Արցախում տարբեր ոլորտների վերակերտման պահանջն անհետաձգելի է
Գլխավոր » Լրահոս » Արցախում տարբեր ոլորտների վերակերտման պահանջն անհետաձգելի է

Արցախում տարբեր ոլորտների վերակերտման պահանջն անհետաձգելի է

Բարդ ժամանակների թելադրանքը նոր կենսակերպի հնարավորություն է։ Արցախում տարբեր ոլորտների վերակերտման պահանջն անհետաձգելի է։ Առաջնորդվելով այս հրամայականով՝ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատն» ազդարարում է ևս մեկ մասշտաբային նախագծի մասին։

Շարժումը կարևորում է սերունդների առաջ պատասխանատվությունը, համախմբման գաղափարն ու հոգևոր արժեքների պահպանումը և անկախ ամեն ինչից՝ իր բոլոր ուժերը կենտրոնացնում է դրա շուրջ։

Մեր առաջնահերթությունների համատեքստում մշակվել և առաջիկայում կյանքի է կոչվելու բարերար Ռուբեն Վարդանյանի և Արցախի թեմի առաջնորդությամբ «Հակոբավանք վանական համալիրի վերածնունդ» ծրագիրը, որը նպատակ ունի ոչ միայն վերակերտել մեր փառահեղ հոգևոր կոթողներից ևս մեկը, այլ նաև զուգահեռ անհրաժեշտությամբ ստանձնել կրթական հաստատության բարեփոխման, մարդկանց հանրօգուտ աշխատանքի մեջ ներգրավելու և աշխատավարձով ապահովելու, գյուղական կենցաղային պայմանները բարելավելու առաքելություն։

Վանքի վերականգնման ու վերանորոգման աշխատանքների մեկնարկը խորհրդանշական ակցիայով տրվելու է հուլիսի 28-ին։ Երկարաժամկետ տևողության ծրագրին մասնակցել կարող են գաղափարը կիսող ճարտարապետ-վերականգնողներ, վերանորոգողներ, շինարարներ, քարտաշ֊վարպետներ, աշխատանքային հիմունքներով մասնագետներ ու կամավորներ։

Կատարվելիք աշխատանքների կազմակերպական պատասխանատվությունը ստանձնում է հանրային շարժումը՝ ապահովելով կեցության խնդիրը։

Նախագծին մասնակցելու համար կարող եք դիմել «Մեր սարերը» կենտրոն կամ զանգահարել 3333 կարճ համարին։

Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

1