Արցախյան արտադրանքը՝ Երևանում և ՀՀ մարզերում
Գլխավոր » Լրահոս » Արցախյան արտադրանքը՝ Երևանում և ՀՀ մարզերում

Արցախյան արտադրանքը՝ Երևանում և ՀՀ մարզերում

Երևանում, Վարդանանց 16/1 հասցեում, վերջերս իր դռներն է բացել «ԱՐՑԱԽՅԱՆ» խանութը, որը ներկայացնում է Արցախի համեղ արտադրանքը և ավանդական ուտեստների մի մասը, լավագույն ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները: Խանութում ներկայացված տեսականին կարելի է պատվիրել նաև առցանց, գործում է առաքում դեպի ՀՀ մարզեր, առաքման ծախսը հոգալու են հաճախորդները:

«Կառավարում» ՓԲԸ տնօրեն Տիգրան Պետրոսյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ «Արցախյան» խանութի նպատակն է օգնել գնորդին ձեռք բերել արցախյան արտադրության էկոլոգիապես մաքուր, որակյալ և մատչելի արտադրանքը:

Խանութն առաջարկում է խմիչքների, հյութերի, կոմպոտների, մուրաբաների, ջեմերի, բուսական թեյերի, պահածոների, մեղրի և այլ բազմազան ապրանքների լայն տեսականի:

Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ նորաբաց խանութում կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված դեռևս ցանկալի աշխուժություն չկա, պատվերները հիմնականում առցանց տարբերակով են կատարվում:

Ներկայումս աշխատում են խանութը ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

«Այս պահին ներկայացնում ենք այն արտադրողներին, ում արտադրանքը որոշակի ճանաչելիություն ունի Արցախում»,- նշել է Տիգրան Պետրոսյանը` ավելացնելով, խտրականություն չեն դնում արցախյան արտադրողների միջև:


Լուսանկարները՝ «ԱՐՑԱԽՅԱՆ» խանութի ֆեյսբուքյան էջից

1