Արցախում իրականացվող մշակութային եղեռնը չի արժանանում միջազգային գնահատանքի. Ս․Շահվերդյան
Գլխավոր » Լրահոս » Արցախում իրականացվող մշակութային եղեռնը չի արժանանում միջազգային գնահատանքի. Ս․Շահվերդյան

Արցախում իրականացվող մշակութային եղեռնը չի արժանանում միջազգային գնահատանքի. Ս․Շահվերդյան

«Ես շատ լավ հիշում եմ այն օրերը, երբ սրտատրոփ ստասում էինք, թե երբ տեղի կունենա Շուշիի ազատագրումը։ Ու Շուշիի ազատագրումն արցախցիների եւ ամբողջ հայ ժողովրդի համար խորհրդանշում էր ոտքի կանգնելու, մեջքը ուղղելու հնարավորություն։ Շուշիի ազատագրումը մեզ բոլորիս համար չանցնող մի մեծ արժեք է՝ անկախ նրանից Շուշին այսօր մեր տիրապետության տակ է, թե ոչ։ ժամանակները փոխվում են, մենք կունենանք դեռ հնարավորություն՝ վերադառնալու Շուշի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան շարժման ակտիվիստ, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար, «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը։

«Ադրբեջանական վարչախումբն ամեն օր, ամեն վայրկյան ոչնչացնում է հայկական ժառանգությունը։ Այսօր ամենամեծ թիրախում հայտնվել է Ստեփանակերտը՝ Արցախի մայրաքաղաքը, որը շատ արագ տեմպերով ոչնչացվում է։ Ոչնչացվում է նաեւ այն մշակութային ժառանգությունը, որը կար ու թողնվել էր Ստեփանակերտում։ Խոսքը մոնումենտալ արվեստի հուշարձանների մասին է, պատմության եւ մշակույթի հուշարձանների մասին է»,- ասաց նա։

Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ կան բազմաթիվ փաստեր, որ Արցախում զանգվածաբար ոչնչացվում են նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի հիշատակին կառուցված համալիրները, արձանները, որոնք եղել են Արցախի բոլոր գյուղերում։ Այս փաստերը հրապարակվում են, սակայն, Շահվերդյանի խոսքով, չեն արժանանում թե միջազգային հանրության, թե ՌԴ գնահատականներին։ «Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը, համապատասխան միջազգային կառույցները, այդ թվում՝ Հայաստանում գործող կազմակերպություններն իրենց դիրքորոշումներն այդ հարցերի շուրջ պետք է արտահայտեն։ Նաեւ շատ կարեւոր է, որ ՀՀ իշխանություններն իրենց օրակարգ վերադարձնեն հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրներն Արցախում»,- հավելեց նա։

1