«Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսն Արցախում

Հուլիսի 6-ին Ստեփանակերտում կայացել է ԱՀ արտաքին գործերի նախարարության կողմից հրատարակված «Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը: Գրքի արցախյան շնորհանդեսին ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, քաղաքական, հասարակական գործիչներ:
Գրքի գլխավոր խմբագիրը ԱՀ արտաքին գործերի նախարար, պ.գ.թ. Դավիթ Բաբայանն է: Իր խոսքում Դավիթ Բաբայանը նշել է, որ գրքի վրա ԱՀ ԱԳն աշխատակազն աշխատել է մոտ մեկ տարի: «Աշխատությունն օգտակար կլինի հասարակական, քաղաքական, գիտակրթական, տեղեկատվական դաշտում: Հակառակորդի կողմից տեղեկատվական պատերազմը շարունակվում է, էլ ավելի է ուժեղանալու մոտակա տարիների ընթացքում, և մենք պետք է պատրաստ լինենք ըստ ամենայնի պահպանել և պաշտպանել մեր դիրքերը»,- ասել է Դավիթ Բաբայանը:

Գիրքը բաղկացած է երեք հիմնական մասից՝ առաջինը պատմական հակիրճ տեղեկություններ են, երկրորդ մասը վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, նրա կարգավորման գրոծընթացին, երրորդ մասում ներկայացված են ԱՀ արտաքին քաղաքականության առանցքային հասկացությունները:
Աշխատության մասին կարծիքներով կիսվել են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, պ.գ.դ., պրոֆեսոր Վալերի Ավանեսյանը, ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը, ԱՀ նախագահի տեղեկատվության վարչության պետ
Վահրամ Պողոսյանը:

Արտակ Բեգլարյանը գրքի հրատարակումը կարևորել է Արցախյան հիմնահարցի առանձնահատկություններին, դեպքերին, պետական դիրքորոշումներին տեղյակ լինելու ու համակարգված գործողություններ կատարելու, համակարգված դիրքորոշումներ հայտնելու, ամբողջությամբ նույն լեզվով խոսելու, նույն եզրույթաբանությունն օգտագործելու առումներով:
Հավելենք, որ աշխատության լույսընծայումը ֆինանսավորվել է բարեգործական միջոցներով, շուտով լույս կտեսնի ռուսերեն տարբերակը, նախատեսվում է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն ևս հրատարակել:




