Արցախյան կյանքի կարոտով
Ճանկաթաղ- Չինգաթաղ- Ջանիաթաղ — Ջանյաթաղ -Ճանկաթաղ։ Մեծ Հայքի Արցախ նահանգից հայտնի այս գյուղն իր պատմության ընթացքում հաճախ է անվանափոխ եղել, սակայն ի վերջո այսօր այն նորից կրում է իր հին անունը՝ Ճանկաթաղ։ Լեռնային այս գյուղը հայտնի է իր տասնյակ աղբյուրներով, հնագույն պատմամշակութային կոթողներով, պղնձի մեծ պաշարներով։
Գյուղում անցկացված պեղումների արդյունքում հայտնաբերվել է Ք.ա. 2-1-ին հազարամյակների Սբ. Սարգիս դամբարանաբլուրը, ինչպես նաև գյուղից 1,5 կմ դեպի հարավ-արևմուտք պահպանվել է Ք.ա. 1-ին հազարամյակի դամբարանադաշտը, միջնադարի «Ցանցաղ», 1 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Ք.ա. 2-1-ին հազարամյակի «Ծովատեղ», Ք.հ. 1-ին դարի «Ցանցաղ» դամբարանաբլուրը, Ք.ա. 2-1-ին հազարամյակների «Աննա նահատակ» խոյակը, Ք.ա. 2-1-ին հազարամյակների «Աննա նահատակ» խարիսխը։
Ըստ Ճանկաթաղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Վրեժ Խաչատրյանի՝ գյուղի ներկայիս բնակիչները Ճանկաթաղում հաստատվել են 1800-ական թվականներից։
«Գյուղի բնակիչները Պարսկահայաստանի Ղարադաղ Նահանգից են գաղթել այստեղ։ Նախկինում այստեղ ևս եղել է հայկական գյուղ, սակայն ռուս-պարսկական պատերազմից հետո գյուղի բնիկները դարձել են Ղարադաղից գաղթած հայերը»,-պատմել է նա։
Հնագետ Մակար Բարխուդարյանը Ճանկաթաղի մասին հետևյալ գրությունն է թողել.
«Ճանկաթաղ, կամ, ըստ օտարահնչիւն ձայնին, Ջանեաթաղ գյուղն, հիմնված է մի ձորի աջ ու ձախ լանջերի վերայ նոյն լեռնաշղթայի արևելեան կողմում Ղազանչու հյուսիսային կողմում, բնակիչները գաղթած են Պարսկաստանի Ղարադաղ նահանգի Ամրաղիւլ և Քիւվնի գիւղերից Պասգևիչի ժամանակ. եկեղեցին Սուրբ Գէւորգ, Ծուխ 85. ար. 390. իգ. 338»։
Գյուղը կառուցվել է այդ տարածքում հայտնաբերված Սբ. Սարգիս եկեղեցու շուրջ։
«Եկեղեցին, որը վերանորոգվել է ճանկաթաղցի Էդիկ և Տամելա Սարգսյանների կողմից, շատ հին պատմություն ունի։ Մարդիկ իրենց բնակավայրը կառուցել են եկեղեցու շուրջ, որի վրա փորագրված էր Ճանկաթաղ, և հենց դրա անունով էլ գյուղը կոչվել է Ճանկաթաղ, հետագայում գրվել է Ջանիաթաղ, իսկ վերջերս նորից անվանափոխվել է Ճանկաթաղի»,-ասել է Վ. Խաչատրյանը։
Ճանկաթաղն իր մասնակցությունն է ունեցել Արցախյան բոլոր պատերազմներին։ 1988-1989թթ. Ճանկաթաղում կազմավորված կամավորական ջոկատն իր մասնակցությունն է ունենում Շահումյանի և Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Թշնամու գործողությունների հետևանքով գյուղը տարհանվել է 1992թ. ամռանը, սակայն կրկին ազատագրվել 1994թ.։ Առաջին պատերազմում գյուղից նահատակվել է 18 ազատամարտիկ։ Գյուղը կորուստներ է ունեցել նաև 2020թ. 44-օրյա պատերազմում։
«2020թ. դաժան պատերազմի ընթացքում գյուղն ունեցել է 6 զոհ։ Նրանցից 2-ն ամուսնացած էին և ունեին երեխաներ, իսկ 3-ը նշանված էին և պետք է ամուսնանային»,- ցավով նշում է Վ. Խաչատրյանը։
Այդ պատերազմի հետևանքով գյուղը դարձել է սահմանամերձ։ Գյուղի սահմաններում թշնամին կառուցել է 3 դիրք, որտեղից էլ դիտարկվում է ամբողջ գյուղը։ Այդ դիրքերից թշնամին հաճախակի է անկանոն կրակոցներ արձակում՝ փորձելով խուճապի մատնել գյուղացիներին։ Վերջերս թշնամու կողմից արձակված կրակոցները վնասել են նաև գյուղի տները։
«Վերջին ժամանակներում ավելի հաճախակի են դարձել կրակոցները։ Հիմնականում դիրքերի ուղղությամբ են կրակոցները լինում, երբ մեր դիրքապահները փորձում են ինժեներական աշխատանքներ կատարել»,-ասել է Վ. Խաչատրյանը։
Գյուղացիների հիմնական զբաղմունքը մինչ պատերազմը եղել է հողագործությունն ու անասնապահությունը, իսկ մի մասն աշխատում էր նաև գյուղի հարակից հանքավայրում, սակայն պատերազմից հետո գյուղին շատ մոտ տեղակայված ադրբեջանցիները խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքներին, իսկ Արցախի շրջափակման պատճառով դադարեցվել են աշխատանքները հանքավայրում։
«Պատերազմի պատճառով գյուղին պատկանող շատ տարածքներ գտնվում են թշնամու վերահսկողության տակ, իսկ մյուս մասն էլ դիտարկվում է նրանց կողմից, ուստի գյուղատնտեսական աշխատանքներ կատարել չենք կարողանում։ Դիրքերը, որ այսօր կառուցել են նրանք, մեր գյուղին պատկանող տարածքներում են կառուցել։ Մինչև առաջին պատերազմը իրենք այդ տարածքներում դիրքեր չեն ունեցել, այլ դրանից ավելի ներքև։ Մեր մեծերն ասում են, որ Խորհրդային Միության ժամանակներից գիտեին, որ գետնի տակ ածուխ կա, և սահմանը եղել է հենց այդ վայրը, իսկ հիմա քարտեզներով եկել հասել են այստեղ։ Այսօր գյուղին պատկանող հողերը չեն մշակվում, թողնվել են խոտհարքի համար, բայց հիմա նույնիսկ դա էլ չեն թողնում։ Գնում ենք, որպեսզի խոտը հնձնեք, թողնում են՝ մինչև ամբողջը հնձում ենք, իսկ երբ գնում ենք հավաքելու՝ արդեն չեն թողնում։ Անցած տարի ռուս խաղաղապահների միջնորդությամբ կարողացանք հավաքել դաշտի խոտը»,-նշել է ուսուցիչը։
Նրա խոսքով՝ գյուղացիները չեն կարողանում նաև խոշոր անասուններ պահել, որովհետև հաճախ են անցնում թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Գյուղացիները հիմնականում զբաղվում են մանր եղջերավոր անասուններ բուծելով և տնամերձ հողերը մշակելով։
«Շրջափակումից հետո մարդիկ, համեմատած նախորդ տարիներին, ավելի շատ են սկսել ուշադրություն դարձնել և զբաղվել հողագործությամբ, սակայն ջրի խնդիրը մի քիչ խնդիրներ է ստեղծում»,-ասել է Վ. Խաչատրյանը։
Գյուղի տարածքը վերջերս ենթարկվել է նաև ուժեղ կարկտահարության։ Ըստ Վ. Խաչատրյանի՝ բարեբախտաբար ամբողջ գյուղի տարածքը չի կարկտահարվել, այլ միայն գյուղի վերևի հատվածը, որտեղ էլ մասամբ ոչնչացվել են որոշ ջերմոցներ, վնասվել ծառեր։
Այս պայմաններում, երբ թշնամին վերահսկողության տակ է վերցրել գյուղին պատկանող հողերի մեծ մասը, կարևորվում է ջերմոցային տնտեսությունների օգտագործումը։ Գյուղում գործում են 20-ից ավելի ջերմոցներ, որտեղ գյուղացիներն աճեցնում են լոլիկ, վարունգ և կանաչի։
Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հոսանքի անբավարարության խնդիրը հնարավոր է լինում լուծել այլընտրանքային էներգիայի աղբյուրների հաշվին։ Ճանկաթաղում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, որոնց աշխատանքի մասին գոհունակությամբ են արտահայտվում գյուղացիները, և այդ համակարգերն աստիճանաբար մեծ պահանջարկ են ստանում։ Վ. Խաչատրյանի խոսքով՝ այն հատկապես մեծ նշանակություն կստանա առաջիկա ձմեռվա ընթացքում։
«Գյուղում նոր ջրագիծ են կառուցել, մնում էր միացման աշխատանքները կատարեին, որից հետո այդ խնդիրն էլ կլուծվեր, սակայն աշխատանքները դադարեցվել են շրջափակման հետևանքով շինանյութերի սղության պատճառով»,-պարզաբանել է Վ. Խաչատրյանը։
Ճանկաթաղում գործում է համայնքապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, մշակույթի տուն։
Վ. Խաչատրյանը գյուղի հիմնական խնդիրը համարել է ջրի սակավության հարցը։
Շրջափակման պայմաններում ի հայտ է եկել նաև հանրային տրանսպորտից օգտվելու՝ գյուղացիների անհնարինության հարցը, իսկ տեղացած սելավներն էլ քանդել են գյուղամիջյան ճանապարհները։
Անդրադառնալով բերքահավաքի աշխատանքներին՝ Վ. Խաչատրյանը նշել է, որ գյուղում առկա է անհրաժեշտ գյուղտեխնիկան, իսկ բերքահավաքի աշխատանքները կազմակերպելու համար շրջանի վարչական ղեկավարությունը պետք է տրամադրի անհրաժեշտ վառելիքը։
Ըստ Վ. Խաչատրյանի՝ գյուղում արտագաղթելու տրամադրություններ չկան, պատերազմից հետո բոլորն իրենց տեղում են։
«Բնակիչների հետ շփումներից հասկանում ենք, որ նման մտադրություններ չկան։ Պարզապես պետք է անվտանգության հարցերը կարողանանք կարգավորել, լուծել ապաստարանների հարցը, որպեսզի կրակոցների ժամանակ ժողովուրդը պաշտպանվելու տեղ ունենա»,-նշել է Վ. Խաչատրյանը։
Թեև գյուղի տարածքում տեղակայված է ռուս խաղաղապահ զորախմբի ռազմաբազան, սակայն դա չի խանգարում թշնամուն՝ ուզած ժամանակ կրակ բացել գյուղի ուղղությամբ։
Կրակոցներ եղել են նաև գյուղի դպրոցի ուղղությամբ, որտեղ ուսում են առնում գյուղի երեխաները, և դա չի խանգարում նրանց՝ բարձր առաջադիմություն ցուցաբերել և հաղթել մրցույթներում։
«Դպրոցի աշակերտները կարողանում են իրենց հատկացված մեքենայով այցելել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, մասնակցել դասընթացներին։ Գյուղում բացվել է կարատեի խմբակ։ 14 տարեկանների խմբում վերջերս շախմատի անհատական մրցաշարում դպրոցի աշակերտներից մեկը զբաղեցրել է առաջին տեղը»,-ասել է ուսուցիչը։
Ըստ նրա՝ դպրոցում առկա է աշխարհագրության և ֆիզկուլտուրայի մասնագետների խնդիր: Խոսելով գյուղի մշակութային կյանքի մասին՝ նա նշել է, որ դպրոցի ներսում կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, սակայն հանրային միջոցառումներ իրականացնել չեն կարողանում թշնամու նշանառության տակ գտնվելու պատճառով։
Ճանկաթաղ գյուղի բնակչուհի Գրետա տատիկը, ով վերջին պատերազմում կորցրել է իր թոռանը, չի հասկանում, թե ինչ տրամաբանությամբ են մեզ առաջարկում ապրել թուրքերի հետ, երբ մենք նրանց էինք սպանում, իրենք մեզ։
«Թուրքի հետ ապրել չի լինի։ Ղարաբաղն ինտեգրվի՞, բայց հետո ո՞վ կմնա։ Հնում թուրքերի հետ ապրել ենք, առևտուր ենք արել, բայց հիմա նրանք արդեն մեր թշնամիներն են։ Հիմա վախենում ենք անգամ տնից դուրս գալ։ Դիրքերից հայհոյում են մեզ, լսում, թե տանը ինչ ենք խոսում։ Հիմա ասում են Ղարաբաղը թուրքերինն է, նրանց հե՞տ պիտի ապրեք»,-ասում է Գրետա տատիկը:
Նա չի ուզում լքել հայրենի տունը, բայց չի էլ ուզում թուրքերի հետ ապրել։
«Ես կուզեի թեկուզ մի փոքր կացարան ունենայի, բայց իմ հողում լինեի։ Մենք շատ բան չենք ուզում, ուզում ենք մեր գյուղում մնանք, մեր տանը ապրենք, չոր հաց ուտենք, բայց թուրքի հետ չենք ուզում ապրել»,-նշել է նա։
Պատերազմից հետո Ճանկաթաղում վերաբնակեցվել է 3 ընտանիք, 2-ը՝ Նոր Մարաղայից, 1-ը՝ Կարմիրավանից։
Վարդանյան Լուսինեի ընտանիքը Ճանկաթաղում հաստատվել է պատերազմից հետո։ Նրանք ՀՀ-ից Արցախ են տեղափոխվել 2014-ին։ Ադրբեջանական վերջին կրակոցների հետևանքով բեկորները հասել են նաև նրանց տուն ու վնասել այն։
«ՀՀ-ից տեղափոխվել ենք Նոր Մարաղա 2014-ին՝ ձկնաբուծարանում աշխատելու համար։ Պատերազմից հետո տեղափոխվեցինք Հայաստան, 2 ամիս մնացինք այնտեղ, հետո հետ եկանք Արցախ՝ Ճանկաթաղ»,-պատմել է Լ. Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Արցախ տեղափոխվել են, որովհետև Նոր Մարաղայում կապված էին բնակիչների հետ, շփվում էին նրանց հետ, և երբ նրանք վերադարձան, Լուսինեն ու իր ընտանիքն էլ որոշեցին վերադառնալ։
«Այնտեղ բնակվող ընտանիքներից մեկի հայրական գյուղն է Ճանկաթաղը, նրանց հետ էլ վերադարձանք ու հաստատվեցինք Ճանկաթաղում։ Ամուսինս փորձում էր հանքում աշխատանք գտնել. չստացվեց, հետո բանակում սկսեց աշխատել։ Աղջիկս դպրոց, տղաս համալսարան է հաճախում, ես էլ տան աշխատանքներով, բանջարեղենի մշակությամբ եմ զբաղվում»,-նշել է նա։
Խոսելով շրջափակման ստեղծած խնդիրների մասին՝ Լուսինեն նշեց, որ կարողանում են խնդիրներին լուծումներ գտնել, բացի այդ, նրանց ավելի շատ մտահոգում են ոչ թե կենցաղային խնդիրները, այլ՝ անվտանգայինը։
«Շրջափակման ամենադժվար խնդիրը հոգեբանական խնդիրի հաղթահարումն է։ Առանց սննդի էլ մի բան կանենք, միայն թե խաղաղություն լինի։ Խնդիրներ կան, որոնց մոտ սննդի հարցը չի էլ երևում»,-ասել է Լ. Վարդանյանը։
Անդրադառնալով իր՝ ապագայի մասին ունեցած տեսլականին՝ Լուսինեն նշեց, որ հատկապես վերջին դեպքերից հետո սկսել են վաղվա մասին չմտածել։
«Մինչ վերջին դեպքերը, երբ բեկորներն ընկան մեր տան վրա, ես նույնիսկ կրակոցների տակ շարունակում էի աշխատել, բայց այդ դեպքից հետո արդեն չեմ թողնում երեխաները բակում խաղան կամ այգի գնան»,-եզրափակել է նա։
Վահագն Խաչատրյան