Արցախում փորձուսուցում են անցել մի խումբ սփյուռքահայ երիտասարդներ
Արցախում փորձուսուցում անցնելու ծրագիրը ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի երիտասարդական միությունն սկսել է 2018թ.: Ծրագրի նպատակն է՝ ամրապնդել Սփյուռքում ապրող երիտասարդների կապը Արցախի երիտասարդության հետ: Նրանք վեց շաբաթվա ընթացքում իրենց նախընտրած ոլորտում աշխատում են՝ կառավարական և ոչ կառավարական, հասարակական կազմակերպություններում, առողջապահության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության կամ մուլտիմեդիա ոլորտում: 2020թ. կորոնավիրուսի պատճառով ծրագիրը չգործեց և ահա մի խումբ երիտասարդներ այս տարվա հուլիսի 2-ից Արցախում են: «Ապառաժ»-ը զրուցել է փորձուսուցման ծրագրով Արցախում գտնվող երիտասարդների հետ: Ինչո՞ւ են որոշել մասնակցել ծրագրին, ի՞նչ են սովորել այս ընթացքում, ի՞նչ տպավորություն են ստացել, արդյո՞ք դժվարություններ ունեին՝ բարբառի հետ կապված: Այս հարցերն ենք ուղղել նրանց, բայց ծրագրի արդյունավետության ամենաառաջին գրավականը կարելի է համարել այն, որ չորս երիտասարդներից երկուսը որոշել են հայրենադարձվել, կամ, ինչպես նրանցից մեկն է ասում, «արցախադարձվել»:
Արցախյան սիրտը շատ եմ կարոտելու. ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ երիտասարդական միության անդամ Արենի Համբարյան
-Անցյալ տարի եմ Արցախ եկել և սիրահարվել այստեղի ժողովրդին, նրանց ոգուն, հայրենիքի հանդեպ սիրուն: Մարդկանց հետ շփումներից հասկացել եմ, թե ինչու է կարևոր այստեղ մնալը, աշխատելը, այս գեղեցիկ երկիրը կառուցելը: Այն մերն է, և եթե մենք տեր չլինենք, ո՞վ պիտի տեր կանգնի: Այդ առումով՝ զգում եմ, որ կարևոր է այստեղ լինելը:
Առաջին շաբաթվա ընթացքում ամեն մեկը գրկաբաց, ժպտալով ուզում է քեզ ընդունել, բայց ավելի շատ մնալով՝ հասկանում ես, թե որքան ցավ կա այստեղ, երբ ավելի ես մոտենում մարդկանց ու խոսում պատերազմի մասին, զգում ես, թե որքան է այն ազդել: Ծանր է իսկապես: Որպես սփյուռքահայ՝ չեմ կարող հասկանալ Արցախի ժողովրդի ուժը՝ կարողանալ նորից արթնանալ ամեն օր և շարունակել ապրել, փորձել հայ մնալ:
Շատ կարևոր է հայրենիքում մնալը, նաև՝ կարևոր է գալ այստեղ ու առօրյա շփում ունենալ ժողովրդի հետ, հասկանալ, թե ինչ կարող ենք անել՝ իրար հետ զորացնելու մեր երկիրը: Գիտեմ, որ բավականին դժվարություններ կան, բայց, վերջիվերջո, բոլորիս հայրենիքն է, պետք է իրար հետ աշխատենք՝ զորացնելու մեր երկիրը:
Ամենաշատը ժողովրդի սիրտն ու ոգին, բարությունն եմ կարոտելու: Մի քանի օր առաջ կորել էի, չգիտեի ինչպես տուն հասնել. ումից հարցնում էի, փորձում էին օգնել՝ նույնիսկ եթե իմ ասած տեղը չգիտեին: Այս բարությունն ուրիշ ոչ մի տեղ չկա: Երբ ավտոբուս ես նստում, ամեն մեկը փորձում է տեղ տալ քեզ: Խանութ ես մտնում, ու գիտեն, որ Սփյուռքից ես, հարցնում են՝ ինչ ծրագրով ես այստեղ, ուրախանում են Սփյուռքից եկած հայրենակիցներին տեսնելիս: Արցախյան սիրտը շատ եմ կարոտելու: Բարբառն էլ եմ մի քիչ սովորել՝ «Լոխ լյավա» (ամեն ինչ լավ է), «եկ ստըղ» (արի այստեղ):
Այստեղի մարդիկ մեզ ուժ են տալիս. ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի Երիտասարդական միության անդամ Գալի Չակմակչյան
-Ես Արևելյան շրջանի փորձուսուցման ծրագրին էի ուզում մասնակցել: Գրանցվել էի միայն նրա համար, որ գոնե մի շաբաթ Արցախում լինեմ, հետո տեսա, որ Արցախում էլ նույն ծրագիրը կա: Քանի տարի է՝ սպասում էի Արցախ գալուն, չէր ստացվում: Այս տարի որոշել էի անպայման գալ: Առաջին անգամ եմ Արցախում: Շատ ցավում եմ, որ մեր տնից էլ են երևում բռնագրավված տարածքները, Շուշին: Այս պահին չեմ կարող նկարագրել, բայց ուրիշների պատմածից ավելի սիրուն է Արցախը, շատ տպավորված եմ Արցախի այս էներգիայով: Այստեղի մարդիկ, ապահովությունը տարբեր է, ճանապարհներին քայլելիս ներքին ապահովություն կա:
Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզում եմ աշխատում: Շատ սիրուն են այստեղի մանուկները, ուժեղ են, համովիկ, ուզում ես սրտիդ մեջ դնել: Բոլորը դաստիարակված են, շատ հայրենասեր են: Փոքր տարիքից ՀՄԸՄ-ի սկաուտ էի, հետո ՀՅԴ պատանեկան, երիտասարդական միությունների անդամ եմ եղել: Միշտ սիրել եմ փոքրիկների հետ աշխատել, որ ինչ մեզ սովորեցրել են՝ եկող սերունդներին տամ. սա պարտականություն է:
Լեզվի հարցերը մի քիչ դժվար են: Ընդհանրապես ինձ հասկանում են, ես էլ իրենց եմ հասկանում, նաև մյուս ուսուցիչներն են օգնում: Փոքրիկների էներգիայով ենք շփվում իրենց հետ: Կամաց-կամաց ականջս հարմարվում է՝ «եկ ստըղ» (արի այստեղ), «կյամ ում» (գալիս եմ), «օզում չում» (չեմ ուզում):
Շատ կարևոր է այստեղի ժողովրդի հետ շփվել, մանավանդ որ օտարությունից հայրենիք ես գալիս: Արցախն ուրիշ հայրենիք է, ավելի թանկագին: Այստեղի մարդիկ մեզ ուժ են տալիս: Տարօրինակ կարող է թվալ, բայց այդպես է:
Ես ընդհանրապես ուզում էի հայրենադարձ լինել, բայց հիմա Արցախում եմ և կուզեի «արցախադարձ» լինել: Այս ծրագիրն օգնեց, որ այստեղ ապրելով հասկանանք տեղի կյանքը: Այստեղ գործի ենք գնում, ընկերներ են գտել: Շատ կուզեմ այստեղ ապրել:
Միշտ ասում եմ, որ իմ կյանքը արցախցու կյանքից թանկ չէ: Ձեր այստեղ ապրելը դիմադրություն է, այս հողի վրա ապրելը դիմադրություն է: Ամեն մարդ պետք է այսպես մտածի: Բոլորս էլ մարդ ենք, հայ ենք, այս է մեր տունը, և ով պիտի մնա, որպեսզի պաշտպանի կամ դիմադրի: Դրսից դիմադրությունը նկարներով գեղեցիկ է երևում, բայց այստեղ լինելը, աշխատելը ամենակարևոր բանն է. բոլոր դաշնակցականները նույն կերպ պետք է մտածեն: Այստեղ գալու վախ չպիտի լինի, մանավանդ դաշնակցականների մեջ:
Արցախն ամենակարևոր տեղն է, որտեղ Սփյուռքը պետք է լինի. ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետուհի Հասմիկ Բուրուշյան
-Ես այս ծրագրին մասնակցում եմ, քանի որ Արցախն ամենակարևոր տեղն է, որ Սփյուռքը պետք է լինի: Սփյուռքը պիտի հայրենիքին մոտ կանգնի, և ես միայն իմ բաժինը փորձում եմ անել: Ուզում եմ ապագայում տեղափոխվել Արցախ, և սա լավ փորձառություն կլինի, որ սովորեմ, թե ինչպիսին է այստեղ կյանքը:
Երկրորդ անգամն է, որ Արցախ եմ գալիս, դեռևս առաջին անգամ էի որոշել այստեղ հաստատվել: 2018թ. եկել էի ճամբարի համար ու այդ տարի սիրահարվեցի Արցախին: Սիրեցի համայնքը, ժողովուրդը, ուտելիքը, հիմա պատերազմից հետո ժողովուրդը փոխվել է, հայրենիքը թուլացել է, բայց հուշում է, որ շատ գործ կա անելու: Սփյուռքը պիտի միանա Արցախի ժողովրդին, որ միասին աշխատենք: Երկրորդ անգամ գալով՝ համոզվեցի, որ Սփյուռքում մեր արածը կարևոր է, բայց ավելի կարևոր է, որ մենք հայրենիքում, տեղի ժողովրդի հետ լինենք:
Դեռ բարբառը չեմ սովորել, մի քիչ դժվար է հասկանալ, բայց փորձում եմ սովորել, որ տեղափոխվելուց հետո ավելի հեշտ լինի:
Քաղաքագիտություն եմ սովորել համալսարանում, ավարտել եմ 2020թ.: Հիմա համայնքային և կուսակցական աշխատանքներով եմ զբաղվում: Մինչ այստեղ գալն ուրիշ կերպ էի մտածում, այստեղ գալուց հետո իմ մտածելակերպը փոխվել է: Սփյուռքում մեր բոլոր աշխատանքները Հայաստանի ու Արցախի հզորացման ուղղությամբ են կատարվում, սակայն այժմ գտնում եմ, որ հայրենիքում աշխատելն ավելի կարևոր է և անհրաժեշտ:
Ես ինձ այստեղ զգում եմ՝ ինչպես տանը. Նարե Ներսեսյան, Ռուսաստանի Դաշնություն
-Փորձուսուցման ծրագրի մասին պատահական ինստագրամով եմ իմացել: Ես այժմ ապրում եմ ՌԴ-ում, ծնունդով Սյունիքի մարզից եմ: Այստեղ զբաղվում եմ Հայ դատի գրասենյակի աշխատանքով, հոդվածներ եմ գրում, քաղաքագիտական որոշակի անալիզներ անում: Համալսարանում քաղաքագիտություն եմ սովորում, և այստեղ էլ իմ սովորական առօրյայով ապրելով՝ շարունակում եմ իր ուսումնասիրությունները:
Երեք տարեկանում եմ առաջին անգամ Արցախում եղել: Հիմա ինձ տխրեցնում է մարդկանց հոգեբանական ծանր վիճակը: Սա նորմալ խնդիր է. տարօրինակ կլիներ, որ այդպես չլիներ: Խնդիր է, որի վրա պետք է աշխատել: Ուրիշ երկրներ էլ են պատերազմից հետո ունեցել նույն իրավիճակը, և հիմա պետք է մարդկանց հուսադրել առաջիկա հաղթանակներով, որովհետև պատերազմի ավարտով կյանքը չի ավարտվում:
Այս պահին շատ դաշնակցական երիտասարդներ կան Արցախում, նրանք ապրում են արցախցու առօրյայով: Այս հանգամանքը ոգևորող գործոն է այստեղ ապրողների համար:
Ես ինձ այստեղ զգում եմ՝ ինչպես տանը: Շատ կարծրատիպեր կային արցախցու հետ կապված, որը ջարդվեց այստեղ մտնելու առաջին րոպեներից: Ասում էին, որ եթե գրական հայերենով ես խոսում, բարբառով կպատասխանեն, որ քեզ վատ զգաս, նման բան չկա, կամ՝ որ տարբերակում են հայաստանցի-արցախցի: Ես դրա նշույլներն Արցախում չեմ նկատում:
Տաթևիկ Աղաջանյան