Արցախում նշել են Ֆիզկուլտուրնիկի օրը
Այսօր` սեպտեմբերի 17-ին Արցախում նշել են Ֆիզկուլտուրնիկի օրը։ Մարզական այս տոնը արդեն 10-ամյա ավանդույթներ ունի: Այդ կապակցությամբ ամեն տարի կազմակերպվում են մարզական միջոցառումներ, մարզիկների ու մարզիչների պարգևատրման արարողություններ։ Այսօր մարզական միջոցառումները մեկնարկել են հեծանվավազքով «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքից: մրցաշարով։ Այնուետև Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացել է հանդիսավոր միջոցառում: ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության կողմից արժեքավոր նվերների ու պարգևների են արժանացել սպորտի մի խումբ վետերաններ, մարզիկներ, մարզիչներ, սպորտի բնագավառի աշխատակիցներ։ Հաջորդիվ կայացել է աթլետիկայի մրցաշար: Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն արժանացել են պատվոգրերի և դրամական պարգևների։ Մարզադաշտում ցուցադրական ելույթներով են ներկայացել նաև արևելյան մարտարվեստների մարզիկներ ու սպորտային պարերի սաները։ Մարզական միջոցառումները եզրափակվել են մինի ֆուտբոլի մրցաշարով։
Սեպտեմբերի 17-ը պաշտոնապես Ֆիզկուլտուրնիկի օր է հայտարարվել 2010 թվականին՝ Արցախի կառավարության որոշմամբ:
Մարզական այս տոնը 1980 թվականից պաշտոնապես նշվում էր նաև Խորհրդային միությունում: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ օգոստոսի երկրորդ կիրակին հայտարարվել էր «Ֆիզկուլտուրնիկի օր»: Այն նշվում էր նաև մինչ այդ՝ 1920-30 թվականներին, երբ Խորհրդային միությունում լայնորեն տարածված էր «Առողջ մարմնում` առողջ հոգի» կարգախոսը: