Արցախում մեկնարկում է ՀՕՄ-ի արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիրը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախում մեկնարկում է ՀՕՄ-ի արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիրը

Արցախում մեկնարկում է ՀՕՄ-ի արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիրը

Հայ օգնության միության Արցախի միավորի և «Շտիգեն» ՍՊԸ ընկերության միջև այսօր կնքվեց պայմանագիր՝ Արցախի մի շարք համայնքներում արևային ջրատաքացուցիչների տեղադրման նպատակով:

Արցախում «Շտիգեն» ՍՊԸ ընկերության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ ծրագիրն իրականացվում է Հայ օգնության միության և Արցախի կառավարության հետ համատեղ: Այս ուղղությամբ քննարկումներ են ունեցել նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հետ:

«Ծրագրի պատվիրատուն ՀՕՄ-ն է, իսկ Արցախի Կառավարությունը սուբսիդավորելու է անհրաժեշտ գումարի 50%-ը»:

Ա. Խաչատրյանի խոսքով՝ ծրագիրը մեկնարկելու է Մարտունու շրջանի Ննգի համայնքից, որտեղ էլ կատարվել են առաջին չափագրումները:

Հայ օգնության միության Արցախի միավորի վարչության ատենապետ Լիլիթ Մարտիրոսյանը նշեց, որ ծրագրին առաջին փուլում շահառու են դարձել 98 ընտանիքներ, իսկ ծրագրի մեկնարկը տրվելու է Մարտունու շրջանի Ննգի, Կաղարծի, Պառավաթումբ, Կոլխոզաշեն չգազաֆիկացված համայնքներում:

«Գազաֆիկացված համայնքներում պայմանագիրը կնքվելու է Միայն ՀՕՄ-ի և «Շտիգեն» ՍՊԸ ընկերության միջև: Ծրագրի շահառու են հանդիսացել զոհված, հաշմանդամություն ունեցող անձանց և բազմազավակ ընտանիքները»,- նշել է Լ. Մարտիրոսյանը:

Լ. Մարտիրոսյանի խոսքով՝ շահառուներին ընտրել են ՀՕՄ-ի Արցախի միավորն ու ՀՅԴ Արցախի ԿԿ-ն:

«Ցուցակները տրամադրել է ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը, իսկ ՀՅԴ Արցախի կառույցի հետ ստուգվել են այդ ցուցակները, տեղում ծանոթացել ընտանիքների խնդիրներին, վերջնականորեն համաձայնեցրել, և հաջորդ շաբաթ կսկսվեն տեղադրման աշխատանքները»,-ասել է Լ. Մարտիրոսյանը:

1