

Արցախյան օր՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ՝ Արցախյան շարժման նախօրյակին, կազմակերպվել է Արցախյան օր, որին մասնակցում էին ՀՅԴ Արցախի կառույցի անդամները, ՀՅԴ Հայաստանի Նիկոլ Դուման կոմիտեության ընկերները, ՀՕՄ-ի Արցախի միավորի ԿՎ և ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճյուղի ԿՎ ներկայացուցիչները, շրջանի սկաուտները։ Ծրագրի նպատակն էր միասին համախմբելու բոլորին՝ վերհիշելու Արցախյան շարժման օրերը, որոնք խորհրդանշում են հայ ժողովրդի ազատագրական պայքարի և ինքնորոշման ձգտումների անկոտրում ոգին։

Միջոցառման ներկաները, ովքեր իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Արցախյան շարժմանը և պատերազմին, ներկաների հետ կիսվեցին իրենց անձնական հուշերով։ Նրանց պատմությունները ևս մեկ անգամ հիշեցում էին այն մասին, որ Արցախյան շարժումը և նրա հերոսական պայքարը պետք է միշտ մնան մեր հիշողության մեջ՝ որպես հայ ժողովրդի միասնության և հաղթանակի խորհրդանիշ։

ՀՅԴ ԱԵՄ-ի ԿՎ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց արցախյան շարժման ակտիվիստներին՝ պետականակերտման գործում իրենց ունեցած անգնահատելի ավանդի համար, նշելով, որ հենց այդ շարժման արդյունքում է, որ մատաղ սերունդը կարողացավ ապրել ազատ ու անկախ Արցախում։ Նա նշեց, որ 1988-ին սկսվածը անպայման պետք է իր շարունակությունն ունենա և հասնի այն նպատակին, որի համար այն սկսվել էր։

Միջոցառման մասնակիցները խոսեցին շարժման ընթացքում ՀՅԴ ունեցած դերակատարության մասին և հատուկ շեշտադրում արեցին այն փաստի վրա, որ այդ իրադարձությունները պետք է հիշվեն և փոխանցվեն սերնդեսերունդ՝ մինչև Արցախ հավաքական վերադարձ։

Վ․ Խաչատրյան

1