Արցախում վառելիքի պայթյունից տուժած ընտանիքների բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան
Ստեփանակերտի բենզինի պայթյունից տուժած 218 ընտանիքներ առայսօր որեւէ կարգավիճակ չունեն, նրանք պահանջում են ՀՀ Կառավարությունից հստակեցնել իրենց կարգավիճակը եւ ըստ դրա՝ խնդիրներին լուծում տալ։ Հարազատները պարբերաբար դիմում են ՀՀ համապատասխան մարմինների, սակայն առայսօր որեւէ դրական տեղաշարժ չկա։ Նրանք անհնարին են համարում ՀՀ Կառավարության բնակարանային ծրագրից օգտվելը, պահանջում առանձին մոտեցում ցույց տալ նման ընտանիքներին։ Այս եւ նման ընտանիքները ՀՀ-ում բախվում են բազմաթիվ խնդիրների, իրենց զգում են միայնակ եւ անտեսված, մինչդեռ նրանք պետք է լինեն պետության հոգածության ներքո։
ՀՀ Կառավարության կողմից տրվող 50000-ական աջակցությունը բավական չէ ընտանիքի խնդիրները լուծելու համար,- շուտով լրանում է պայթյունի մեկ տարին, նույնիսկ գերեզմաները չենք կարողանում կարգի բերել, մի կերպ ընտանիքի կեցությունն ենք ապահովում,- նշում են հարազատները, ապա՝ ավելացնում,- ինչպե՞ս կարելի է նույն հարթության վրա դնել այս ընտանիքներին, ՀՀ սահմանային որեւէ համայնքում այդ գումարով ինչպե՞ս տուն գտնենք, աշխատանք ունենանք, որ կարողանանք կերակրել մեր զավակներին,- վրդովված նշում են նրանք։
Պայթյունի ժամանակ մի շարք զինվորականներ են զոհվել, ովքեր տարիներ շարունակ Արցախի ուժային կառույցներում, ՊԲ շարքերում են ծառայել եւ մինչեւ վերջ պայքարել Արցախի համար, բայց որեւէ կարգավիճակ չունեն։ Հարազատներն այս հարցով դիմումներ են հղել համապատասխան մարմինների, սակայն մերժվել են։ Նրանք բազմաթիվ դռներ են ծեծել, բազմաթիվ նամակներ հղել, սակայն՝ անարդյունք։
Այսօր բենզինի պայթյունից զոհվածների հարազատները հանդիպել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ, ներկայացրել խնդիրները, խնդրել, որ համապատասխան մարմիններին փոխանցվի իրենց մտահոգությունները։
Գ․Մանուկյանը նշել է, որ նշված խնդիրներն օրակարգում են, պարբերաբար քննարկում են Արցախի Կառավարության, Խորհրդարանի պատգամավորների հետ եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց հնարավորություններն օգտագործելու են նշված հարցերը ՀՀ Կառավարությանը հասցնելու եւ լուծում գտնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող վառելիքի պահեստում 2023 թ-ի սետեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ունեցանք 218 զոհ, որից 68-ը զինվորականներ էին, ունենք անհայտ կորած քաղաքացիներ, 120 անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանցից շատերը դեռ շարունակում են բուժում ստանալ։