Արցախում կառուցվող առանձնատների և բնակարանների մասին
Գլխավոր » Լրահոս » Արցախում կառուցվող առանձնատների և բնակարանների մասին

Արցախում կառուցվող առանձնատների և բնակարանների մասին

Արցախում ընթացող բնակարանաշինական ծրագրերի մասին ամփոփ տեղեկատվություն փոխանցելու համար «Ապառաժ»-ը հարցազրույց է ունեցել ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Գասպարյանի հետ, այնուհետև այցելել մի շարք շինհրապարակներ:

Ավելի քան 3600 առանձնատան և  բնակարանի շինարարական աշխատանքներ են ընթանում

44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո Արցախում մեծ թափով սկսվել ու մինչև հիմա շարունակվում են բնակարանաշինական աշխատանքները: Այս պահին թվով 3636 առանձնատան և բնակարանի շինարարական աշխատանքներ են ընթանում: Դրանցից 1406-ը կառուցվում է ԱՀ պետական բյուջեի, 1047-ը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, 991-ը՝ մասնավոր կազմակերպությունների միջոցներով, իսկ 192-ը՝ բարեգործական ծրագրերով: «Ապառաժ»-ի հետ զրույցում այս տվյալներն է ներկայացնում ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Գասպարյանը:

«Մասնավոր շինարարական կազմակերպությունների կողմից դեռևս նախքան պատերազմն սկսված շենքերի բնակարանների շինարարարական աշխատանքները «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ ավարտին են հասցվել ու տրամադրվել են տեղահանված, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին, սոցիալական այլ խմբերի պատկանող քաղաքացիներին»,- նշել է Ա. Գասպարյանը: Նրա խոսքով՝ անցած տարվա ընթացքում մոտ 300 ընտանիքների նոր բնակարաններ են հատկացվել:

Քաղաքացիներին կացարաններով ապահովելու համար նաև վերակառուցվել, վերափոխվել են որոշ շինություններ՝ դրանք հարմարեցնելով բնակության համար: Ստեփանակերտի «Արցախ» թաղամասի շենքերից մեկի տանիքը ձևափոխվել է մանսարդային հարկի և կառուցվել 9 բնակարան: Ստեփանակերտի նախկին 6-րդ դպրոցի շենքը նույնպես վերակառուցվել է. 16 բնակարաններից բաղկացած առաջին մասնաշենքն արդեն հանձնվել է շահագործման։  14 բնակարաններից բաղկացած երկրորդ մասնաշենքում ներկայումս ընթանում են ներքին հարդարման վերջնական աշխատանքներ։ Այնուհետև կիրականացվեն նաև բակային տարածքի բարեկարգման  և ասֆալտապատման աշխատանքները։ Կառուցապատումն իրականացնում է «Շին-Վեր Պլյուս» ՍՊԸ-ն։  Ֆինանսավորումը կատարում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Կաղարծի համայնքում դպրոցի հին շենքը վերակառուցվել է և 14 բնակարանները տրամադրվել են բնակիչներին:

Շրջաններում նոր թաղամասերը կառուցվում են գոյություն ունեցող բնակավայրերին կից՝ կոմունիկացիաների, ճանապարհների հարցը հեշտությամբ լուծելու համար:

«Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի հարակից տարածքում 6 մասնաշենքից կազմված թաղամաս է կառուցվելու, որից 3 մասնաշենքի աշխատանքներն արդեն սկսված են: Կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, «Պանտ» և «Կապավոր» ՍՊԸ-ների կողմից: 3 մասնաշենքերից մեկը 9, երկուսը 12 հարկանի շենքեր են լինելու՝ 218 բնակարանով: Նախատեսվում է կառուցապատման աշխատանքները շարունակել նախկին լողավազանի ու դրան հարակից տարածքով՝ կառուցելով 3 շենք»,- տեղեկացրել է Արամ Գասպարյանը: Մարտունի 45 հասցեում վնասված շենքի տեղում կառուցվում է նոր 6 հարկանի շենք: Այն նախատեսված է այդ շենքի բնակիչների և մոտակայքի վթարային շենքերի բնակիչների համար: Աշխատանքներն իրականացնում է «Հաբանդ» ՍՊԸ-ն՝ ԱՀ բյուջեի միջոցներով: Աջափնյակ թաղամասում սկսվել են 15 չորս հարկանի շենքերի (240 բնակարան) կառուցման աշխատանքները. աշխատանքներն իրականացնում է «Մեչտա» արտադրական կոոպերատիվը:  Պլանավորված է Աջափնյակում ևս մեկ թաղամաս կառուցել՝ 192 բնակարանով:

Բնակարանների, առանձնատների կառուցման աշխատանքների մի ստվար մասն ընթանում է Ասկերանի շրջանում: «Իվանյան համայնքի տարածքում կառուցվում է երեք թաղամաս. առաջինը երեքհարկանի 15 շենքերից է կազմված՝ 180 բնակարանով: Թաղամասի 11 շենքերը (132 բնակարան) նախատեսում ենք շահագործման հանձնել մինչև ընթացիկ տարվա վերջ: Կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Սկսվել են նաև արտաքին կոմունիկացիաների կառուցման աշխատանքները: Այդ թաղամասը կառուցում են 8 շինարարական կազմակերպություններ: Պլանավորվում է 15 շենքից բացի՝ ևս 9 շենք կառուցել: Դրանց մի մասի տենդեր մրցույթները հայտարարված են, մոտակա ժամանակներում թաղամասը կընդլայնվի ու կսկսվեն աշխատանքները»,- ասել է փոխնախարարը:

Բացի դրանից, Իվանյան համայնքի տարածքում կառուցվում է 107 տներից բաղկացած երկրորդ թաղամասը, որից 86-ը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, 21-ը՝ ԱՀ բյուջեի: Այստեղ 13 շինարարական կազմակերպություններ են աշխատում: Նորագյուղ տանող ճանապարհի մոտ Իվանյան համայնքի երրորդ թաղամասն է կառուցվում: 53 առանձնատներից 25-ը Արցախի պետական բյուջեի միջոցներով են կառուցվում, մյուսները՝ մասնավոր կազմակերպությունների կողմից:

«Հովսեփավան համայնքում երկու թաղամաս է կառուցվում՝ 92 և 59 առանձնատներով: 92 տները կառուցվում են բարեգործական ծրագրով (կառուցման աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն), իսկ 59-ից 27-ը՝ Արցախի բյուջեի, 32-ը՝ «Հայաստան» հիմնադրամի միջոցներով: Հովսեփավանի գործող դպրոցը կվերակառուցվի որպես մանկապարտեզ և համայնքի համար նոր դպրոց կկառուցվի»,- նշել է մեր զրուցակիցը:

Նոր թաղամասեր են կառուցվում Ասկերանի շրջանի Նորագյուղ, Աստղաշեն համայնքներում: Աստղաշենի 149 առանձնատներից բաղկացած թաղամասը, ինչպես նաև Նորագյուղի 145 և 250 առանձնատներով թաղամասերի շինարարությունը ԱՀ բյուջեի միջոցներով «Կապավոր» ՍՊԸ-ն է իրականացնում:

Խնածախում 160 առանձնատներով նոր թաղամաս է կառուցվում ԱՀ բյուջեի միջոցներով, «Միքշին» ՍՊԸ-ի կողմից: Կարմիր գյուղում նոր թաղամաս է կառուցվում (64 առանձնատուն): Քռասնի համայնքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով 12 երեք հարկանի շենք է կառուցվում՝ թեթև հավաքովի կոնստրուկցիաներով:

Ճարտար համայնքում նախքան պատերազմն սկսված 9 բնակարանից բաղկացած շենքը պետական բյուջեի միջոցներով ավարտին է հասցվում, մոտակա ժամանակներում կսկսվեն արտաքին կոմունիկացիաների կառուցման աշխատանքները:

Դահրավ համայնքում Հ1-ի հավաքագրած միջոցներով իրականացվում է «100 տուն» ծրագիրը: ԱՀ պետական բյուջեի միջոցներով այստեղ կատարվում են հողային աշխատանքներ. կառուցվում են տների հիմքերը, հենապատերը, ճանապարհները: Նախատեսվող 100 տներից 9-ի աշխատանքներն ավարտման փուլում են, ևս 6-ի հիմքերը դրվել են:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Արամ Գասպարյանը տեղեկացրել է, որ կան մշակված ծրագրեր, որոնց աշխատանքները դեռևս չեն սկսվել: Այս տարվա ծրագրում նախատեսված է Խաչմաչում 32 առանձնատներից բաղկացած թաղամասի կառուցում, Կարմիր շուկայում նոր թաղամասի կառուցում: Առաջիկա տարիներին նախատեսված են՝ 139 առանձնատուն Խնածախում,  198-ը՝ Այգեստանում, 28-ը՝ Պատարայում, 50-ը՝ Պառավաթումբում, 129-ը՝ Վարանդայում, 57-ը՝ Մսմնայում, 80-ը՝ Ականաբերդում: Բոլոր թաղամասերի գլխավոր հատակագծերն արդեն մշակված են:

Գյուղական բնակավայրերում կառուցվող առանձնատներն ունեն մոտ 1200 քառ. մետր կից հողամաս: Արամ Գասպարյանը նաև ավելացրել է, որ նախատեսված է առաջին փուլով առանձնատները և բնակարանները հանձնել բնակիչներին, իսկ երկրորդ փուլով տարածքների բարեկարգման, ասֆալտապատման, կանաչապատման, խաղահրապարակների, ցանկապատների, մայթերի կառուցման աշխատանքները շարունակել:

Անդրադառնալով շինարարական աշխատանքների վերահսկողության մասին հարցին, Արամ Գասպարյանը նշել է, որ վերահսկողությունն իրականացվում է պարբերաբար՝ նախարարության տեխնիկական հսկիչների, նախագծերի հեղինակների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնագետների և քաղաքաշինության պետական տեսչության մասնագետների կողմից:  «Բացի դրանից, նախարարության պատվերով ՀՀ-ից երկու անգամ Քաղաքաշինության կոմիտեին առընթեր գործող քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնի մասնագետներն այցելել են շինհրապարակներ, ստուգել բետոնի որակը, ամրանների համապատասխանությունը նախագծին և դրական եզրակացություն են ներկայացրել: Նախատեսում ենք վերոնշյալ կենտրոնի մասնագետներին պարբերաբար հրավիրել»,- նշել է նախարարի տեղակալը:

Արամ Գասպարյանից նաև հետաքրքվեցինք, թե ինչով են պայմանավորված տարբեր շինհրապարակներում օգտագործվող շինանյութերի տարբերությունները, և արդյո՞ք այդ հանգամանքն անարդարացի չէ ապագա շահառուների համար: Նա նշել է, որ բոլոր նախագծերը փորձաքննության են ենթարկվել և համապատասխանում են տարածաշրջանում գործող շինարարական նորմերին: Բացի դրանից, բոլոր նախագծերն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները:

Տաթևիկ Աղաջանյան

Շարունակելի

1