Արցախում նույնքան անվտանգ է, որքան՝ Երևանում, եկեք այստեղ, որ արցախցին այս ծանրագույն պայմաններում իրեն լքված չզգա. Սերգեյ Շահվերդյան
Գլխավոր » Լրահոս » Արցախում նույնքան անվտանգ է, որքան՝ Երևանում, եկեք այստեղ, որ արցախցին այս ծանրագույն պայմաններում իրեն լքված չզգա. Սերգեյ Շահվերդյան

Արցախում նույնքան անվտանգ է, որքան՝ Երևանում, եկեք այստեղ, որ արցախցին այս ծանրագույն պայմաններում իրեն լքված չզգա. Սերգեյ Շահվերդյան

Artsakh

Երկնքից կրակ է թափվում․ մեր անձնագրերը ստուգող արևառ դեմքով ռուս խաղաղապահը բրոնեժիլետով է, սաղավարտով։ Հարցնում է՝ զինվորակա՞ն եք, Հայաստանի Հանրապետության քաղաքացի՞ եք, ու արագ անցնում է ավտոբուսի շարքերով, ուշադիր նայում անձնագրի նկարներին, մեր դեմքերին։ Հետո մաղթում է բարի ճանապարհ ու իջնում․ սա դեպի Արցախ առաջին անցակետն է, մյուսներում նման ստուգում չի արվում․ հավանաբար առաջին ուղեկալից հաղորդում են, որ փաստաթղթային խնդիր չունեցող ուղևորներ ենք։ Ավտոբուսում բացառապես տուն վերադարձող արցախցիներ են և բարեկամներին այցի գնացող ՀՀ քաղաքացիներ։ Զբոսաշրջիկներ չկան։

Ստեփանակերտ ենք հասնում կեսօրին․ շրջում եմ ճերմակ քաղաքի մարդաշատ փողոցներով՝ փնտրելով զբոսաշրջիկների։ Չկան։ Մտածում եմ՝ հիմա շոգ է, երեկոյան կփնտրեմ հրապարակներում, Տատիկ-Պապիկի մոտ։ Սրճարանի մատուցողին հարցնում եմ՝ այս տարի զբոսաշրջիկները քի՞չ են նախորդ տարիների համեմատ։ «Քիչ են,- ասում է,- շատ քիչ են,- մի քիչ էլ է մտածում,- շատ հազվադեպ են այստեղ լինում․․․ գրեթե չկան»։ 

Ըստ վիճակագրության՝ 2019-ին Արցախ է այցելել 42 հազար զբոսաշրջիկ, ինչը մոտ 47%-ով ավելի է, քան 2018-ին: Այս տարի դեպի Արցախ այցելությունների թիվը կտրուկ նվազել է։
Հանդիպում եմ Արցախի զբոսաշրջության զարգացման գործակալության հիմնադիր Սերգեյ Շահվերդյանին, ով ծանոթ է խնդրի բոլոր ծալքերին։ Ու հյուրանոցի նախասրահում, ուր հայացքս կրկին ապարդյուն փնտրում է զբոսաշրջիկների, նա պատմում է նախորդ տարիներին ոլորտի զարգացման, այսօր առկա վիճակի մասին, թվարկում այն հրաշալիքները, որ տեսնելու ու վայելելու է հրավիրում վիրավոր Արցախը։  

Нет описания.


-Զբոսաշրջությունն անկում է ապրել ողջ աշխարհում, ցուցանիշներն էապես նվազել են նաև Հայաստանում, սակայն Արցախում, կարծես՝ անհամեմատ ավելի։ Ակնհայտ՝ քովիդ, պատերազմ պատճառներից բացի, ի՞նչ գործոններ են արգելակում զբոսաշրջության ակտիվացումը։ 
-Ի տարբերություն Հայաստանի մյուս հատվածների՝ Արցախում զբոսաշրջության կտրուկ անկման պատճառները բոլորովին ուրիշ են՝ դա քովիդը չէ, այլ պատերազմն ու դրա հետևանքները, որ կրում ենք մինչ այսօր։ Բայց հարցը միայն դա չէ, այլ այն ապատեղեկատվությունը, որ տարածվում է սոցցանցերում․ իրականության մասին պատկերացում չունեցողները գրում են, թե Արցախն այսօր վտանգավոր գոտի է։ 
Բացի դրանից, դեռ ամբողջությամբ կանոնակարգված չէ օտարերկրյա քաղաքացիների մուտքն Արցախ։ Դա չի նշանակում, թե օտարերկրացիները չեն կարողանում այցելել, պարզապես թույլտվություն ստանալու ընթացակարգն ավելի բարդացած է։ Վստահ եմ, որ մոտ ապագայում դա էլ կհստակեցվի, և օտարերկրացիների համար մուտքի հնարավորությունները կընդլայնվեն։ 

-Եվ թերևս, առավել կարևոր է զբոսաշրջության ակտիվացումն Արցախում։

-Այո՛, այսօր խոսելով Արցախում տուրիզմի մասին՝ մենք հիմնականում նկատի ենք առնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների այցելությունները․ դրանք շատ կարևոր են ոչ միայն որպես տուրիզմ՝ եկամուտ ստանալու առումով, այլև՝ որպես բարոյական աջակցություն Արցախի ժողովրդին։ Շատ կարևորում ենք Արցախի ժողովրդի համար, որ ՀՀ քաղաքացիների հոսքերը շատանան, ու գոնե վերականգնվեն նախապատերազմյան ցուցանիշները։ Կարծում եմ՝ դա կարևոր է ոչ միայն և ոչ այնքան տուրիզմի զարգացման համար, այլ որպես հոգեբանաբարոյական մթնոլորտ ձևավորելու միջոց։

-Այնուամենայնիվ, ներկայացրեք, խնդրում եմ, նաև օտարերկրյա քաղաքացիների մուտքի ընթացակարգը։

-Ցանկացողները դիմում են Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչություն, այնտեղ լրացնում ձևաթուղթ՝ բոլոր տվյալներով, ձևաթղթերն ուղարկվում են Արցախ, և արդեն հատուկ ընթացակարգով ռուս խաղաղապահների հետ միասին որոշում են այդ մարդկանց կարելի՞ է մուտք գործել Արցախ, թե՞՝ ոչ։ Ում որ կարելի է, տրվում է թույլտվություն, հայտատուն տեղեկացվում է, որ այսինչ օրը կարող է այցելել Արցախ։ Անհնար բան չէ, պարզապես այս ընթացակարգը տևում է ավելի երկար, մինչդեռ առաջ դա մեկ օրում էր կատարվում՝ առանց որևէ խնդրի ստանում էին մուտքի արտոնագիր։

-Որպես ՀՀ քաղաքացի՝ ես հետպատերազմյան շրջանում երբևէ խնդիր չեմ ունեցել․ երբեմն ուղեկալների մոտ առավել հանգամանալից են ստուգում բոլորի անձնագրերը, բայց խնդիրներ չեն եղել։

-Իրականում  զբոսաշրջային համայնքը և պետությունը շատ մեծ խնդիր ունեն՝ ՀՀ բնակչության մեջ փարատել այն մտավախությունը, թե Արցախ այցելելը վտանգավոր է։ Սա վատ մթնոլորտ է, որ ձևավորվել է, և դրա պատճառը հիմնականում սոցիալական կայքերի ոչ հստակ, ոչ ճշգրիտ տեղեկատվությունն է։ Իրականում Արցախ այցելելը ՀՀ քաղաքացիների համար որևէ բարդություն չի ներկայացնում, նրանցից չի պահանջվում մուտքի արտոնագիր, նրանց չի սպառնում որևէ ֆիզիկական վտանգ։ Նույնիսկ կարող եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներում շատ ավելի վտանգավոր է, քան՝ Արցախում։ Ու բնականաբար, Արցախում նույնքան անվտանգ է, որքան՝ Երևանում։ 

-Կա ևս մի անշրջանցելի խնդիր, բռնազավթված-նվիրված տարածքների հետ մենք կորցրել ենք զբոսաշրջային հիմնական ուղիները, և հիմա տպավորություն կա, որ Արցախում քիչ բան կա տեսնելու։

Нет описания.

-Դա էլ թյուր տպավորություն է։ Մեր կորուստներն, իհարկե, ահռելի են՝ մշակութային ժառանգության հսկայական մասը կորցրինք բռնազավթված տարածքներում․ դա վերաբերում է թե՛ հուշարձաններին և՛ թե թանգարանային և գեղարվեստի հավաքածուներին, պատկերասրահներին, ցուցադրություններին։ Բայց մենք միշտ ունեցել ենք զբոսաշրջավայրերի երկու հարթություն․ մեկը հանրաճանաչ-առաջին շարքի վայրերն են, որոնց զգալի մասը, այո՛, կորցրել ենք՝ Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Շուշին, Հադրութի շրջանում գտնվող Տողի մելիքական ապարանքը, Գտչավանքը և այլն և այլն։ Բայց մենք միշտ ունեցել ենք շատ կարևոր զբոսաշրջային վայրեր, որ մնում էին այս առաջին շերտի ստվերում․ մարդիկ դրանք շատ քիչ էին հաճախում, քանի որ կար առաջին շերտի այդ տպավորիչ ցանկը։ Հիմա մենք պարզապես այդ երկրորդ շարքը բարձրացրել ենք։ 

-Կնշե՞ք՝ ինչ զբոսաշրջային ուղղություններ-վայրեր են հիմա առաջարկվում Արցախում։

-Ի հավելումն Գանձասարի, Ամարասի, Տնջրի ծառի, հիշենք Բռիեղցի վանական համալիրը Մարտունու շրջանում, որ նույնքան շքեղ է, որքան Դադիվանքը։ Ունենք Պտկեզ («Հավապտուկ») վանական համալիրը Վանքում, ունենք Ստեփանակերտ-Գանձասար ճանապարհի եզրին Սուրբ Հակոբավանքը։ Այս և այլ հուշարձաններ համալրում են առաջացած բացերը։ Նախկին հայտնի զբոսաշրջավայրերից շարունակում է գործել Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, որն, ի դեպ, նորովի է ներկայանում, այցելություններն էլ այստեղ նոր թափ են առել։ Շարունակում են  ուշադրության կենտրոնում մնալ Ամարասի վանական համալիրն ու Գանձասարը։ Ի դեպ, պիտի նշեմ, որ լրատվամիջոցներից թյուր տպավորություն է ստեղծվում, որ Ամարասի վանք կարելի է այցելել միայն ռուս խաղաղապահների ուղեկցությամբ․ այդպիսի բան չկա։ Ամարասի վանքի այցելությունները բոլորովին ազատ են, վանքի ճանապարհը մեր Արցախի ամենաանվտանգ ճանապարհներից մեկն է՝ թե՛ ցերեկով և թե՝ երեկոյան ժամերին։ 

Нет описания.

-Դադիվանք այցելությունները, սակայն, հիմա գրեթե անհնար են դարձել։

-Դադիվանքը մեր ամենակարևոր զբոսաշրջային վայրերից մեկն էր․ հիմա, իհարկե, Դադիվանքի այցելությունները խիստ կանոնակարգված են ռուս խաղաղապահների միջոցով և սովորական զբոսաշրջիկի համար այդ կանոնակարգով անցնելն ու այցելելը գրեթե անհնար է․ կարող ենք ասել, Դադիվանքն անհասանելի է․ պետք է Դադիվանք այցելության պլանավորումը փոխարինել այլ վանական համալիրներ այցելություններով, այլ վայրերով։ Դադիվանք այցելություններն իրականացվում են ուխտագնացությունների ձևով, որի հավաքագրումն իրականացնում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը։ ՀՀ քաղաքացիների համար, ամեն դեպքում, կա հնարավորություն այնտեղ հասնել, սակայն գործընթացը բավական բարդ է։

Нет описания.

-Կարո՞ղ է Արցախն այսօր սպասարկել զբոսաշրջային մեծ ծավալներ, որ ուսանողների քննությունների ավարտից հետո չեն բացառվում։

-Որևէ խնդիր չունենք․ մենք պատրաստ ենք ապահովել այնքան զբոսաշրջիկների կեցությունը, որքան կգան։ Արցախում այսօր գործում են բարձրակարգ հյուրանոցներ և բազմաթիվ հյուրատներ․ էժան հյուրանոցներ գրեթե չկան, քանի որ դրանք տրամադրված են գաղթականներին՝ բնակության համար։ Սական խոշոր զբոսաշրջային հյուրանոցներն աշխատում են սովորական ծավալով, ընտանիքների և ընկերական խմբերի են հյուրընկալում նաև փոքր ու միջին ծավալների հյուրատները։

-Ի՞նչ գներ են հյուրանոցներում և հյուրատներում։

Արցախի որակավորված հյուրանոցներն աշխատում են զբոսաշրջիկների համար․ դրանց գները 25-75 հազար դրամի սահմաններում են․ զբոսաշրջային հյուրատները աշխատում են մեկ գիշերվա դիմաց սկսած 5 հազար դրամից։ Այսինքն, տարբեր ֆինանսական կարողությունների քաղաքացիներ կարող են գտնել իրենց պահանջներին համապատասխան հանգրվաններ։ 
Կցանկանայի կրկին ընդգծել, որ Արցախում անվտանգ է, որևէ մտահոգություն ֆիզիկական անվտանգության առումով գոյություն չունի, ու Արցախը, արցախցին կարիք ունի տեսնելու այստեղ Հայաստանի Հանրապետության մեր քաղաքացիներին, որպեսզի այս ծանրագույն պայմաններում իրեն լքված չզգա։ Իհարկե, պատերազմից հետո չի դադարել մեր հայրենակիցների այցերը Արցախ՝ ընտանյոք հանդերձ, ընկերական խմբերով կամ անհատական։ Ոչ մի օր չի դադարել։ Պարզապես մենք ակնկալում ենք, որ լայն հանրությունն իմանա, որ Արցախը սպասում է հյուրերի, Արցախը սպասում է ձեզ։

RegionPress-ը հայաստանյան մի շարք զբոսաշրջային գործակալություններից հետաքրքրվեց, թե ինչ զբոսաշրջային ուղղություններ են առաջարկում դեպի Արցախ․ մեծամասամբ, դեռ ուղղություններ չեն մշակվել։ Ասում են, ինչպես և նշում է Սերգեյ Շահվերդյանը, որ մտավախություն ունեն, թե ճանապարհն ու Արցախում կեցությունն անվտանգ չէ։ «Մեր հաճախորդներին Արցախ տանելու ցանկությունս մեծ է, բայց քանի որ ապահովության երաշխիքներ չկան, դեռ չեմ սկսել․ վստահ եմ, որ մեր հաճախորդների մեջ էլ շատ կլինեն ցանկացողներ, պարզապես ես դեռ վստահ չեմ, որ կարող ենք ապահովել նրանց անվտանգությունը։ Բայց այդ մասին մտածում ենք»,- ասաց «Տուր Գրուպ» գործակալության տնօրեն Նանա Սարուխանյանը։

Միակ գործակալությունը, որտեղից հայտնեցին, որ առաջիկայում ուղևորվելու են Արցախ, OneWay-ն է։ «Այս օրերին Թեք-Ուրիքի՝ Tech Week Artsakh-ի շրջանակում դեպի Արցախ եռօրյա տուր ունենք․ չեմ կարող ասել, թե հետագայում ինչպես կընթանան գործընթացները, և այլ տուրեր կունենանք, թե ոչ։ Այս տուրի մասնակիցները ՀՀ քաղաքացիներ են, որ ցանկացել են մասնակցել թե՛ տեխնոլոգիական շաբաթին և թե՛ տեսնել Արցախի տեսարժան վայրերը»։ Հարցին, թե Արցախում ի՛նչ զբոսաշրջային վայրեր են նախատեսում առաջնորդել իրենց հյուրերին, պատասխանեցին, որ դեռ չեն որոշել, քանի որ նրանք պիտի մասնակցեն կոնֆերանսների, և այդ երեք օրերն արդեն իսկ հագեցած են լինելու․ «Չենք հստակեցրել, թե ուր և երբ կայցելեն նրանք․ ամենայն հավանականությամբ, դա կորոշեն տեղում»։ 

Ստեփանակերտում երեկոյան ևս չեմ կարողանում գտնել զբոսաշրջիկներ՝ ոչ փողոցներում, ոչ էլ՝ Տատիկ-Պապիկի մոտ. միայն լուսանկարվող դպրոցականներ են՝ դասղեկների ուղեկցությամբ։

Нет описания.

Երևան վերադարձիս երթուղայինի վարորդին եմ հարցնում՝ այս տարի զբոսաշրջիկներ Ձեր մեքենայով եկել-գնացե՞լ են։ «Քիչ,- ասում է, հետո երկար փորձում հիշել ու հավելում,- չէ, էս տարի ոչ մեկը չի եղել»։

Շուշիի մոտով առանց բռունցքները սեղմելու, առանց սրտի բութ ցավի ու զուսպ հառաչանքի անցնել հնարավոր չէ։ «Տասնինը հոգի ենք՝ ես էլ հետները, բոլորը՝ Հայաստանի քաղաքացի»,- պատասխանում է վարորդը պատուհանից հարցնող խաղաղապահին, ու նրա նշանով շարունակում ենք ճանապարհը։ 

Нет описания.

Ճամփեզրին շարժական փշալարերն են, արևից խանձված-գունաթափված ցանցերի տակից երևացող զրահամեքենաներն ու տանկերը։ Արցախից դուրս գալն ինձ համար միշտ ավելի ծանր է․ և ես վստահ եմ, որ Արցախի մասին մտածող (առավել ևս գրառումներ անող) ցանկացած մեկին անհրաժեշտ է անցնել այս ճանապարհը, անհրաժեշտ է Ստեփանակերտից դուրս գալիս ռուս խաղաղապահին ցույց տալ անձնագիրն ու տալ բացատրություն, անհրաժեշտ է տեսնել կողք-կողքի ծածանվող հայոց, ռուսական ու ադրբեջանական եռագույնները, ճանապարհներին ամենուր երևացող թշնամու դրոշները… 

Нет описания.

Ու անհրաժեշտ է այդ զգացողությունները նորոգել հնարավորինս հաճախ՝ մշտապես հիշելու և փշալարերի այն կողմում գտնվող մեր հայրենակիցներին հիշեցնելու համար՝ որքան պայմանական է ուղեկալներով մեզ երկու մասի բաժանած սահմանը, որքան ընդհանուր են խնդիրները, որ պիտի լուծենք միասին։ 

Нет описания.

Իսկ առայժմ, սիրելի՛ հայրենակիցներ, Արցախն իր տեսարժան վայրերով, համեղ ուտեստներով ու զով երեկոներով սպասում է ձեզ։

Կարմեն Մարտիրոսյան

regionpress.am

1