Արցախում զոհված զինծառայողների հարազատները ՀՀ իշխանություններից պահանջել են ազատել Գայանե Հակոբյանին
Գլխավոր » Լրահոս » Արցախում զոհված զինծառայողների հարազատները ՀՀ իշխանություններից պահանջել են ազատել Գայանե Հակոբյանին

Արցախում զոհված զինծառայողների հարազատները ՀՀ իշխանություններից պահանջել են ազատել Գայանե Հակոբյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին:

Այսօր՝ մաիսի 21-ին, Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում տեղադրված զոհվածների լուսանկարների պաստառների առջև տեղի է ունեցել ակցիա՝ հաջակցություն Գայանե Հակոբյանի։

Ազատամարտիկների պուրակում հավաքված զոհված զինծառայողների հարազատները հայտարարեցին, որ միասնաբար սատարում են Գայանե Հակոբյանին և պահանջում ազատ արձակել նրան։

Զոհված զինծառայողների հարազատները համոզված են, որ սա Հայաստանի իշխանությունների հերթական հակահայ քայլն է՝ այս անգամ ուղղված զոհված զինծառայողների ծնողներին վարկաբեկելուն, ինչպես նաև մի նոր բեմադրություն՝ հասարակության ուշադրությունը Արցախում ու ՀՀ սահմաններում ստեղծված իրավիճակից շեղելու, Արցախի հարցում զիջողական քաղաքականությունը առաջ տանելու համար։

Հավաքված քաղաքացիները իրենց զայրույթն են արտահայտել Հայաստանում զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ կիրառվող բռնության ու անհանդուրժողականության նկատմամբ։

Քաղաքացիներից մեկը նկատեց, որ Գայանե Հակոբյանի փոխարեն վաղը կարող է լինել նրանցից յուրաքանչյուրը, և Նիկոլ Փաշինյանը Գայանե Հակոբյանի օրինակով փորձում է վախեցնել և զգուշացնել զոհվածների ծնողներին։

Նրանք հիշեցրին, որ առ այսօր իրենց 5 000 զոհված տղաների համար ՀՀ իշխանությունները ոչ ոքի պատասխանատվության չեն ենթարկել, սակայն Նիկոլ Փաշինյանի որդուն իբրև թե «առևանգելու» համար քրեական հետապնդում են իրականացնում զոհված զինծառայողի մորը։

Զոհվածների հարազատները ներկայացում են համարել այն փաստը, որ զոհված զինծառայողի մայրը միայնակ կարող էր առևանգել տղամարդու, ով իր կամքով էր նստել մեքենան, իսկ Աշոտ Փաշինյանի արարքը տղամարդուն ոչ վայել համարել։

Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանը տեղի ունեցածը անընդունելի է համարել և նշել, որ հայ հասարակության մեջ ամեն օր չեն հանդիպի կնոջ ձերբակալման, և նույնիսկ եթե Գայանե Հակոբյանի արարքի մեջ քրեական հատկանիշներ են պարունակվում, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ տուժողը որևէ նյութական և առողջական վնաս չի կրել, իր կամքով նստել է ավտոմեքենան, ինչպես նաև հարցի բարոյական կողմը՝ այն, որ նա զոհված զինծառայողի մայր է, պետք է հաշվի առնել այն հոգեվիճակը, որում նա էր գտնվում։

Արմեն Ասրյանը հավաքվածների անունից դիմեց ՀՀ իշխանություններին և Աշոտ Փաշինյանին՝ նշելով, որ անընդունելի են համարում զոհվածի զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանավորումը և պահանջեց ազատ արձակել նրան։

Նա կոչ արեց Աշոտ Փաշինյանին, որ տղամարդկություն ցուցաբերի և հետ վերցնի իր դիմումը։

«Միանշանակ հայ տղամարդուն հարիր չէ նման պահվածքը։ Ի՞նչ ես ասելու ընկերներիդ մոտ, որ գնացել եմ որդեկորույս մոր նկատմամբ ցուցմո՞ւնք եմ տվել։ Թեկուզ վնաս կրած էլ լինես, դու համարելո՞ւ ես քեզ տղամարդ, քո շրջապատում պարծենալու՞ւ ես, որ դու տղամարդ ես և նման կնոջ նկատմամբ ցուցմո՞ւնք ես տվել։ Ամո՛թ է, ա՛յ տղա, գնա և ցուցմունքդ հետ վերցրու, գոնե անեծքներից հեռու կմնաս»,-ասել է Ա․ Ասրյանը։

1