Արցախյան հարցը որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ. Դավիթ Մելքումյան
Գլխավոր » Լրահոս » Արցախյան հարցը որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ. Դավիթ Մելքումյան

Արցախյան հարցը որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ. Դավիթ Մելքումյան

Արցախյան հարցը որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ, և որևէ մեկը չի կարող որոշում կայացնել Արցախի ժողովրդի փոխարեն: Այս մասին սեպտեմբերի 20-ի ԱՀ ԱԺ խմբակցությունների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը:

«Արցախում ապրող ժողովուրդը ինքն է իր ճակատագիրը որոշելու, և ինչպիսի որոշում կայացնենք, այդ օրակարգը պետք է առաջ տանենք: Որևէ քաղաքական ուժ, դաշինք, չի կարող այնպիսի դիմադրություն ցուցաբերել, ինչպես մենք: Հույսներս դնենք մեզ վրա, ինչպես արել ենք 90-ական թվականների շարժման ժամանակ: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Պարտավոր ենք վերանայել մեր բոլոր ծրագրերը, ապրելակերպը: Առաջին հերթին կարևորում եմ պաշտպանության բլոկին զուգահեռ քաղաքացիական պաշտպանության բլոկը վերանայելը և օր առաջ սկսել գործել»,- ասել է նա:

Խոսելով ընտրություններին կամ այլ քաղաքական գործընթացների մասնակցելու մասին՝ պատգամավորը նկատեց, որ հիմա պետք է փոխվեն առաջնահերթությունները: «Իմ կարծիքով պետք է որոշում կայացնել՝ մենք զբաղվում ենք քաղաքականությա՞մբ, թե՞ երկիր ենք փրկում: Մենք ժամանակ կունենանք քաղաքականությամբ զբաղվելու, բայց առաջին հերթին պետք է փրկենք մեր երկիրը, մենք պետք է ունենանք այն տարածքը, որտեղ կկազմակերպենք քաղաքական տարբեր միջոցառումներ: Պետք է օգտագործենք մեր բոլոր ռեսուրսները, առաջնայինը՝ մարդկային ռեսուրսները: Ունենք փորձառու գործիչներ, ովքեր ճանապարհ են անցել, հիմա ժամանակը չէ տարանջատելու, սևերի և սպիտակների բաժանելու»,- նշել է Դավիթ Մելքումյանը՝ կարևորելով ներքին միասնությունը:

1