Արցախում նշվել է Հայոց պետականության վերականգնման 102-ամյակը
102 տարի առաջ մայիսի 28-ին հայտարարվեց Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, և մոտ ինը դար տևած ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց պետականությունը: Ամեն տարի Հայաստանում և Սփյուռքում մեծ շուքով նշվող տոնը այս տարի սահմանափակվեց հիմնականում առցանց միջոցառումներով, ինչպես նաև ՀՀ աշխարհիկ և հոգևոր ղեկավարների, ԱՀ նախագահի այցով Սարդարապատի հուշահամալիր:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի նախաձեռնությամբ Հայոց պետականության վերականգնման տոնի առթիվ Արցախում միջոցառում է կազմակերպվել: Նախ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները, ՀՅԴ տարբեր մարմինների անդամներ, երիտասարդներ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնից երթով շարժվել են դեպի Բեկորի հուշակոթող, որտեղ կայացել է խոստման և երդման արարողություն՝ համալրվել են ՀՅԴ Արցախի երիտասարդական միության և ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցի շարքերը: Այնուհետև տոնական օրը շարունակվել է խարույկի շուրջ՝ նշանավորելով մայիսյան հաղթանակները, Հայոց պետականության վերականգնումը:
ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանը, շնորհավորելով ՀՅԴ ԱԵՄ-ի շարքերն անցած երիտասարդներին, նշել է, որ Դաշնակցությունը միատեսակ, միակերպ մտածելակերպով համախմբում է աշխարհով մեկ սփռված հայերին: «Կան բազմաթիվ, բազմանպատակ երիտասարդական միություններ, բայց դուք բացառիկ եք, որովհետև դուք միավորվում եք սրբազան գաղափարի շուրջ և սկսում եք մաս կազմել համահայկական կազմակերպության»,- իր խոսքում ասել է Սերգեյ Շահվերդյանը:
ՀՅԴ շարքերն անցած ընկերների կնքահայրը ազատամարտիկ Հրաչ Թադևոսյանն էր: Նա, ներկաներին շնորհավորելով մայիսի 28-ի ազգային-պետական կարևորագույն տոնի կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ որպես նախորդների շարունակություն, նոր սերունդն էլ իր նպաստը կբերի պետության կայացման, ամրացման, հզորացման գործին:
Հրաչ Թադևոսյանը խորհրդանշական համարեց երդման արարողության վայրը, քանի որ Աշոտ-Բեկորի նման հայրենիքի զավակներն անպարտելի են:
«1918թ. պետականակերտման գործի շարունակությունը եղավ Արցախյան շարժումը և անկախության հռչակումը: Եվ թեպետ շատ թանկ գնով, բայց այդ հաջողությունը ամրագրվեց նաև Արցախի հինավուրց և սրբազան տարածքում: Մեր նոր սերնդի ներկայացուցիչները՝ երիտասարդները, պետք է ավելի ուշադիր լինեն և ներկա լրահոսի, զանազան թյուրիմացությունների այս տեղապտույտի մեջ կարողանան ճշմարիտ արժեքները գնահատել և ընթանան իրենց սրտի թելադրած ճանապարհով»,- նշել է Հրաչ Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ պետականության ակունքներում կանգնած քաղաքական կազմակերպությանն անդամակցելով՝ նորագիրները հնարավորություն են ստանում ՀՅԴ փորձառությունը, ռեսուրսներն ուղղել երկրի շենացմանը, զարգացմանը, Հայաստանի և Արցախի հզորացմանը:
ՀՅԴ դրոշին, կանոնակարգին, զինանշանին եւ զենքին երդված Ոսկեհատ Վարդանյանը խորհրդանշական է համարել երդման օրն ու վայրը: Նրա խոսքով՝ ծնված օրից դաստիարակվել է Դաշնակցության ոգով և պարտավորեցնող է համարում հենց մայիսի 28-ին ՀՅԴ շարքերն անցնելը:
Երդման արարողությանը հաջորդած ելույթի ժամանակ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նշել է, որ դաշնակցական լինելը բավականին ծանր ու պատասխանատու առաքելություն է: Նա անդրադարձել է օրվա խորհրդին՝ կարևորելով դարավոր պայքարից հետո Հայոց պետականության վերականգնումը:
«Մայիսի 28-ին վերականգնվեց դարերով կորցված պետականությունը, որը մեր երազների, նպատակների մարմնացումն է: Այս օրերին աշխարհի տարբեր վայրերում, ուր կա հայություն և բնականաբար Դաշնակցություն, տոնվում է մայիսի 28-ը: Բայց որտեղ էլ տոնվի, բոլորի ուշադրությունն անկեղծորեն սևեռված է Արցախի վրա, ոչ թե այն առումով, որ այստեղ ձևավորվում է նոր իշխանություն, այլ այն առումով, թե ինչ ուղղությամբ է շարժվելու Արցախը: Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր առաքելությունը, մեզնից յուրաքանչյուրի վրա կա այդ պարտականությունը»,- նշել է Դավիթ Իշխանյանը՝ վստահություն հայտնելով, որ ոչ միայն նորագիրները, այլ նաև տասնամյակներ շարունակ ծանր պատասխանատվություն կրող դաշնակցական ընկերները, համակիրները, ՀՕՄ-ուհիները, առիթներ ունեցել են և դեռ էլի կունենան պատվով իրականացնելու այդ առաքելությունը: