Արցախում կայացած ընտրությունները մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և խաղաղ գործընթացի առումով էական նշանակություն ունեին
Գլխավոր » Լրահոս » Արցախում կայացած ընտրությունները մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և խաղաղ գործընթացի առումով էական նշանակություն ունեին

Արցախում կայացած ընտրությունները մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և խաղաղ գործընթացի առումով էական նշանակություն ունեին

Արցախում կայացած ընտրություններն էական նշանակություն ունեին՝ մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և խաղաղ գործընթացի առումով: Այս մասին ապրիլի 15-ին ՀՀ Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝  պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին:

«Ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդն իր մանդատը տվեց նորընտիր իշխանություններին՝ շարունակելու ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը և ներկայացնել Արցախի ժողովրդին խաղաղ գործընթացում: Միջազգային արձագանքների առումով մեզ համար առաջնահերթ նշանակություն ունեն այն հայտարարությունները, որոնք արվել են խաղաղ գործընթացին առնչություն ունեցող մարմինների կողմից: Առաջին հերթին ես ի նկատի ունեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և համանախագահող երկրները: Այդ առումով շատ կարևոր էր նրանց հայտարարության մեջ դրված այն շեշտադրումը, որն ընդգծում էր Արցախում ապրող մարդկանց դերն իրենց ապագան որոշելու և Արցախի իշխանությունների կողմից հանրային կյանքը կազմակերպելու անհրաժեշտությունը»,- մասնավորապես ասել է Զ. Մնացականյանը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ Հայաստանի իշխանությունները Արցախի ժողովրդից նրան համաշխարհային գործընթացում ներկայացնելու մանդատ չունեն։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները եղել և մնում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորներ և կշարունակեն կառուցողական մասնակցությունը խաղաղ գործընթացում, սակայն գործընթացը շոշափում է հարցեր, որոնք ունեն կենսական նշանակություն Արցախի ժողովրդի համար, և նա նորընտիր իշխանություններին տված իր մանդատի միջոցով ցույց է տալիս իր մոտեցումները և դիրքորոշումը այդ հարցում։

1