ՀՕՄ-ի՝ Արցախում իրականացրած ծրագրերի մասին
Գլխավոր » Լրահոս » ՀՕՄ-ի՝ Արցախում իրականացրած ծրագրերի մասին

ՀՕՄ-ի՝ Արցախում իրականացրած ծրագրերի մասին

Լիլիթ Մարտիրոսյան

Հուլիսի 2-ին Ստեփանակերտում կայացել է Հայ օգնության միության Արցախի մեկուսի մասնաճյուղի 18-րդ տարեկան ընդհանուր անդամակցական ժողովը։ Արցախի շրջափակման ու տարբեր խնդիրների առկայության պարագայում հրավիրված ժողովը քննել է միավորի վարչության 21-ամսյա գործունեությունը, նախանշել առաջիկա գործունեության հիմնական ուղղությունները։ Ժողովին առցանց մասնակցում էր ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամ ընկ. Համեստ Պեոճեքյանը։ Հաշվետու ժողովին ներկա էր ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ ընկ. Ալյոնա Գրիգորյանը։

Ժողովի վերջում ընտրվել է ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչության նոր կազմ` Լիլիթ Մարտիրոսյան, Մելանյա Բալայան, Տաթևիկ Հովհաննիսյան, Իրինա Գրիգորյան, Անահիտ Գասպարյան։

 «Ապառաժ»-ը ՀՕՄ-ի Արցախի միավորի գործունեության ու կատարած աշխատանքների մասին զրուցել է ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի վարչության ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանի հետ: Նրա խոսքով՝ շրջափակման պայմաններում շատ դժվար էր նույնիսկ անդամակցական ժողովի կայացումն ապահովել, քանի որ վառելիքի սղության պատճառով մի շարք բնակավայրերի ընկերուհիներ չեն կարողացել հասնել Ստեփանակերտ, իսկ ԿՎ անդամ Համեստ Պեոճեքյանը ժողովին առցանց է մասնակցել:

Լիլիթ Մարտիրոսյանը նշել է, որ ՀՕՄ-ի Արցախի միավորը՝ որպես Արցախում գրանցված և գործող բարեսիրական-հասարակական կազմակերպություն, պետական կառույցների կողմից ճանաչված է և համագործակցում է ԱՀ կառավարության, տարբեր նախարարությունների, պետական ու հասարակական կազմակերպությունների հետ։ «ՀՕՄ-ի Արցախի Միավորը որպես ուղեկից  կազմակերպություն համագործակցել է ՀՅԴ Արցախի կառույցի հետ, ինչի արդյունքում կազմակերպվել են համատեղ միջոցառումներ, վարչությունը ստացել է փոխադարձ գործակցություն ու օժանդակություն»,- ասել է ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհին՝ ավելացնելով, որ մի շարք ծրագրեր են իրականացրել նաև ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հետ:

Լ․ Մարտիրոսյանի խոսքով՝ հաշվետու ժամանակաշրջանում ՀՕՄ-ը Արցախում շարունակել է իրականացնել կրթության ոլորտի զարգացմանը միտված իր մնայուն ծրագրերը: «2021-2022 ուսումնական տարվա համար ՀՕՄ-ի կրթաթոշակին արժանացել է Մարտունու քաղաքի բնակչուհի, Երևանի պետական համալսարանի «Եվրոպական լեզուներ և հաղորդակցություն» ֆակուլտետի ուսանողուհի Անի Մկրտչյանը: 2022-2023 ուսումնական տարվա համար Կենտրոնական վարչության գնահատանքին են ներկայացվել երկու ուսանողների դիմումնագրեր՝ Արցախի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղից Պավել Ավագիմյանին և նույն շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղից Սոսե Մարգարյանին, ընդ որում՝  երկու ուսանողներն էլ բարձր առաջադիմությամբ սովորում են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական համալսարանում»։  

ՀՕՄ-ը Արցախում իրականացնում է նաև «Ուսանող» ծրագիրը։ ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության մտահղացումով 2020-2022 ուսումնական տարվա համար ծրագրի շահառուներն Արցախի բոլոր համալսարանների 105  ուսանողներ էին, ովքեր մասնակցել են Արցախի 44-օրյա պատերազմին:  Արցախի պետական, «Մեսրոպ Մաշտոց»  «Գրիգոր Նարեկացի», ինչպես նաև Շուշիի Տեխնոլոգիական համալսարանների որոշ ուսանողներ 100-ական ԱՄՆ դոլար դրամական պարգև են ստացել:

Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում գործող  ՀՕՄ-ի 8 «Սոսե» մանկապարտեզներից 4-ը՝ Մեծ Թաղերի, Շուշիի, Տողի և Քարեգահի մանկապարտեզները, գտնվում են թշնամու կողմից օկուպացված տարածքներում: Ներկայումս գործում են ՀՕՄ-ի 4՝ Ստեփանակերտի, Խնձրիստանի, Աշանի և Ակնաբերդի «Սոսե»  մանկապարտեզները: «Պատերազմում կրած մեծ կորուստներով հանդերձ՝ «Սոսե» մանկապարտեզները շարունակում են գործել  ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության և աշխարհասփյուռ հօմուհիների հոծ բանակի, ինչպես նաև իրենց աշխատանքին ու առաքելությանը նվիրված ընկերուհիների, աշխատակիցների շնորհիվ»,- ասում է ատենապետուհին:

ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհին հակիրճ խոսել է իրականացված այլ ծրագրերի մասին ևս։ 2021 թվականի դեկտեմբերին ՀՕՄ-ի Կանադայի միավորի հանգանակած գումարով հակառակորդի անմիջական ազդեցության տակ գտնվող Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Շուշիի շրջանների 22 համայնքների 1190 երեխաներ ստացել են 20 ԱՄՆ դոլարին համարժեք ամանորյա նվերներ  և 581 ընտանիք՝ 20-ական ԱՄՆ դոլար  դրամական նվեր: Ծրագիրն իրականացվել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի  և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ: 

Արցախի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո «Նահատակված հերոսների զավակներ» ծրագրի շրջանակներում հավաքագրվել է Արցախից 662 երեխայի մասին տեղեկություն: 2021-2023թթ․ ծրագրի շրջանակներում փոխանցվել է 411  երեխայի  գումար:

 2022 թվականի օգոստոսի 3-ին ԱՀ Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի  դպրոցականների համար ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչությունը դպրոցի տնօրենության հետ համատեղ  50 երեխայի համար կազմակերպել  է  մեկօրյա  հանգստի ծրագիր։

«2023 թվականի փետրվարի 6-ին Սիրիայում տեղի ունեցած ահավոր երկրաշարժի հետևանքով առաջացած մարտահրավերներին դիմակայող մեր հայրենակիցներին օժանդակելու համար արձագանքելով ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության կոչին՝ ՀՕՄ-ի Արցախի միավորը ԱՀ Կառավարության հետ համագործակցությամբ կազմակերպել է դրամահավաք, որին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել պետական կառույցների աշխատակիցները, ՀՅԴ Արցախի կառույցը, ՀՕՄ-ի ընկերուհիները,  աշխատակիցները, մանկապարտեզների սանիկների ծնողները, Արցախի տարբեր համայքների բնակիչներ»,- տեղեկացրել է Լ․ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ Սիրիայի հայ համայնքը բարձր է գնահատել այս դժվարին վիճակում Արցախից իրենց հասած օժանդակությունը:

 2022 թվականին  /սեպտեմբեր-դեկտեմբեր/  ՀՕՄ-ի «Թիկունք կանգնենք արցախահայ ընտանիքին» ծրագրի շրջանակներում աջակցություն  է տրամադրվել  Քաշաթաղի շրջանից 2022թ. օգոստոս ամսին հարկադրաբար տեղահանված Աղավնո գյուղի այն 6  ընտանիքներին (թվով 21 շունչ), ովքեր  բնակություն են հաստատել Արցախի  տարբեր բնակավայրերում: ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության, ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչության և ՀՅԴ Արցախի  ԿԿ-ի որոշմամբ չորս ամիս շարունակ, ըստ ընտանիքների շնչերի,   /յուրաքանչյուրին՝ 40.000  ՀՀ դրամ/ աջակցություն է տրամադրվել Աղավնո գյուղի մեր հայրենակիցներին:

2022 թվականի  սեպտեմբերի 23-ին ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության միջոցով ՀՕՄ-ի ԱՄՆ Արևմտյան շրջանի շրջանային վարչության կողմից նվիրատվությամբ Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված  և հաշմանդամության խումբ ստացած  52  վիրավորների տրամադրվել է 200-ական ԱՄՆ դոլար / 80.000 ՀՀ դրամ/ ֆինանսական աջակցություն: Ծրագիրն իրականացվել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի հարցերի նախարարության և Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությամբ:

Հետպատերազմյան շրջանում Արցախում իրականացված ամենամեծ ծրագրերից է ՀՕՄ-ի «Արևային Արցախ» ծրագիրը, որի նպատակն է ապահովել արցախահայության կյանքի բնականոն ընթացքը հայրենի հողի վրա: ՀՕՄ-ի «Արևային Արցախ» ծրագրի շրջանակում 101  արևային ջրատաքացուցիչներ  տեղադրվեցին  սոցիալապես խոցելի խավերի և Արցախի 44-օրյա պատերազմում նահատակ ունեցած ընտանիքների համար։ Սարքավորումների որոշ դետալների ներմուծման դժվարությունների, տների տանիքների հետ կապված խնդիրների պատճառով որոշ առանձնատներում տեղադրման աշխատանքներն ավարտին չեն հասցվել: Արցախի ՀՅ Դաշնակցության   Ստեփանակերտի «Արթուր  Մկրտչյան» կոմիտեի նախաձեռնությամբ   կազմավորվել է հանձնաժողով՝ ՀՅԴ   կուսակցության ուղեկից  կառույցների,  այդ թվում՝ ՀՕՄ-ի վարչության անդամների հետ։ Հանձնախումբը ապրիլի 7-ին Ստեփանակերտում կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մայրության և գեղեցկության, Սուրբ Աստվածածնի Ավետման տոն օրվան: Միջոցառմանը մասնակցում էին Արցախյան պատերազմներում նահատակված ՀՅԴ և ուղեկից կառույցների անդամների կանայք, մայրեր, ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչներ և ՀՕՄ-ի Արցախի միավորի անդամներ: Հանձնախմբի հաջորդ ձեռնարկը նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին: Հայոց պետականության վերականգման՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 105 ամյակի առթիվ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ և ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի վարչության աջակցությամբ Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում մայիսի 29-ին կազմակերպվել է տոնական միջոցառում, որտեղ երկու համարներով հանդես են եկել նաև ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի սաները: Ծրագրերը  ֆինանսավորվել են ՀՕՄ-ի ԱՄՆ Արևմտյան շրջանի Շրջանային վարչության կողմից: 

«1992 թվականին մուտք գործելով Արցախ՝ ՀՕՄ-ն իր հետևողական, համառ աշխատանքով իրականացրել է բարեսիրական, հասարակական ու մարդասիրական մի շարք  ծրագրեր և նպաստել կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ու տնտեսական այլ ոլորտների զարգացմանը: ՀՕՄ-ն իր կամավոր անդամուհիներով 44-օրյա պատերազմի օրերին և դրան հաջորդած տարիներին անգնահատելի ծառայություններ է մատուցել հայրենիքին, թիկունք կանգնել մեր հայրենակիցներին, սատարել զոհված ազատամարտիկների ընտանիքներին, վիրավորներին, տեղահանվածներին,  սահմանում կանգնած հայ զինվորին և առ այսօր էլ աջակցում է արցախցուն՝ թշնամու կողմից շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման գործում: Վստահ ենք,  որ Հայ օգնության միությունը հավատով և նվիրումով կշարունակի իր առաքելությունը՝ հավատարիմ մնալով ՀՕՄ-ի կարգախոսին՝«Ժողովրդիս հետ, ժողովրդիս  համար»,- հավելել է ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհին։

Տաթևիկ Աղաջանյան

1