Արցախյան երեք պատերազմներում նահատակված տղաների հիշատակին Մարտունի քաղաքում տեղադրվել է խաչքար
Գլխավոր » Լրահոս » Արցախյան երեք պատերազմներում նահատակված տղաների հիշատակին Մարտունի քաղաքում տեղադրվել է խաչքար

Արցախյան երեք պատերազմներում նահատակված տղաների հիշատակին Մարտունի քաղաքում տեղադրվել է խաչքար

Այսօր՝ Մարտունու համար ճակատագրական օրը, Մարտունու սրտում տեղի ունեցավ խաչքարի բացման արարողություն: Նոր սրբատեղին հետայսու կհանդիսանա մատաղ սերնդի երդմնակալության ու հավատարմության խորհրդավայր: Խաչքարը կառուցվել է արցախյան երեք պատերազմներում նահատակված տղաների հիշատակին:
Խաչքարի մտահղացման գաղափարը Նժդեհ Իսկանդարյանինն է, ով մտերիմ էր Մհեր Աբրահամյնաի և Արսեն Աղասյանի հետ: Գաղափարի կյանքի կոչելուն աջակցել են Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը և Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը:
Խաչքարի բացման պատիվը տրվել է Նժդեհին, Մհերի քրոջը՝ Լենային և Արսենի քրոջը՝ Միլենային:
Օրհնության կարգը կատարել է Մարտունու Ս.Ներսես Մեծ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհան քահանա Հովհաննիսյանը. «Խաչքարը մենք տեղադրում ենք ոչ թե որպես հիշատակ, ազգային սովորությունների շարունակություն, այլ այն իր մեջ պետք է ունենա քրիստոնեական այն խորհուրդը, որ ամեն անգամ խաչքարին նայելուց հիշենք մեր հերոսներին և աղոթենք նրանց հոգու հանգստության և խաղաղության համար»,- օրհնության իր խոսքում նշել է տեր Հովհանը:


Չի եղել մի ժողովուրդ, որի պատմությունը միայն ու միայն փայլուն հաղթանակներ արձանագրած լիներ: Ժամանակավոր պարտության դառը բաժակը դատարկել են բոլոր ժողովուրդները: Երեկվա գոռ ու փայլուն հաղթանակը պարտվում է այսօր, սակայն առանց կորցնելու վաղվա հաղթանակի հույսը: Հաղթանակի հույսը չի կորցնում նաև Նժդեհ Իսկանդարյանն, ով ելույթի իր խոսքում մասնավորապես նշել է. «Ինձ համար պատիվ է լինել այստեղ, կրկնակի պատիվ է լինել Արսենի և Մհերի ընկերը: Հայրեիքներն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում՝ դրանց պակասից: Այսօր Մարտունին կանգուն է հայրենասեր, քաջարի զավակների կյանքի գնով: Իսկապես պատմությունը կրկնվելու հատկություն ունի, դժվար ժամանակներ ենք ապրում: Աստված, հայրենիք և հայ ազգ: Այս է փրկության մեր ճանապարհը»:
«Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանի խոսքով ՝ այսօր մեկ անգամ ևս առիթ է մեր հերոսներին հիշելու և կատարածն արժևորելու համար. «Մենք խոնարհվում ենք հերոսածին ընտանիքների առաջ: Այսօր մենք ունենք հայորդիների արյամբ սրբագործված հայրենիք, որտեղ կարողանում ենք ապրել, արարել:

Դժվար ժամանակաշրջանում ենք ապրում, բայց պարտավոր ենք հիշել, մեծարել, գնահատել և հավերժացնել մեզ համար սուրբ անունները: Հիշեք, այս երկրի արժանապատիվ տերը դուք եք, ապրեք հպարտ կեցվածքով և շարունակեք նրանց կիսատ թողածը»,- հատկանշել է նա:
Հերոսածին մայր Մարգարիտա Աղասյանն ելույթի իր խոսքում շնորհակալություն է հայտնել խաչքարի տեղադրման գաղափարի հեղինակին և բոլոր աջակիցներին. «44-օրյա պատերազմում մենք ազգովի կորցրեցինք մեր տղաներին, շատերը մնացին հաշմանդամ: Ունենք նաև անհայտ ճակատագրով տղաներ: Կորցրեցինք տուն տեղ, հող հայրենի: Ցավը խորն է յուրաքանչյուրիս համար, սակայն ցավը խեղդելով՝ հորդորում և խնդրում եմ՝ համախմբվել, հանուն մեր հերոսների թափած արյան՝ վեհ հայացքով առաջ նայել, որպեսզի նենգ թշնամին մեր համախմբվածությունից ընդմիշտ մոռանա մեզ»:
Բացման ժամանակ ելույթներ ունեցան Մարտունու երեխաները և նրանց շուրթերից հնչած յուրաքանչյուր խոսքում ամփոփված էին հերոս տղաների կատարած սխրագործությունները, կիսատ թողած երազանքներն ու անձնվեր օրինակով սերմանած հայրենասիրությունը:

Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ամարաս թերթ

1