Արցախյան գրականությունը Արցախն ու արցախցուն ներկայացնող հավաքական ամբողջություն է

Համազգայինի Արցախի գրասենյակը զրուցել է արցախցի գրականագետ Ամալյա Գրիգորյանի հետ.
«Շարունակում ենք ձեզ հետ կիսվել հարցազրույցների շարքով, որոնցում ներկայացնում ենք Հայրենիքում և Սփյուռքում ապրող մեր շնորհալի հայրենակիցներին։ Այսօրվա հյուրն Արցախից է։ Գրականագետ, գրականագիտական գրքերի ու մի շարք հոդվածների հեղինակ Ամալյա Գրիգորյանի հետ մեր զրուցը ստորև.
— Արցախի երեք պատերազմներն իրենց գեղարվեստական արտացոլումն են գտել արցախցի գրողների գործերում։ Արցախում ստեղծված գրականությունն առանձնահատուկ է նաև նրանով, որ հեղինակներից շատերը ազատամարտիկներ են։ Որքանո՞վ է գրականությունը մեզ օգնել պատերազմն ու իրական Արցախը գեղարվեստի լեզվով աշխարհին հասու դարձնելուն։ Ի՞նչ անելիքներ ունենք այս առումով։
— Արցախյան գրականությունը մի հավաքական ամբողջություն է արդի հայ գրականության համապատկերում, որն ուրույն ձևով ներկայացնում է Արցախն ու արցախցուն, նրա ճակատագիրը, ազգային ազատատենչ ոգին, խաղաղասիրական ձգտումները, արդարության համար մղվող պայքարը, ինչպես նաև` սոցիալ-հոգեբանական խնդիրները, ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրողությունները, գոյաբանական վտանգներն ու շարունակված պատերազմները: Թե ավագ, թե միջին և թե երիտասարդ սերնդի ստեղծագործողները, ովքեր եղել են իրադարձությունների անմիջական մասնակիցներ, իրենց չափածո և արձակ գործերում մշտապես անդրադարձել են Արցախում տեղի ունեցող իրողություններին՝ ընդհուպ մինչև վերջին ողբերգությունը, երբ հայաթափեցին Արցախը` արցախցուն բռնի կերպով պարտադրելով հեռանալ իր հազարամյա բնօրրանից: Իմ կարծիքով, Արցախի գրողները, ինչքան որ կարողացել են, լսելի են դարձրել իրենց ձայնը աշխարհին. նրանց գործերը յուրովի ուղերձներ են միջազգային հանրությանը՝ արդար լուծում տալու մեր խնդրին…Դրա վկայությունն են Արցախում կազմակերպված երկու միջազգային փառատոները, գրողների երկերի թարգմանությունները: Իհարկե, միշտ էլ կա ավելին անելու տեղ: Այսօր, առավել քան երբևէ, պետք է գործել. անելիքները շատ -շատ են, հապաղելը՝ կործանարար: Ճիշտ է, համակարգային մոտեցում է անհարժեշտ մեր խնդիրներին, բայց մենք առաջնահերթ պետք է համախմբվենք, ուղիներ նախանշենք և գործենք՝ բոլոր հնարավոր ձևաչափերն ու հարթակներն օգտագործելով:
— Ամալյա ջան, գիտենք, որ Արցախում բավականին ակտիվ գործունեություն ունեիք, համարյա բոլոր շնորհանդեսներին հանդես էիք գալիս։ Արցախի կորստից հետո որքանո՞վ եք առնչվում նույն գրողների ստեղծագործական գործունեությանը։ Արդյոք չե՞ք կարծում, որ պետք է գրականագիտական հայացք ձգել շրջափակման օրերին ստեղծված գործերին և փորձել վերլուծել այդ օրերի պատկերը։
-Այո, Արցախում բավական ակտիվ մասնագիտական, աշխատանքային գործունեություն եմ ծավալել, դրան մեծապես նպաստել են նաև իմ դասախոսական աշխատանքն ու գիտական հետաքրքվածության շրջանակը: Հաճախ եմ կարոտում այդ օրերը… Թեև խաղաղ պայմաններում չէինք ապրում և լարվածության մեջ էինք, բայց արարման ջիղը մեզ մղում էր անդադար գործելուն: Հիրավի, ցավը վերածել էինք շարժիչ ուժի: Արցախի կորստից հետո հազվադեպ եմ մասնակցում Արցախի գրողների գործունեությանը։ Երբ հրավիրում են, մասնակից են դարձնում, անպայման գնում են, ուրախանում եմ ամեն մի նոր գրքի ծնունդով։ Դա փոքրիկ քաղցրություն է այսօրվա դառը իրականությունում։ Հիմնականում մասնակցում եմ Համազգայինի Արցախի գրասենյակի կողմից կազմակերպվող միջոցառումներին: Շատ կուզեի, որ դրանք միշտ շարունակական լինեին, որը անչափ կարևոր է մեր օրերում։
Հիմա ամեն բան այլ է…Այստեղ մի տեսակ կտրված եմ ինձ զգում ընդհանուր զարգացումներից: Ես չունեմ շրջափակման շրջանում ստեղծված մեր գրողների գործերն ամփոփող որևէ ժողովածու, բայց մշտապես ընթերցում եմ նրանց համացանցում։ Իհարկե, անհրաժեշտ է գրել, գրականագիտական վերլուծության ենթարկել ստեղծվող գրականությունը, որը մեր տարեգրությունն է և ամբողջությամբ մեր ցավի, կորուստների, խնդիրների մասին է:
— Ձեր հեղինակած գրքերը մնացել են Արցախում։ Կցանկանայի անդրադառնայիք Արցախում թողած Ձեր գրականությանը և նաև` այսօր ինչո՞վ է զբաղվում երիտասարդ գրականագետ Ամալյա Գրիգորյանը։
— Այո, իմ գրքերից ոչ մեկը չեմ բերել, և ցավով պիտի ասել, որ շատ շատերի գրքերն են մնացել այնտեղ: Արցախից դուրս գալու պահին ոչինչ իմ աչքին չի երևացել, անգամ իմ հեղինակային գրքերը: Ամեն ինչ ասես մշուշով էր ծածկված։ Կար միայն ցավ ու միայն ցավ։ Երեք գրականագիտական գրքերի և երկու ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ եմ: Բարեբախտաբար, իմ գրքերից մեկական այստեղ ձեռք եմ բերել՝ շնորհիվ իմ ընկերների, որոնց ժամանակին նվիրել էի: Իմ գիտական հետաքրքրությունների առանցքում Արցախում ստեղծվող գրականությունն էր, հատկապես պատերազմական թեմատիկայով գրված գործերը: «Ազատամարտի արցախյան պոեզիան», ապա՝ «Բառը ժամանակի զուգահեռականներում» գրականագիտական աշխատությունները դրա վկայությունն են: Մինչև Արցախից դուրս գալը, նաև հոդվածներով հետևողականորեն անդրադառնում էի արցախցի հեղինակների գործերին:
Այս պահին հետազոտական աշխատանք եմ իրականացնում Հայոց ցեղասպանության թեմայով և ազգային հարցերի վերաբերյալ:
— Արցախի կորստից հետո սկսել եք նաև ինքներդ ստեղծագործել։ Ինչպե՞ս ծնվեցին առաջին բանաստեղծությունները և արդյոք առաջիկայում հնարավո՞ր է ընթերցողը գրքի միջոցով ծանոթանա նաև բանաստեղծ Ամալյա Գրիգորյանին։
— Առհասարակ, վաղ տարիքից էի ստեղծագործում, բայց հետևողական չէի և հետո՝ միշտ կարևորել եմ գրականագիտությամբ զբաղվելը: Այդքան էլ լուրջ չէի վերաբերում ստեղծագործություններիս: Իմ ամենամեծ քննադատը ես եմ, դրա համար չէի հանրայնացնում: Շրջափակման ժամանակ և Արցախից բռնի տեղահանումից հետո սկսեցի առավել ակտիվ գրել՝ փորձելով բանաստեղծությամբ հաղթահարել ցավը: Առաջիկայում նախատեսում եմ գրքի տեսքով ներկայացնել գրածներս` հանձնելով ընթերցողների դատին»:
Զրուցեց` Հերմինե Ավագյանը