Արցախում մեկնարկել է ՀՕՄ-ի արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիրը

Հաշվի առնելով այս տարվա մարտ ամսին Արցախում ստեղծված էներգետիկ ճգնաժամը, Ադրբեջանի կողմից պարբերաբար գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները՝ Հայ օգնության միությունն Արցախում նախաձեռնել է արևային ջրատաքացման սարքերի տեղադրման ծրագիրը: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրսյանը:
ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությունը ապրիլին Արցախ կատարած այցի ընթացքում Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի աջակցությամբ համաձայնություն է ձեռք բերել Արցախի կառավարության հետ՝ համահավասար ներդրում կատարել ծրագրի իրականացման համար:
«Ծրագրի նպատակն է՝ ապահովել արցախահայության կյանքի բնականոն
ընթացքը հայրենի հողի վրա:
Ծրագրի իրագործման համար 100 000 ԱՄՆ դոլար նվիրատվություն է կատարել ՀՕՄ-ի Կանադայի շրջանային վարչությունը»,- մանրամասնում է Լ. Մարտիրոսյանը:
Սկզբնական փուլում ծրագրի շահառու են հանդիսանում զոհված, հաշմանդամություն ունեցող անձանց և բազմազավակ ընտանիքները, որոնց ընտրության հարցում համագործակցել են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հետ։
ՀՅԴ Արցախի կառույցի և ՀՕՄ-ի Արցախի միավորի կողմից ստեղծված աշխատանքային հանձնախմբի հետ համապատասխան աշխատանքներ են տարել համայնքների ղեկավարների հետ, տեղում ծանոթացել ընտանիքների սոցիալական խնդիրներին:
Չգազաֆիկացված համայնքներում Արցախի կառավարությունը սուբսիդավորելու է անհրաժեշտ գումարի 50%-ը, իսկ գազաֆիկացված համայնքներում ՀՕՄ-ը հոգալու է ջրատաքացուցիչների տեղադրման ողջ ծախսը:
Լ. Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ համապատասխան պայմանագրերը կնքվել են ԱՀ կառավարության, ՀՕՄ-ի Արցախի միավորի, մատակարար «Շտիգեն» ընկերության և ծրագրի շահառուների միջև։
Ծրագրի առաջին փուլի շահառու են դարձել 98 ընտանիքներ, իսկ ծրագրի մեկնարկը տրվել է Մարտունու շրջանի Ննգի, Կաղարծի, Պառավաթումբ չգազաֆիկացված համայնքներից:
«Շտիգեն» ընկերության Արցախի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ արդեն ավարտել են ԱՀ Մարտունու շրջանի Կաղարծի և Պառավաթումբ համայնքներում նախատեսված ջրատաքացուցիչների տեղադրումը, այժմ աշխատանքներ են ընթանում Ննգի համայնքում: «Շտիգեն» ընկերության ներկայացուցիչը նշում է, որ մինչև տարեվերջ նախատեսված է ավարտել 100 արևային սարքերի տեղադրումը:
Տաթևիկ Աղաջանյան